News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների հետ կապված «զիբիլիքսի» գործը կոծկվել է եւ մեղավորները պատասխանատվություն չեն կրել: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստում դիմելով ՀՀ գլխավոր դատախազին նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների խոշոր փաստեր են ներկայացրել, այդ թվում «զիբիլիքսի» գործը, որի վերաբերյալ հաղորդում են ներկայացրել. «Մարդկանց ցուցակներ են եղել, թե ովքեր են փող ստանում, ինչքան են ստանում: Ներկայացվել է ոստիկանության ֆաքսը Տարոն Մարգարյանի շտաբ, որտեղ եղել են անուն ազգանուններ, որոնք պետք է ընտրեն ՀՀԿ-ին: Եղել են փաստեր, թե որտեղ պետք է գնալ, փողն ինչպես բաժանել, ձայներ չապահովելու դեպքում գումարը հետ վերադարձնելու ձեւաթուղթ: Այս քրեական գործը կարճվել է, ու հիմա բողոքը դատարանում է: Փաստորեն գործը կոծկվել է եւ այս մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվել»,-հայտարարեց Մարուքյանը:

Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Զիբիլիքիս գործով ՀՔԾ-ում նախաքննություն է իրականացվել: Առնվազն կոռեկտ չէ կոծկել դեպքի մանրամասները, դա ուղիղ մեղադրանք է: Նախաքննական մարմինն իրականացրել է  նախաքննություն, որքանով դրա վերաբերյալ ունեցել է տվյալներ: Մենք ունենք ապացուցման առարկա եւ սահմաններ: Ձեր ներկայացրած փաստաթղթերի ուղղությամբ իրականացվել է նախաքննություն, այդ ուղղությամբ միջոցառումներ իրականացվել են, բայց քրեաիրավական որակավորում ունեցող որեւէ հանգամանք, որեւէ մեկի կողմից դրա կազմակերպման, որեւէ ձեւով այդ փաստաթղթերի մշակման վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել: Ամենակարեւորը, դուք հնարավորություն եք ունեցել ծանոթանալ նյութերին, բողոքարկել»:

Էդմոն Մարուքյանն էլ խորհուրդ տվեց կարդալ իրենց ներկայացրած բողոքը. «Եվ կտեսնեք, թե ինչպես է նախաքննության մարմինը հարցաքննություններ իրականացրել, ուղղակի ցույց տալու համար, որ ինչ-որ բան ենք անում, իսկ մեղավորներին գտնելու եւ պատասխանատվության ենթարկելու գործողություն չի կատարվել: Սա ակնհայտ է: Այո, ես մեղադրում եմ ձեզ, ձեր գերատեսչությանը, որ մարդիկ զանգվածաբար փող են բաժանել, ընտրակեղծարարությամբ են զբաղվել ու պատասխանատվության չեն ենթարկվել»:

Տպել
Ամենաշատ