Բաժիններ՝

Վրաստանը ԵԱՀԿ-ի դերի ակտիվացում է ակնկալում Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորման գործում

Վրաստանը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ավելի մեծ մասնակցություն է ակնկալում վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացքում: Այդ մասին փետրվարի 11-ին Թբիլիսիում հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ կայացած հանդիպումից հետո:

«Վրացական կողմը հույս հայտնեց, որ ԵԱՀԿ-ն ավելի մեծ ուշադրություն կհատկացնի եւ կակտիվացնի իր դերը վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացքում: Հատկապես նշվեցին կազմակերպության՝ որպես (Հարավային Կովկասի անվտանգության հարցերի շուրջ) Ժնեւի բանակցությունների համանախագահի ջանքերը եւ ԵԱՀԿ-ի գործունեությունը՝ ուղղված հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն»,-հայտարարել է Զալկալիանին:

Ժնեւի բանակցությունների համատեքստում ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Լայչակի հետ հանդիպմանը շեշտը դրվել է Վրաստանի տարածքում հակամարտություններից տուժած մարդկանց կյանքի պայմանների վրա, այդ պայմանների բարելավման անհրաժեշտության վրա: Իր հերթին ԵԱՀԿ-ի գործող նախագահը նշել է, որ Դավիթ Զալկալիանիի հետ միասին «քննարկել է այն բանի տարբեր ասպեկտներն ու ուղիները, թե ԵԱՀԿ-ն ինչպես կարող է օգնել եւ աջակցել Վրաստանին»:

Հարավային Կովկասի անվտանգության հարցերի շուրջ Ժնեւի բանակցությունները 2008 թվականի հոկտեմբերից անցկացվում են ԵՄ-ի, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո՝ Վրաստանի, Ռուսաստանի, աբխազական ու հարավօսական կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս