Օսիպյան. Մարտի 1-ին հրաման եմ ստացել ապահովել հասարակական կարգը

Օսիպյան. Մարտի 1-ին հրաման եմ ստացել ապահովել հասարակական կարգը

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով կան ոստիկաններ, որոնք ընդգրկված են եղել տարբեր ստորաբաժանումներում, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ, առհասարակ, ենթակա են պատասխանատվության: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

2008-ի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ նոր քրգործ է հարուցվել և միացվել «Մարտի 1»-ի գործին։

Օսիպյանն ասել է, թե չգիտի Մարտի 1-ին ինչ հրաման է եղել ոստիկաններին՝ հորդորելով հետաքրքրվել այդ ժամանակվա վերադասներից, իսկ ինքն անձամբ հրաման է ստացել ապահովել հասարակական կարգը, հայտնում է Aysor.am-ը։

Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների պնդմանը, թե Մարտի 1-ին ոստիկաններին հրաման չի եղել գործողություններ իրականացնել, ի վերջո, հրաման եղել է, թե ոչ, ոստիկանապետն ասել է. «Ես տեղյակ չեմ»։

Նա նշել է նաև, որ 2008-ի մարտի 1-ին հերթապահել է հարյուրավոր այլ ոստիկանների հետ, սակայն թաքցրած զենք-զինամթերք չի տեսել։ «Ինքս զենք-զինամթերք չեմ տեսել, փայտեր տեսել եմ», - ասել է Վալերի Օսիպյանը։

«Փաստաթղթեր կեղծվել են, թե ոչ, չեմ կարող ասել, Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում կներկայացնի»,-ասել է Օսիպյանը,

Նա հավելել է, որ փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, թե ով է արել այդպիսի բան, ասել չի կարող։

Ըստ Հատուկ քննչական ծառայության, 2008-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008-ի մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, «ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1.300 ծառայողներ Երևան քաղաքի Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները»:

Պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---