211652_close_icon
views-count9170 դիտում article-date 14:41 25-10-2017

Լատվիայի ազգային գրադարանում բացվել է Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդես. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 24-ին Լատվիայի ազգային գրադարանում տեղի ունեցավ Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը նախաձեռնել և կազմակերպել էին Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) և Լատվիայի ազգային գրադարանը: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է նաև ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոսությունը: Միջոցառման բացմանը ներկա էին Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահը, պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ, հոգևորականներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթով հանդես եկավ Լատվիայի ազգային գրադարանի տնօրեն Անդրիս Վիլկսը, ով նշեց, որ մեծ կարևորություն է տալիս Ռիգայում նման միջոցառման անցկացմանը, քանի որ լատվիական հասարակությունը բացառիկ հնարավորություն է ստանում օտար քարտեզագրական աղբյուրների միջոցով ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը: Ազգային գրադարանի տնօրենը նաև շեշտեց, որ մեծապես կարևորում է Լատվիայի ազգային գրադարանի համագործակցության խորացումը Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարանի հետ: Բացմանը ելույթ ունեցավ նաև Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով նշեց, որ «այս 51 քարտեզները ցույց են տալիս, թե ինչպես է Հայաստանն ընկալվել օտարերկրացիների կողմից 26 դար շարունակ: Դրանք արտացոլում են մեր պատմության փառահեղ, ինչպես նաև ողբերգական էջերը»: Նա տեղեկացրեց նաև, որ այդ ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացված է հին հունական, հռոմեական, պարթևական, արաբական, օսմանյան, եվրոպական քարտեզագիրների կողմից, դրական արձագանք է ստացել մի շարք այլ մայրաքաղաքներում: Ցուցահանդեսին դասախոսությամբ հանդես եկավ քարտեզները կազմող և հրատարակող Ռուբեն Գալիչյանը, ով ներկայացրեց պարսից Դարեհ Մեծն արքայի Բեհիսթունյան սեպագիր արձանագրությունները, ուր Հայաստանը, որպես հարևան երկիր նշվում է բազմիցս, ապա՝ մ.թ.ա վեցերորդ դարի, Բրիտանական թանգարանում պահվող հնագույն Աշխարհացույցը, որի կենտրոնում առկա են երեք երկիր՝ Ասորեստանը, Բաբելոնը և Հայաստանը, պատմագիտության հիմնադիր Հերոդոտոսի, աշխարհագրության հիմնադիր Ստրաբոնի և այլ հնագույն աշխարհագրագետների քարտեզներ, որոնց բոլորում առկա է Հայաստանը: Հերթականությամբ ցուցադրվեցին միջնադարյան, իսլամական և քրիստոնեական քարտեզներ: Այնուհետև Օսմանյան Թուրքիայում 1894-96թթ. կոտորածների և 1915թ. Ցեղասպանությանը վերաբերող քարտեզներն էին՝ հասնելով մինչև Հայաստանի Առաջին հանրապետության, ինչպես նաև խորհրդայնացման քարտեզները: Քարտեզների այս շարքն ավարտվում էր Հայաստանի և Արցախի ներկա քարտեզներով: Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես եկավ Գերմանիայից հրավիրված էթնո-ջազային «Ագվաս» տրիոն, որը հայկական ժողովրդական երաժշտությունը կատարեց ջազային մեկնաբանությամբ: Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը հաջորդեց ընդունելությունը: Ցուցահանդեսը, որն անց է կացվում Սիլտում-էլեկտրոպրոյեկտ ընկերության (հայ բարերար Մխիթար Մխիթարյանի) աջակցությամբ, բաց է լինելու մինչև նոյեմբերի 26-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր