«Դատարանը ցույց տվեց, թե ինչպես չի կարելի իրականացնել արդարադատություն». փաստաբան

«Դատարանը ցույց տվեց, թե ինչպես չի կարելի իրականացնել արդարադատություն»,- 168.amի հետ զրույցում այս մասին նշեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մ. Գրիգորյանի դատական գործընթացին։ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Խոսելով առանց Մանվել Գրիգորյանի նիստն անցկացնելու դատարանի որոշման մասին, Լ. Բաղդասարյանը պարզաբանեց. «Դա միջազգային պահանջն է նաև՝ եթե անձի ճակատագրի հետ կապված գործառույթ է իրականացվում, պարտադիր պայման է, որ անձը մասնակից լինի»։

Առհասարակ կալանքի մասով պաշտպանը պնդեց՝ կալանքի հիմքերը բացակայում են, ապա հիշեցրեց, որ իր պաշտպանյալը մի շարք ծանր հիվանդություններ ունի՝ թոքերի քաղցկեղ, շաքարային դիաբետ և այլն։

«Նման պայմաններում անձին կալանքի տակ պահելը դասական խոշտանգման օրինակ է»,- շեշտեց Բաղդասարյանը։

Փաստաբանը հայտնեց, որ գործի վերաբերյալ առավել մանրամասն կխոսի մայիսի 6-ին տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանն ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաէ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանն ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

ԵԿՄ վարչության նախկին նախագահը ներկայումս բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում:

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս