Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեր, նվիրում, պայքար և հաղթանակ. «Անահիտ» երաժշտական ներկայացումը համալրեց «Թատրոն կայարան»-ի խաղացանկը

Սեր, նվիրում, պայքար և հաղթանակ. «Անահիտ» երաժշտական ներկայացումը 
համալրեց «Թատրոն կայարան»-ի խաղացանկը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի համանուն բեմադրությունը զարդարեց «Թատրոն կայարան»-ի բեմը: Առաջնախաղը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին, անցավ լեփ-լեցուն դահլիճում: Թե՛ մեծահասակ, թե՛ դպրոցական հանդիսատեսը մեծ ոգևորությամբ և հիացմունքով դիտեց պայծառ, վառվռուն երաժշտական ներկայացումը՝ դժվարությամբ բաժանվելով դերասաններից:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պիեսի հեղինակ և բեմադրիչ Կարապետ Քարաջյանն ասաց՝ սիրված հեքիաթը նման ձևաչափով չի բեմադրվել երևանյան թատրոններում:

«Կարծում եմ, որ հեքիաթն ունի կարևոր ասելիք. մեր իրականությունում ոչ բոլոր ներկայացումներն են հայի մասին և ոչ բոլոր ներկայացումներում է շեշտադրվում սերը՝ ծնողի, կողակցի, հայրենիքի, կատարած աշխատանքի և ժողովրդի հանդեպ: Այս հեքիաթում այդ ամենը կա, ուստի հենց այս ստեղծագործությանն անդրադարձանք, որը մեր լավագույն հեքիաթներից է, և որը ես շատ եմ սիրում»,-նշեց նա:

Հատուկ ներկայացման համար երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, որի հետ բեմադրիչը երկար տարիներ է համագործակցում, պարերը բեմադրել է Նակա Միրզոյանը, իսկ նկարիչն Արեգ Միրիջանյանն է:

Քարաջյանը կարևորում է երաժշտության հայկական շունչն ու ոգին:

«Նույնը կարող եմ ասել պարերի, բեմանկարչության մասին: Արել ենք հնարավորը, որ ներկայացումն աչքի ընկնի հայկականությամբ»,-շեշտեց ռեժիսորը:

Անահիտին մարմնավորած դերասանուհի Աելիտա Գևորգյանը կարծում է՝ հատկապես այսօր «Անահիտ»-ի պես բեմադրություններն անհրաժեշտ են, քանի որ  երկիրը ճակատագրական փուլում է:

«Կարևոր է, որ մարդիկ հայրենասեր լինեն ոչ միայն խոսքով, այլև գործով, որ յուրաքանչյուր մարդ իր ոլորտում իր աշխատանքով  դա ցույց տա: Անահիտը հայ կնոջ հավաքական կերպարն է. նա սիրում է, մտածում է, նուրբ է, բայց կարող է մարտնչել հանուն իր ամուսնու, պայքարել»,-նշեց դերասանուհին ու հավելեց՝ հետաքրքիր էր խաղընկերների հետ աշխատանքը, քանի որ «Թատրոն կայարան»-ը իր հարկի տակ է համախմբել դերասանների՝ տարբեր թատրոններից: Նրա խոսքով՝ երբ երկար ես աշխատում մի թատրոնում, լավ ճանաչում ես խաղընկերներիդ ձեռագրերը, իսկ այս պարագայում փորձի փոխանակում էր, և նորը սովորելու առիթ էր ընձեռվել:

«Թատրոն կայարան»-ի փոխտնօրեն Անդի Սողոմոնյանն էլ հիշեցրեց, որ շատ տարիներ առաջ այն տարածքը, որտեղ այժմ գործում է իրենց թատրոնը, մշակույթի պալատ է եղել, որի բեմում խաղացել են այնպիսի ականավոր դերասաններ, ինչպիսիք են Կարպ Խաչվանքյանը,  Խորեն Աբրահամյանը, Սվետլանա Գրիգորյանը և այլք: Թատրոնի հիմնադիրները որոշել են վերադարձնել թատերական ոգին՝ հենց այդ հասցեում հիմնելով «Թատրոն կայարան»-ը:

Սողոմոնյանն անդրադարձավ հյուրախաղերին և ասաց, որ հանդես են եկել  Հայաստանի մարզերում. եղել են Արարատում, Հրազդանում: Շուտով կլինեն Վանաձորում, Գավառում, Ստեփանավանում:

«Մենք ցանկանում ենք նաև սահմանամերձ գոտիներում պահպանել մշակութային ոգին, քանի որ մեր թշնամին առաջին հերթին ձգտում է մեր մշակույթը ոչնչացնել կամ յուրացնել: Ցանկություն ունենք հանդես գալու նաև Հայաստանի սահմաններից դուրս և աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ընդգծեց նա:

Անդի Սողոմոնյանը կարևորեց «Անահիտ» հեքիաթի բեմադրումը հատկապես այս ժամանակահատվածում, քանի որ այն ուսուցողական է, և հեքիաթում հայի ոգևորող տեսակն է, խիզախ հայն է:

«Թատրոն կայարան»-ը գործում է մի քանի ամիս: «Անահիտ» հեքիաթից բացի խաղացանկում են «Անկոչ հյուրը», «Սեր ֆրանսիական ձևով» և այլ ներկայացումներ: Տոմսերը շուտ են սպառվում, ինչը նշանակում է, որ ներկայացումը պահանջարկ ունի, դա էլ իր հերթին ոգևորում է ստեղծագործական կազմին և նոր թափով աշխատելու եռանդ հաղորդում:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]