News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հարցազրույցը Հայաստանում Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցներում նախօրեին հաղորդագրություն էր հայտնվել «Հայկական գերության մեջ. խոշտանգումների եւ սպանությունների անալոգիա» սադրիչ վերնագրով գրքի հրատարակման մասին: Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը պնդում է, որ գրքում իբր փաստեր են ներկայացված:  Ինչպե՞ս կմեկնաբանեք նման հայտարարությունը:

Հրապարակման բովանդակությանը ես ծանոթ չեմ, բայց եթե ուշադրություն դարձնենք շնորհանդեսի ժամանակ ադրբեջանական պաշտոնյաների մեկնաբանություններին, եւ եթե խնդիրը իրավական հարթության մեջ դիտարկենք, ապա կարող եմ ասել, որ փաստերի հիման վրա, եթե դրանք իսկապես փաստեր են, սովորաբար ոչ թե գրքեր են գրում, այլ դիմում են համապատասխան ատյաններին:

Ինչ վերաբերում է գիրք գրելու գաղափարին եւ դա կյանքի կոչելուն, ապա ես նախկինում էլ բազմիցս ասել եմ, որ տարիներ շարունակ մենք ստիպված ենք սահմանի մյուս կողմում գործ ունենալ հայկական կողմի սեւացմանն ուղղված համառ փորձերի հետ: Այս «սեւ փիառ»-ը, իմ կարծիքով, ուղղված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին. առաջին հերթին, հավանաբար, ներքին, բայց, հնարավորությունը բաց չեն թողում Ղարաբաղյան հակամարտության էության եւ պատմական հիմքերի մասին տեղեկություն չունեցող կամ  բավարար տեղեկություն չունեցող կողմնակի անձանց ուղեղները լվանալու համար։

«Ադրբեջանցի կանանց, երեխաների եւ ծերերի անմարդկային խոշտանգումների»  թեման նոր չէ, ես կասեի նույնիսկ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում այս թեման տարբեր տրամաչափի ադրբեջանցի գործիչների հայտարարությունների վերնագրերն են եղել, այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ նպատակասլաց հակահայկական քարոզչության եւ հայատյացության սերմանման անբաժանելի մաս։ Հենց ադրբեջանական կողմի մեղքով այս փուլում մենք առավել քան երբեւէ հեռու ենք կառուցողականությունից  գերիների եւ անհետ կորածների հումանիտար խնդրի կարգավորման հարցում, եւ ամեն օր մենք ստիպված ենք հակազդել մեր հասցեին հնչող ակնհայտ ստինմ ապատեղեկատվությանն ու զրպարտությանը։

Ասվածին մնում է միայն ավելացնել, որ մեր պետական հանձնաժողովի գոյության ողջ  ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավասու միջազգային ատյանները բարձրացնեին ադրբեջանցի գերիների հանդեպ մեր անմարդկային վերաբերմունքի «փաստերի» հարցը՝ ոչ ԿԽՄԿ-ի, ոչ ԵԱՀԿ-ի, ոչ ՄԱԿ-ի մարմինների, ոչ էլ Եվրոպայի խորհրդի կողմից, որի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հայտնի հոլանդացի քաղաքական գործիչ Լեո Պլատվոետի գլխավորությամբ 2006 թվականին այցելել է Կովկասյան տարածաշրջան` տեղում զինված հակամարտությունների հետ կապված մարդասիրական խնդիրները ուսումնասիրման համար, որի արդյունքում հետագայում հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական զեկույցը:

Գրքում նշվում են հարյուր հազարավոր հայերի անուններ, որոնք «խոշտանգել եւ սպանել են ադրբեջանցի խաղաղ բնակչությանը»: Ինչպե՞ս են հաստատվում նման մերկապարանոց մեղադրանքները:

Կարծում եմ՝ ոչ մի հիմնավոր բանով, որը կարելի կլիներ ներկայացնել իմ կողմից վերեւում թվարկված կազմակերպություններից որեւէ մեկում։ Եվ ոչնչից պետք չէ զարմանալ։ Դեռեւս 2007 թվականին այն ժամանակվա ադրբեջանի ռազմական դատախազի առաջին տեղակալ Իլհամ Մամեդովը հայտարարել էր «ղարաբաղյան պատերազմի ժամանակ պատերազմական հանցագործություններ կատարած» 286 հայերի մասին, որոնցից իբր հայտնի էին 29 հայերի անուններ, նրանք «մեղադրվում էին գերության մեջ գտնվող ադրբեջանցիներին անմարդկային տանջանքների ենթարկելու համար»:

Նրանց թվում Մամեդովը նշել է նաեւ Հայաստանի Պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի ու անդամների անունները: Այս անձի ադեկվատության մասին դատեք ինքներդ: Ինչպես տեսնում ենք, հարեւան երկրի իշխանական կառույցների ձեռագիրը տարիներ ընթացքում չի փոխվում: Եվ պետք է կրկնեմ այն, ինչ ասել եմ ավելի վաղ՝ եթե այդ հայտարարությունները հստակ հիմքեր ունենային, ապա հարցը, ամենայն հավանականությամբ, ամենահեղինակավոր միջազգային կառույցների կողմից բարձրացվել էր վաղուց՝ իր ամբողջ խստությամբ: Ինչ էլ որ լինի, պետք չէ խոսել նման հայտարարությունների լրջության ու հուսալիության մասին։

Միլլի Մեջլիսի պատգամավոր Աֆլաթուն Ամաշեւը հայերին մեղադրել է անհայտ տղայի «կոնկրետ օրինակով»՝ հայտարարելով, որ նրան գլխատել են, կտրել են վերջույթները։ Սակայն, ինչպես հայտնի է, նմանատիպ բարբարոսական գործողությունները բնորոշ են հենց ադրբեջանական կողմին, որի ականատեսը միջազգային հանրությունը դարձավ  2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ։

Հիշում եք հին ամերիկյան ասացվածքն այն մասին, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։Ադրբեջանական կողմը պարբերաբար սլաքները  մեր կողմն ուղղելու փորձեր է ձեռնարկում ՝ մեղադրելով հայերին այնպիսի գործողություններում, որոնցում իրենք են հենց թաթախված։ Ադրբեջանում տարիներ շարունակ ոտնահարվում են հայ գերիներին եւ պատանդների վերաբերող միջազգային իրավունքի բոլոր գրված կանոնները։

Այս երկրում ակնհայտ խայտառակ կերպով կյանքից զրկում են խաղաղ հովիվ Կարեն Պետրոսյանին, անմարդկային կերպով ինքնասպանության են հասցնում Հայաստանի մեկ այլ քաղաքացիական անձի՝ Մանվել Սարիբեկյանին, խոշտանգումների եւ շանտաժի միջոցով փորձում են ժամկետային զինծառայող Համբարձում Ասատրյանին ուղարկել երրորդ երկիր, որը ենթադրաբար պետք է կատարվեր նրա սեփական կամքով:

Նույն Ադրբեջանում մեկ այլ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին կրկին շանտաժի եւ ահաբեկման միջոցով ուղարկվում են երրորդ երկիր, որտեղից նրան հաջողվում է վերադառնալ հայրենիք: Ադրբեջանական կապանքներում խաղաղ գյուղացի Արթուր Բադալյանին հոգեկան խանգարման են հասցնում, իսկ մեկ այլ խաղաղ գյուղացի Մամիկոն Խոջոյանին, որը այդ ժամանակ 77 տարեկան էր, այնքան են ծաղրում, որ ծերունին մահանում է տանջանքներից,  երբ նրան հաջողվում է վերադարձնել Հայաստան։

Այսպիսին է Ադրբեջանում Ժնեւյան կոնվենցիաների պահանջների կատարման երաշխավորող անձանց իրական դեմքը: Դուք բացարձակապես ճիշտ եք, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորին պետք է հիշեցնել ապրիլյան պատերազմում իրենց զինվորների կատարած վայրագությունների մասին: Թող նրանք անդրադառնան Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, որտեղ  փաստագրված է այդ ծանր գործողությունների վերաբերյալ բոլոր փաստերը: Նրան նաեւ պետք է հիշեցնել Սումգայիթում եւ Բաքվում հայկական ջարդերի, ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից իրականացվող «Կոլցո» օպերացիայի մասին, էթնիկ զտումների եւ Արցախի հայերին պարտադրված բռնագաղթի մասին:

Ակնհայտ է, որ վերոնշյալ աշխատությունը քարոզչական նպատակ ունի: Որո՞նք կարող են լինել մեր պատասխան քայլերը:

Ինչպես հայտնի է, քարոզչությունը կարող է իրականացվել ինչպես տեղեկատվության, այնպես էլ ապատեղեկատվության միջոցով։ Եթե ադրբեջանցիները հավատարիմ են ապատեղեկատվության տարածման գաղափարին, ապա մենք կշարունակենք տարածել մեր գործունեության ոլորտին վերաբերող հարցերի եւ խնդիրների վերաբերյալ հավաստի տեղեկություն։ Տարատեսակ շոուների կազմակերպումը մեր մասով չէ, մեր Պետական հանձնաժողովն աշխատում է առանց ձեռքերը ծալելու մեր առջեւ դրված խնդիրների լուծման համար՝ պարզաբանելով անհետ կորածների ճակատագիրը, մարդկանց գերությունից վերադարձնելով, նրանց ընտանիքների, հարազատների եւ ընկերների խնդիրները լուծելով: Թափանցիկության սկզբունքը միշտ եղել է, կա եւ կլինի մեր աշխատանքի կարեւորագույն մասերից մեկը:

Նույն միջացառման ժամանակ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության փոխնախարար, Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի անդամ Ադալյաթ  Վելիեւը որոշելով հետ չմնալ պետության առաջին դեմքից, սկսել է ծավալվել «Զանգեզուրի եւ Իրեւանի» թեմայով։ Ձեր կարծիքով, նմանատիպ ագրեսիվ մոտեցումը չի խանգարու՞մ Աշխատանքային խմբի առջեւ դրված առաքելության իրականացմանը։

Պետք է նշենք, որ Ձեր կողմից նշված կառույցը, ըստ էության, կոչված է լուծելու հումանիտար խնդիր, ինչպես նաեւ դրա հետ կապված սոցիալական, նյութական եւ այլ բնույթի հարցեր, չնայած ինքնին պարզ է, որ Ադրբեջանի պետական հանձնաժողովը վաղուց արդեն վերածվել է հակահայկական քարոզչության իրականացման հարթակի:

Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի շարքային անդամն այն անձը չէ, որը պետք է քաղաքական բնույթի հայտարարություններ անի, հատկապես հաշվի առնելով անհեթեթության աստիճանը: Ակնհայտ է, որ սա շոյում է պաշտոնյաների ու պետական ծառայողների զույգ ականջները, անկախ նրանց տրամաչափի կամ կարեւորության։

Ինչ ասեմ․․․ պատմությունը չի սիրում կեղծիքներ։ Օրինակ, հայտնի է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքի մեծ մասը Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի մաս էր կազմում: Թող դիմեն հնագույն հունական, հռոմեական աղբյուրներին, վերջիվերջո Ստրաբոնի աշխատություններին: Պատմությունը կեղծելու, փոխելու, խեղաթյուրելու բոլոր փորձերը ցավալի ավարտ են ունենում: Ի դեպ, պատմությունը նաեւ կրկնվելու սովորություն ունի:

Սա ես չեմ ասել, այն հաստատում են համաշխարհային մասշտաբի փիլիսոփաներ եւ գիտնականներ: Եվ սա եւս պետք է հաշվի առնվի սահմանի մյուս կողմում գտնվող կեղծարարների կողմից: Իր ժամանակ մեծ գերմանացի իդեալիստ փիլիսոփա Գեորգ Հեգելը ասել է, որ պատմությունը կրկնվում է, նախ `ողբերգության, ապա ֆարսի տեսքով: Թող դա հիշեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ