«Ալիևն անհանգիստ է. Ադրբեջանի իշխանության մոտ մեծ վախ է նկատվում». Աշոտ Մովսիսյան

Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումներն անհանգստացնում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս օրերին նա հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության պետ Նարիշկինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն էլ չի բացառել արցախյան խնդրի՝ ռազմական ճանապարհով «կարգավորելու» հնարավորությունը։

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն այն կարծիքին է, որ Նարիշկինի այցը Բաքու պայմանավորված է եղել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով, որովհետև Ռուսաստանը, ըստ նրա՝ մտավախություն ուներ, որ Ադրբեջանը կարող է առաջնագծում լարել իրադրությունը՝ օգտվելով Հայաստանում առկա որոշակի անկայունությունից, և այդ պատճառով բանագնաց է ուղարկում Բաքու։

«Իհարկե, սա հնարավորություն է Ադրբեջանի համար՝ որոշակի խնդիրներ լուծելու, գուցե ամբողջությամբ Արցախը չօկուպացնելու, բայց ապրիլյան ռազմական գործողությունների սցենարով գործողություններ իրականացնելու։ Այստեղ Ադրբեջանը պետք է նաև հաշվի առներ Թուրքիայի հետաքրքրվածությունը, Թուրքիայի շահերը, որովհետև այսօր Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն այն չեն, ինչ եղել են 2016թ.։ Հիմա Թուրքիան և Ռուսաստանը կարող են համաձայնության գալ, որ Կովկասում պետք չէ մի նոր, ավելի թեժ կետ բացել։ Այդ պատճառով Ադրբեջանի համար կարևոր էր հասկանալ, թե արդյո՞ք հետաքրքրված է Թուրքիան, որ այս պահին Արցախում թեժանա դրությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետը։

Ռազմական լուծումը չի բացառվում

Ըստ նրա՝ քննարկումներից հետո, հաշվի առնելով նաև տարածաշրջանում լարված իրավիճակը, փորձում են առկախել նման գործողությունների սցենարը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարությանը, Մովսիսյանն ասաց, որ, թեև նմանատիպ հայտարարությունները նորություն չեն, բայց դա միակն էր, որ արվեց ներհայաստանյան լարված իրավիճակների ֆոնին. «Մինչ այդ պաշտոնապես կատարված հայտարարություններում նշվում էր, որ պատրաստ են Հայաստանում իշխանության եկած ուժերի հետ բանակցություններ վարել։ Բայց սա նաև ազդակ է, որ, այո, Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից, և եթե Հայաստանի ներքաղաքական վիճակը շարունակվի, միևնույն ժամանակ, արցախյան հակամարտության բանակցություններում առաջընթաց չնկատվի, նկատի ունեմ՝ Ադրբեջանի կողմից, ապա չի բացառվում խնդրի ռազմական լուծումը»։

Հայատյացությունը նվազում է

Մեր այն հարցին, թե ի՞նչ է առհասարակ գրում ադրբեջանալեզու մամուլը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ, նա պատասխանեց, որ շատ մեծ ակնկալիք կա թե՛ փորձագետների, թե՛ ընդհանուր հանրության մոտ, որ սա պատմական պահ է, և կարելի է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով. «Թերևս, այսպես է ներկայացվում՝ Ռուսաստանը թուլացնում է իր դիրքերը Հայաստանում, և Ադրբեջանի համար դա կարող է նոր հնարավորություններ բացել, ինչպես նաև Հայաստանում առկա լարվածությունը, իշխանության և ընդդիմության միջև հակասությունները նրանք փորձում են օգտագործել, օգուտներ քաղել և խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Բայց ես կարծում եմ, որ այս պահին իշխանությունը փորձում է զերծ մնալ այս սցենարից»։

Ներհայաստանյան ժողովրդավարական զարգացումները, ադրբեջանագետի խոսքով՝ կարող են Ադրբեջանում բերել հայատյացության որոշակի նվազման. «Ժողովրդավարության ջատագովների մոտ չեն կարող համակրանք չառաջացնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Նաև անձնական շփումներից ելնելով՝ կարող եմ ասել, որ որոշակի չափով հայատյացության հետընթաց է նկատվում, և ժողովրդավար Հայաստանը գիտակից ու բանակցելու ունակ ադրբեջանցու համար ավելի ընկալելի է, քան, եթե Հայաստանում տեղի ունենար իշխանության ժառանգականության նույն գործընթացը, ինչ Ադրբեջանում է»։

Վախ է նկատվում

Հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է՝ ներհայաստանյան իրադարձությունները նախադեպ լինեն Ադրբեջանի համար, և այնտեղ էլ նման սցենարներ զարգանան, թե՞ այս պահին նման հնարավորություն այնտեղ չկա։

«Իշխանության կողմից շատ մեծ վախ է նկատվում, որ նույն գործընթացը կարող է տեղի ունենալ Ադրբեջանում։ Փաստացի, Ադրբեջանն այն միակ երկիրն է, որտեղ 1993թ. ոչ միայն իշխանություն չի փոխվում, այլև, ընդհանրապես, իշխանության վերնախավը չի փոխվում։ Ադրբեջանի իշխանությունը լուրջ անհանգստացած է, որովհետև միջազգային հարթակներում նրանք մատնացույց էին անում Հայաստանի օրինակը, որ իրենք միակը չեն տարածաշրջանում։

Անհանգստությունը փաստում է նաև այն հանգամանքը, որ սոցիալական ցանցերում խիստ ակտիվացել են ադրբեջանական կեղծ էջերով տարածվող այն գրառումները, որ երկրի կայունության երաշխավորն Իլհամ Ալիևն է, նա Հեյդար Ալիևի քաղաքական կուրսի շարունակողն է, Հայաստանում անկայունություն է, և այլն։ Նրանք փորձում են ժողովրդին համոզել, որ, եթե Իլհամ Ալիևն իշխանության չլինի, ապա Ադրբեջանում կարող է ավելի լուրջ անկայունություն լինել, քան Հայաստանում։ Եվ, բնականաբար, ադրբեջանական իշխանությունները շահագրգռված չեն դեմոկրատական Հայաստանի առկայությամբ և Հայաստանում նման սցենարներով իշխանափոխությամբ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Ալիևը հետևություններ է անում

Աշոտ Մովսիսյանի կարծիքով՝ Հայաստանում նման գործողություններ տեղի ունեցան, քանի որ այստեղի քաղհասարակության և ընդդիմադիր դաշտի պայմաններն այլ էին, քան Ադրբեջանում. «Որքան էլ փորձենք մեր իշխանությանը քննադատաբար վերաբերվել, բայց այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտը գործելու, քննադատելու ազատություն է ունեցել, մեր ընդդիմադիրները ներկայացված են խորհրդարանում, Հայաստանում գործում են բազմաթիվ արևմտյան ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպություններ, քաղհասարակության զարգացմամբ շահագրգռվածներ։

Այս պահին քաղհասարակության և ընդդիմադիր դաշտի վիճակն Ադրբեջանում շատ ավելի վատ է, քան Հայաստանում է։ Որպեսզի Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նման զարգացումներ տեղի ունենան Ադրբեջանում, պետք է որոշակի չափով ազատություն տալ քաղհասարակությանը։ Բայց նաև կա հակառակ կողմը, որ երբ մի հանրությանն անընդհատ ճնշում ես, պայթյունը միանգամից է լինում։ Ուստի չի կարելի բացառել։ Բայց Ադրբեջանի իշխանությունը փորձում է կադրային փոփոխություններ մտցնել, երիտասարդ կադրերի ներգրավել, դրանով ցույց տալ, թե իբր բարեփոխումներ են կատարվում»։

Մյուս կողմից, ըստ ադրբեջանագետի՝ Ադրբեջանում փորձում են ցույցերի անցկացման վերաբերյալ նոր օրենք ընդունել, որով ավելի է խստացվում ցույցերի անցկացումը. «Այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունը հետևություն է անում հայաստանյան զարգացումներից և չի բացառում, որ նման սցենարներ կարող են նաև իրենց մոտ լինել»։

Տեսանյութեր

Լրահոս