1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ստեղծագործելու մուսաս եղել է իմ առաջին քննադատը՝ իմ տիկինը. Մարտին Վարդազարյան

Ստեղծագործելու մուսաս եղել է իմ առաջին քննադատը՝ իմ տիկինը. Մարտին 
Վարդազարյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Վարդազարյանը մշակույթ ստեղծել պատրաստվող սերունդներին խորհուրդ է տալիս հենվել ազգային եւ համաշխարհային դասականների հսկայական ժառանգության վրա: Վարդազարյանը կարծում է, որ ունենք սերունդ, որը կարող է պատվով ներկայացնել Միրզոյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Հովհաննիսյանի եւ մեր մյուս կոմպոզիտորների թողած ժառանգությունը:

-Մաեստրո, Դուք երաժշտություն եք գրել ավելի քան 100 թատերական պիեսների եւ 40 ֆիլմերի համար: Ի՞նչ առաքելություն է իրականացնում երաժշտությունը կինոյում եւ թատրոնում:

-Թատերական պիեսների համար 150-ից ավել երաժշտություն եմ գրել, հետո դադարեցի հաշվել, որովհետեւ ամոթ էր հաշվելը: Սերնդափոխություն է եղել, ռեժիսորների սերունդ է փոխվել, ամեն մեկն իրեն հարազատ մի երաժշտագետի, կոմպոզիտորի հետ է աշխատում, մտածելակերպ է փոխվել:  Եւ՛ թատրոնում, եւ՛ կինոյում պետք է կոմպոզիտորը տարրալուծվի այդ ամբողջականության մեջ եւ դուրս չցցվի: Այսպիսի պահ կա: Կարեւոր է ճիշտ ընկալել ոչ միայն ռեժիսորի, այլեւ հեղինակի մտահաղացումը, եւ որտեղ հարկավոր է, այդտեղ ուժեղացնել եւ նախապատրաստել ճանաչմանը: Այս է երաժշտության նպատակը թե կինոյում, թե թատրոնում. Տեսնել այն, ինչը մենք չենք տեսնում, այլ կերպ ասած՝ լսելով տեսնել:

-Այսօր մեր կինոյում եւ թատերարվեստում այդ համադրությունը Դուք տեսնու՞մ եք:

-Գուցե, իմ պատկերացումը մի քիչ այլ է: Հիմա ամեն ինչ թեքվում է դեպի ոչ ֆունկցիոնալ երաժշտությունը: Ֆոնային երաժշտությունն էլ իր դերն ունի կինոյում եւ թատրոնում, որը տալիս է մթնոլորտ, ինչ-որ մի երանգ, բայց ես չեմ կարող ասել, որ լրիվ բավարարված եմ այս մոտեցմամբ:

-Ձեր հայրը՝ Ցոլակ Վարդազարյանը, Արտեմի Այվազյանի հետ եղել է հայկական ջազի հիմնադիրներից մեկը: Ջազ երաժշտությունը մեր հանրության համար որքանո՞վ  է ընկալելի եւ սիրված, արդյոք Ձեր հայրը կբավարարվե՞ր՝ տեսնելով այսօրվա ջազ երաժիշտների գործը:

-Շատ հաճելի է նշել, որ մենք ունենք փայլուն երաժիշտներ՝ դաշնակահարներ, շեփորահարներ, սաքսոֆոնահարներ եւ ինքնատիպ ջազային երաժիշտներ, որոնք ճանաչված են ոչ միայն Երեւանում, այլեւ արտասահմանում, եւ ուրախալի է նշել, որ բարձր են ներկայացնում իրենց հայ լինելը։

-Ապրիլի 4-ին լրացավ Ձեր 84-ամյակը։ Երբ հետ հայացք եք գցում, ի՞նչ կիսատ թողած երազանքներ կամ, եթե կուզեք, ցանկություն ունեք։  

-Գրել երկրորդ սիմֆոնիան, ուժերս փորձել  օպերային եւ բալետային երաժշտության մեջ: Բացթողումներ կան, բայց ամենակարեւորը, որ 5 ծոռի մեծ պապ եմ, ինչն ավելի կարեւոր է, քան մի քանի ստեղծագործություն կամ սիմֆոնիա ավել գրելը:

-Ձեզ համար ինչը կամ ո՞վ է եղել մուսա ստեղծագործելու համար։

-Ստեղծագործելու մուսաս եղել է իմ առաջին քննադատը՝ իմ տիկինը, լուսահոգի Իվետան: Նա եղել է ինձ համար եւ կին, եւ ընկեր, եւ քննադատ: Նրան փոխարինող չի եղել: Եթե ամբողջացնենք՝ սերն է իմ կյանքում եղել մուսան:

-Ի՞նչ խորհուրդ կտաք սերունդներին, որոնք պիտի մշակույթ ստեղծեն:

-Հենվեք ազգային եւ համաշխարհային դասականների հսկայական ժառանգության վրա, որը անընդգրկելի է, բայց դրան ձգտել անհրաժեշտ է:

-Դուք դասախոսում եք կոնսերվատորիայում, ի՞նչ են ուզում եւ մտածում երիտասարդները:

-Ես չեմ կարող մտնել նրանց ուղեղի մեջ, բայց ինձ թվում է, որ նրանք, որոնք օժտված են եւ աշխատում են, նվիրյալներ են: Կարծում եմ՝ մենք ունենք սերունդ, որը կարող է պատվով ներկայացնել Միրզոյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի եւ մյուս մեր կոմպոզիտորների թողած ժառանգությունը:

-Արվեստի մարդկանցից ովքե՞ր են Ձեզ համար օրինակելի:

-Տարբեր ժամանակներ, տարբեր մարդիկ են եղել: Ամեն մեկը, լրացնելով նախորդին,  ավելի լավ հնարավորություն է տվել ճանաչել ինքս ինձ եւ իմ թերությունները:

-Համաշխարհային դաշնակահարներից ո՞ւմ սիրել եւ լսել:

-Եթե ուզում եք Բախ լսել, լսեք նրա ստեղծագործությունները՝ Գլեն Գուլդի կատարմամբ, եթե՝ Չայկովսկի, ապա՝ Օբորինի ձայնագրությունները, եթե Բաբաջանյան՝ լսեք Բաբաջանյանին:

-Վերջին շրջանում գեղարվեստական ի՞նչ ստեղծագործություններ եք ընթերցել կամ վերընթերցել:

-Վերջին անգամ վերընթերցել եմ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» վեպը, եւ տեսա բավական հետաքրքիր բաներ, որոնք առաջին անգամ չէի նկատել: Խորհուրդ կտամ վերընթերցել արդեն ընթերցած գրքերը: Ես օրինակ հաճույքով ընթերցում եմ Ջերոն Ջերոմ, Հակոբ Պարոնյան:

 -Ինչո՞ւ վերընթերցեցիք «Պատերազմ եւ խաղաղություն» վեպը հիմա, մտահոգություններ ունե՞ք:

-Ես ունեմ մտահոգություն այն մասին, որ մարդուն մարդ դառնալու համար խանգարում է հաղթողի կոմպլեքսը: Ամեն ինչի մեջ հաղթանակ որոնելը՝ նսեմացնելով ինձ հետ հավասարին, գուցե, ինձանից լավին, սխալ մոտեցում է։ Խոսքը միայն պատերազմի մասին չէ, այլ ընդհանրապես. հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ ամեն բնագավառում: Հաղթանակը միայն պիտի լինի պատերազմում, իսկ մնացածը կարող ենք համարել նվաճում, հաջողություն, բայց ոչ հաղթանակ: Ինձնից ոչ պակաս տաղանդավոր եւ ընդունակ մարդը դեպքերի իրադրության հաջորդականության պատճառով երբեմն լինում է պարտվողի դերում: Եթե մարդ կարողանա հաղթահարի հաղթողի կոմպլեքսը, այդ ժամանակ պատերազմներ չեն լինի, եւ ամեն մարդ կունենա հնարավորություն իրեն դրսեւորելու՝ անկախ նրանից հաղթած է, թե պարտված : Երբ մարդկության մեջ վերանա այս երեւույթը եւ ձեռք մեկնելու, մեկնած ձեռքը սեղմելու ընդունակությունը մեծանա, այդ ժամանակ մարդը մարդ կդառնա եւ կսիրի թե երաժշտություն, թե գրականություն, թե կերպարվեստ:

-Հայաստանն այս օրհասական իրավիճակում ո՞ւմ ձեռքին  է սպասում, ո՞վ է մեզ իրական ձեռք մեկնող:

-Առաջինը ես պիտի պատրաստ լինեմ ձեռք մեկնել, իսկ թե ով կընդունի իմ մեկնած ձեռքը, դա արդեն հարցականի տակ է:

- Արցախում մեր մշակութային ժառանգությունը վանդալիզմի է ենթարկվում ադրբեջանցիների կողմից: Ավելին՝ նրանք փորձ են անում փոխել մեր մշակութային ժառանգության ծագումնաբանությունը: Ո՞ւմ ապավինող ձեռքին պետք է սպասի Հայաստանը:

-Երբ մարդը չի ունենում, վերագրում է իրեն այն, ինչ իրենը չէ: Բայց այստեղ մի վտանգավոր բան կա՝ հազար անգամ ասված սուտը դառնում է ճշմարտանաման, որն ավելի վտանգավոր է, քան բացահայտ սուտը:  Համայն մարդկությունը ուշադրություն չդարձրեց, երբ հսկայական հայ հնագույն գերեզմանատունը տրակտոներով քանդեցին, երբ-որ եկեղեցիների գմբեթներից խաչերն էին վայր գցում, երբ-որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա ռումբեր էին նետվում: Սա էլ է մարդկության դրսեւորում, բայց մինուս նշանով:

-Իսկ մենք ինչպե՞ս մեր ունեցածը պահպանենք:

-Մենք պետք է պահենք մեր ունեցածը ինքներս, եւ հույս չդնենք որեւէ մեկի վրա:

-Մենք միշտ կախում ենք ունեցել ինչ-որ մի երկրից եւ ինքնուրույն մեզ չենք պատկերացնում:

-Ամբողջ տիեզերքում չկա մի որեւէ անկախ մոլորակ, աստղ։ Բոլորը իրար հետ փոխկապակցված են: Երբ ասում են՝ անկախություն, չի նշանակում մեկուսացում: Անկախություն նշանակում է հնարավորություն ունենալ բոլորի հետ ճիշտ հարաբերություններ պահել քիչ թե շատ, բուժել հիվանդ հարաբերությունները, իսկ եթե չի ստացվում, մի քայլ այն կողմ գնալ:

Լիանա Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]