Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի օրակարգում միասնական մեխանիզմների ներդրման օրակարգային հարցեր են

ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի 
օրակարգում միասնական մեխանիզմների ներդրման օրակարգային հարցեր են

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 24-րդ նիստը: Նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները:

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը իր ելույթում  գնահատեց գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը. «Մաքսային ծառայությունների համատեղ ջանքերով կարող ենք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանն ու պայմաններ ստեղծել կայուն զարգացման համար՝ հանուն անդամ երկրների բնակչության բարեկեցության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Հարությունյանը:

Վարդան Հարությունյանը կարևորեց ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև ձևավորված փոխըմբռնման ու համագործակցության բարձր մակարդակը, ինչը թույլ է տալիս ավելի օպերատիվ արձագանքել և արդյունավետ ու փոխընդունելի լուծում տալ ծագող խնդիրներին. «Գաղտնիք  չէ, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք ծառայում են մեր երկրների առևտրատնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը: Համոզված եմ, որ այսօրվա քննարկման ընթացքում կկարողանանք գործակցությունը դյուրացնող հարցերի լուծման հասնել, ինչպես նաև մեր արտաքին տնտեսավարողների համար պարզեցնել մաքսային ընթացակարգերը»,- ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

Նիստի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, կհստակեցվեն գործունեության առանձին ուղղությունները, կամփոփվի  նախորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը և կնախանշվեն 2018 թվականի անելիքները:

Մասնավորապես քննարկվելու են ներմուծվող ապրանքների՝ մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը բացթողման դեպքում մաքսային ապահովումների վճարի հստակեցման, մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգման ոլորտում փորձի արդյունավետության և միասնական մեխանիզմների ներդրման հարցերը: Անդրադարձ կլինի  ԵԱՏՄ սահմաններին իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տվյալների պարբերական փոխանակման, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումներում հերթական փոփոխությունների, ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքով տարանցիկ փոխադրվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառույթների հետ կապված խնդիրներին:

Անդրադարձ կկատարվի  նաև ԵԱՏՄ մաքսային սահմաններով մաքսանենգ ապրանքների տեղափոխման ուղիների, մաքսային գործում հանցավորության կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված օպերատիվ տեղեկատվության փոխանակման, ԵԱՏՄ մաքսային մարմինների միջև վարչական իրավախախտումների և դրանց վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կարգին:

Հստակեցվելու  են միջազգային ճանապարհային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների՝ ժամանակավոր ընթացակարգով ձևակերպման, փոխադրողներին ներկայացվող պահանջների և անհրաժեշտ փաստաթղթերի միասնականացման հարցերը:

Նիստի օրակարգում է նաև հաջորդ հանդիպումը Ղրղզստանի Հանրապետությունում անցկացնելու հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]