Արցախում շարունակվում է մարտի 31-ի խորհրդարանական և նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։ Շուշիում բնակիչների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստանի իշխանությունների հետ իր հարաբերություններին և դրանք առճակատում որակումներին, Վիտալի Բալասանյանն ասել է, որ ոչ հայկական պրոյեկտներն են նման տպավորություն ստեղծում: Առճակատում չի կարող լինել։ «Համոզված եղեք, որ ես եմ լինելու Արցախի նախագահը, և որևէ խնդիր չի լինելու: Մարդիկ ասում են՝ ո՞նց եք աշխատելու ՀՀ վարչապետի հետ: Շատ հասարակ, ՀՀ և ԱՀ Սահմանադրությունից ելնելով»,- ընդգծել է նա։
«Ես լավ չեմ հասկանում՝ ինչ է ասում Վիտալի Բալասանյանը։ Հետևաբար, լավ չեմ պատկերացնում՝ իր ասածը գործնականում ինչ դրսևորումներ է ունենալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Ի՞նչ վտանգներ կան Բալասանյանի՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու դեպքում, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց. «Ես չեմ ուզում քննարկել այն վտանգները, որը «եթե»-ի հիման վրա է, այն էլ այն դեպքում, երբ դրա հավանականությունը շատ քիչ է։ Համենայնդեպս, վստահ եմ մի բանում՝ Արցախի հասարակությունը քաջ գիտակցում է մի պարզ բան, Հայաստան-Արցախ միասնության բացակայությունը, ընդ որում՝ քաղաքական, ռազմական, արժեհամակարգային իմաստով, կործանարար է թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի համար։ Ընդհանրապես, հայկական պետականությունների համար դա պարզապես մահացու է, և դա հասկանում է յուրաքանչյուր արցախցի, ՀՀ քաղաքացի, ու արցախցին իր մտքի մեջ առաջին հերթին հենց այդ գիտակցումն է ունենալու քվեարկություն անելիս։ Չկա «եթե», ես ասում եմ այն, ինչ իրողություն է, մնացած «եթե»-ները որևէ արժեք չունեն, քննարկման իմաստ էլ չեմ տեսնում, որովհետև կստացվի «Կիկոսի մահը»։
Հարցին, թե որքանո՞վ է կարևոր Հայաստանի և Արցախի սինքրոնիզացված աշխատանքը, քաղաքագետը պատասխանեց. «Դա կարևոր է ոչ միայն արցախյան հիմնահարցի շուրջ, այլ ասեմ ավելին՝ որպեսզի այդ սինքրոնիզացիան ապահովի ու որևէ խնդիր չառաջանա այդ սինքրոնիզացման հարցում, ապա Հայաստանի ու Արցախի միջև սինքրոնիզացված պետք է լինի ամեն ինչ։ Այսինքն՝ գործեն նույն դեմոկրատական ստանդարտները, նույն անհանդուրժողականությունը կոռուպցիայի ու կոռուպցիոներների նկատմամբ, նույն ստանդարտները բիզնեսի և քաղաքականության տարանջատման վերաբերյալ, նույն քաղաքական գնահատականները տարբեր իրադարձությունների հետ կապված։ Եվ առանձնապես Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի հետ կապված։ Ի դեպ, ես ասեմ, որ Մարտի 1-ի հետ կապված, ցավոք սրտի, ես Արցախի թեկնածուներից միայն մեկի մասնակցությամբ տեղեկատվություն տեսա՝ առ այն, որ տեղի է ունեցել ոգեկոչում (խմբ. նկատի ունի Մասիս Մայիլյանին)։ Մնացած հարցերի հետ կապված՝ այլ թեկնածուները ո՞ւմ լավամարդն են ուզում լինել, թվալ կամ երևալ։ Այդ սինքրոնիզացիայի մասին հայտարարությունները չեն կարող կրել միայն դեկլարատիվ բնույթ, իսկ գործնականում մենք կտեսնենք, որ որոշ անձինք կփորձեն ջուրը պղտորելով՝ ձուկ որսալ։ Դա անթույլատրելի է։ Մի օրինակ էլ բերեմ՝ Հայաստանում քննարկվում է անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքը։ Հակակոռուպցիոն ողջ օրենսդրությունը պետք է մեկին մեկ կրկնվի Արցախում, հակառակ դեպքում՝ Արցախը կդառնա կոռուպցիոներների որջ, որն անթույլատրելի է ու սպառնալիք է թե՛ Արցախի ու թե՛ Հայաստանի անվտանգությանը։ Կենացային սինքրոնիզացիա պետք չէ, գործնական քայլեր պետք է արվեն»։
ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ երկու հայկական պետությունների ղեկավարները, ինչքան էլ բարդ անձնական հարաբերություններ ունենան, պետք է առաջնորդվեն ազգային, պետական շահերով ու մի կողմ դնեն բոլոր տարաձայնությունները։ «Իհարկե, եթե ընտրվի Վիտալի Բալասանյանը, մեծ լարվածություն է լինելու, բայց չեմ էլ կարծում, որ բանը կհասնի առճակատման։ Կրկնում եմ՝ անձնական տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն։ Ըստ իս՝ համատեղ աշխատանքը հնարավոր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Բացի դրանից, ըստ մեր զրուցակցի՝ ՀՀ իշխանությունները պետք է հաշվի առնեն Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը, օրինական ճանապարհով ընտրված իշխանությանը ու համատեղ աշխատեն։ «Իհարկե կան ուժեր թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, որոնք փորձում են Արցախում ունենալ այնպիսի իշխանություն, որը կհակադրվի ՀՀ իշխանության հետ, պառակտում կմտցնի երկու հայկական պետությունների միջև, հավելյալ ճնշում կգործադրի ՀՀ իշխանությունների վրա։ Բայց եթե նույնիսկ ընտրվի Վիտալի Բալասանյանը՝ բոլոր այդ տարաձայնությունները մի կողմ պետք է դրվեն ու աշխատեն հանուն մեր ազգային ու պետական շահերի»,- եզրափակեց Վարդանյանը։