211652_close_icon
views-count3286 դիտում article-date 17:57 29-10-2019

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին: Նա արդեն երկրորդ անգամ է այցելում բժշկական համալսարան, որտեղ կրթություն է ստանում ավելի քան 900 հնդիկ ուսանող: Ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացրեց բուհում սովորող հնդիկ ուսանողների համար նախատեսված ծրագրերը, որոնք ուղղված են նրանց ինտեգրմանը, առաջադիմության բարձրացմանը, կարգապահությանն ու կեցությանը վերաբերող խնդիրներին: Արմեն Մուրադյանը նշեց, որ օտարերկրացի ուսանողների հետ կապված հարցերը բուհի ուշադրության կենտրոնում են: Տեսական գիտելիքների հետ մեկտեղ հնդիկ ուսանողները հնարավորություն են ստացել համալսարանական հիվանդանոցային համալիրներում իրականացնել կամավորական աշխատանք, ինչի շնորհիվ ձեռք են բերում նաև գործնական հմտություններ: Այդ թվում ԵՊԲՀ-ի կողմից կազմակերպվել են անվճար դասընթացներ այն առարկաներից, որոնցից հնդիկ սովորողներն ունեցել են դժվարություններ ուսումնառության ընթացքում: «Մեր նպատակն է, որ Հայաստանում բժշկական կրթություն ստացող հնդիկ ուսանողները մրցունակ լինեն ամբողջ աշխարհում»,-հավելեց Արմեն Մուրադյանը: Կիշան Դան Դևալը պատրաստակամություն հայտնեց պարբերաբար հանդիպել, քննարկել ու լուծել հնդիկ ուսանողներին վերաբերող ցանկացած հարց: «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը լավագույն համալսարանն է Հայաստանում»,-ասաց Կիշան Դան Դևալը՝ շնորհակալություն հայտնելով բուհին՝ որակյալ ապագա բժիշկներ պատրաստելու համար, որոնց կարիքն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հնդկաստանում մեծ է: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանն այցելեց Համալսարանական ուսանողական հանրակացարան, տեղում ցանոթացավ այնտեղ բնակվող հնդիկ ուսանողների կեցության պայմաններին, ինչպես նաև մասնակցեց հնդիկ ապագա բժիշկների կողմից կազմակերպած միջոցառմանը:

Նմանատիպ նյութեր