Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը նոր հաղթանակ է արձանագրել Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար մղվող պայքարում


Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը ևս մեկ քայլով մոտենում է Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի նստավայրին: Համայնքների պալատի պահպանողական խմբակցության անդամների շրջանում երեքշաբթի օրը կայացած քվեարկության երկրորդ փուլի արդյունքները վկայում են` Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ամենահավանական թեկնածուն է:

Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները Լոնդոնում հրապարակվեցին երեքշաբթի երեկոյան` Պահպանողական կուսակցության կազմում գործող և կազմակերպական խնդիրները համակարգող «1922 կոմիտեի» անդամների կողմից:

Հրապարակված արդյունքներից պարզ դարձավ, որ Բորիս Ջոնսոնը վայելում է Համայնքների պալատի 313 հոգանոց պահպանողական խմբակցության անդամների գրեթե կեսի աջակցությունը: Ջոնսոնի օգտին քվեարկել էին պահպանողական պատգամավորներից 126-ը:

Համեմատության համար նշենք, որ Ջոնսոնի ամենաիրական մրցակիցը՝ արտգործնախարար Ջերեմի Հանթը, առաջատարից մի քանի անգամ ավելի քիչ քվե էր ստացել` ընդամենը 46:

Պահպանողական կուսակցության ներքին կանոնների համաձայն քաղաքական այս ուժի ղեկավարի ընտրությունն իրենից բավական բարդ մի գործընթաց է ներկայացնում և ընթանում է մի քանի փուլով: Ամեն փուլում պայքարից դուրս է մնում ամենաքիչ թվով քվեներ ստացած թեկնածուն: Երեկ կայացած քվեարկության անհաջողակը դարձավ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ընտրարշավի առաջատարը համարվող «Բրեքզիթի» հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը:

Այսպիսով պայքարը, առաջատար Բորիս Ջոնսոնից բացի շարունակում են արտգործնախարար Հանթը, ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը, բնապահպանության նախարար Մայքլ Գոուվը և միջազգային զարգացման նախարար Ռորի Սթյուարթը:

Պահպանողական կուսակցության ղեկավարի, հետևաբար նաև վարչապետի պաշտոնի համար պայքարը շարունակող թեկնածուները քվեարկության արդյունքների հրապարակումից մոտ մեկ ժամ անց արդեն BBC-ի եթերում էին՝ մասնակցելով «Մեր ապագա վարչապետը» հաղորդմանը: Մոտ երկու ժամ շարունակված այս հեռուստաբանավեճի գլխավոր թեման կրկին «Բրեքզիթն» էր:

«Մենք պարտավոր ենք Եվրամիությունը լքել հոկտեմբերի 31-ին: Հակառակ պարագայում քաղաքական ողջ դասի հանդեպ աղետալի չափերի հասնող անվստահություն կարող է առաջանալ», - նշում էր Բորիս Ջոնսոնը:

Արտգործնախարար Ջերեմի Հանթի համոզմամբ Եվրամիությունը լքելու վերջնաժամկետը, թեև խիստ կարևոր է, այնուհանդերձ, այս հարցում հարկավոր է ճկունություն ցուցաբերել:

«Եթե մենք հասնենք հոկտեմբերի 31-ին և զգանք, որ Բրյուսելի հետ նոր համաձայնագրի կնքման իրական հեռանկար չկա, ապա ԵՄ-ն կլքենք առանց որևէ համաձայնագրի: Բայց եթե փաստաթղթի կնքման իրական հեռանկարներ լինեն, ապա կարող ենք և ժամկետի որոշակի երկարաձգման դիմել: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս հարցը հարկավոր է հնարավորինս արագ լուծել», - նշում էր Հանթը:

Արտգործնախարարի հետ այս հարցում համաձայն է նաև վարչապետի պաշտոնի համար պայքարող Մայքլ Գոուվը:

«Ներկաների թվում ես առաջինն էի, որ խոսեցի ԵՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին: Եվ ինձ շատ է զայրացնում այն հանգամանքը, որ Համայնքների պալատի անդամների մեջ մարդիկ կան, որոնք այդպես էլ հարգանք չդրսևորեցին [2016 թվականի] հանրաքվեի արդյունքների հանդեպ, ինչի հետևանքով մենք մինչ օրս դեռ չենք լքել ԵՄ-ն: Ես եմ սկսել այս գործընթացը, և ես էլ այն ավարտին կհասցնեմ», - հայտարարում էր Գոուվը:

Պահպանողական օրենսդիրների շրջանում փակ գաղտնի քվեարկության երրորդ փուլը կմեկնարկի այսօր երեկոյան, վաղը կկայանա քվեարկության ևս մեկ փուլ: Ամեն մի փուլից հետո պայքարը կլքի ամենաքիչ թվով քվեներ ստացած թեկնածուն մինչև Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի պայքարում երկու հոգի մնա: Եզրափակիչ փուլում արդեն քվեարկության գործընթացին կմիանան Պահպանողական կուսակցության ավելի քան 160 հազար շարքային անդամները, որոնք մինչև հուլիսի 22-ը փոստային քվեարկության միջոցով կընտրեն Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետին:

Վերջին հարցումների համաձայն Պահպանողական կուսակցության շարքային անդամների 54 տոկոսը կառավարության ապագա ղեկավարի պաշտոնում ցանկանում է տեսնել Բորիս Ջոնսոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG