Միրզոյանը՝ Լեհաստանում․ Բաքվի առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը

Միրզոյանը՝ Լեհաստանում․ Բաքվի առավելապաշտական  հռետորաբանությունը  խաթարում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը

PanARMENIAN.Net - Վարշավայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը:

Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ:

Տոմաշ Գրոձկին պատրաստակամություն է հայտնել` աջակցելու խաղաղության հասնելու ջանքերին։

Զրուցակիցները համակարծիք էին, որ խորհրդարանական ձևաչափով սերտ համագործակցությունը կարևոր դեր ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և բարեկամական կապերը առավել խորացնելու գործում: Այս առումով շեշտվել է տարբեր մակարդակներով ակտիվ փոխայցելությունների և շփումների դինամիկայի պահպանման կարևորությունը:

Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավունքի գերակայության ապահովմանը։ Տոմաշ Գրոձկին նշել է, որ լիովին աջակցում են Հայաստանին՝ ժողովրդավարական առաջընթացի ճանապարհին։

Ավելի վաղ Արարատ Միրզոյանը Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ հանդիպմանը ներկայացրել էր հայկական կողմի ջանքերը՝ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատմանը միտված գործընթացների առաջմղման ուղղությամբ:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել նաև 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, բռնի անհետացածների ճակատագրերի բացահայտման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---