«Այս ամենը Դավիթ Սանասարյանով չի սահմանափակվելու, այստեղ տարբեր շահեր են լինելու». Արա Պապյան

Բավականին ժամանակ Դավիթ Սանասարյանին ճանաչում եմ և պետք է ասեմ, որ իշխանության մեջ գտնվող մարդկանցից ամենաշատն իրեն եմ վստահում և կվստահեի։ Այդ մարդու տեսակը և անցյալը չպետք է անտեսել, սա շատ կարևոր հարց է։ Այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործն ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ, և ընդհանրապես ի՞նչ կարծիքի է այդ գործի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ այս գործում հետաքրքրականն այն է, որ հնչող մեղադրանքները ոչ թե վերագրվում են Դավիթ Սանասարյանին, որ նա է կաշառք վերցրել, այլ, որ նա իմացել է իր ենթակաների չարաշահումների մասին և բավարար չափով չի խոչընդոտել։

Ըստ քաղաքագետի՝ նման մեղադրանք կարելի էր առաջ քաշել մի երկրում, որտեղ բոլոր կաշառակեր մարդիկ արդեն ձերբակալված կլինեին, ավելին՝ նման մեղադրանք պետք է առաջադրվեր նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներին, քանի որ հնարավոր չէ լինել նախարար և տեղյակ չլինել, թե իր ղեկավարած համակարգում ինչ կաշառակերություններ են տեղի ունենում։

«Ցանկացած իշխանություն, երբ գալիս է, երբեք միատարր չի լինում, անգամ, եթե միատարր է լինում, առաջանում են ինչ-որ խմբավորումներ։ Քանի որ ՊՎԾ ղեկավարի պաշտոնը բավականին մեծ լծակներ ունեցող պաշտոն է և կարող է տարբեր կառույցներում անցկացնել ստուգումներ, անգամ Պաշտպանության նախարությունում, ԱԱԾ-ում, որը միակ կառույցն է, որտեղ մինչև օրս ստուգումներ չեն անցկացվել, իզուր են կարծում, որ այնտեղ նման բաներ չեն կարող լինել։ Հնարավոր  է, որ տեղի է ունեցել շահերի բախում, մեկի ոտքը «տրորելու» քայլ, և այդ հարցն առաջ է քաշվել։

Մենք դեպքեր ենք ունեցել, երբ ղեկավարն իր ենթակային ծեծել է աշխատասենյակում, ծեծել է մեկ այլ անձի, սրանք բացահայտ խուլիգանական արարքներ են, ո՞րն է պատասխանատվության ենթարկվել։

Հետո մի մոռացեք Դավիթ Սանասարյանի ենթակային բաց թողնելը, երբ որևէ մեկին  տանեն մեկ շաբաթ ԿԳԲ-ի «պադվալներում» պահեն, ինչեր ասեք՝ կարող է գրել»,- հավելեց քաղաքագետը։

Արա Պապյանը նաև նկատեց՝ շատ կցանկանար, որ Հայաստանը լիներ այն երկիրը, որտեղ Դավիթ Սանասարյանին մեղսագրվող արարքները սովորական կլինեին։

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին, Ա. Պապյանը պատասխանեց, որ դա միշտ է տեղի ունենում, քանի որ նույնը եղել է նաև ՀՀՇ-ի հետ, որը հեղափոխությամբ էր իշխանության եկել, իսկ ընթացքում՝ պառակտվել։

«Բնական է, որ այս ամենը Դավիթ Սանասարյանով չի սահմանափակվելու, այստեղ տարբեր շահեր են լինելու՝ անհատական, խմբակային։ Բայց ուզում եմ ասել, որ Դավիթ Սանասարյանն այն մարդկանցից է, որին կարելի է վստահել, գոնե այդ առումով, նրան կարելի է մեղադրել շատ բաներում, օրինակ՝ միամիտ է, միամիտ, ազնիվ տղա է, գուցե սրանից էլ օգտվել են»,- շեշտեց Արա Պապյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս