News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի բովանդակությունն ու համատեքստը`փորձելով մոլորության մեջ պահել միջազգային հասարակական կարծիքը. Իրականում Ադրբեջանը հենց ինքը չի կատարել այս բանաձեւերը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր  Հարութ Սասունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախյան ազատագրական պայքարի 30-ամյակի առթիվ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Սան Ֆերնանդոյի հովտի մասնաճյուղը մարտի 17-ին շուրջօրյա համաժողով անցկացրեց: Համաժողովը տեղի ունեցավ Կալիֆորնիայի Էնսինո քաղաքի Ֆերահյան հայկական վարժարանում: Բանախոսներն էին `պատմաբան դոկտ. Կարո Մոմջյանը, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի խորհրդի անդամ Սթիվեն Դադայանը, ՀՅԴ Արեւմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի անդամներ Լեւոն Կիրակոսյանը եւ Վաչե Թոմասյանը:  

Ստորեւ ներկայացված են հատվածներ համաժողովում Հարութ Սասունյանի ունեցած ելույթից.

Միավորված ազգերի կազմակեպության Անվտանգության խորհուրդը 1993 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ ընդունել է չորս բանաձեւ, պահանջելով հայկական ուժերի դուրսբերում, բոլոր ռազմական գործողությունների դադարեցում եւ կոչ անելով բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Այս չորս բանաձեւերը հաճախ են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք գտնվում են Ադրբեջանի իշխանությունների խիստ հսկողության տակ: Վերջին 25 տարիների ընթացքում ադրբեջանցիները բազմիցս դատապարտել են Հայաստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերը չկատարելու համար եւ դրանք դարձրել Հայաստանի դեմ շարունակվող իրենց քարոզչական պատերազմի մի մասը:

Սակայն, Ադրբեջանը խեղաթյուրել է այդ բանաձեւերի բովանդակությունն ու համատեքստը`փորձելով մոլորության մեջ պահել միջազգային հասարակական կարծիքը: Ադրբեջանը հենց ինքը չի կատարել այս բանաձեւերը: Երբ մի կողմը (Ադրբեջան) խախտում է այս բանաձեւերը, նա չի կարող մեղադրել մյուս կողմին (Հայաստան) դրանք չկատարելու համար: 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 պետություններից, որոնցից հինգը մշտական ​​անդամներ են եւ ունեն վետոյի իրավունք (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիա), իսկ մյուսը տասը՝ ոչ մշտական անդամներ են եւ ընտրվում են երկու տարի ժամկետով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատասխանատու է ազգերի միջեւ խաղաղության եւ անվտանգության ապահովման համար: ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավոր են կատարել Անվտանգության խորհրդի որոշումները:

Հատկապես կեղծավորություն է Թուրքիայի կառավարության կողմից Հայաստանին մեղադրելը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի չորս բանաձեւերը չկատարելու համար, այն դեպքում, երբ Թուրքիան ինքն է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելի քան 60 բանաձեւերը, սկսած 1974 թվականից՝ Հյուսիսային Կիպրոս ներխուժելուց հետո:

Այժմ եկեք դիտարկենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերից յուրաքանչյուրը, որոնք միաձայն ընդունվել են 15 անդամ պետությունների կողմից: Այս չորս բանաձեւերի որոշ դրույթների վերջում ավելացրել եմ իմ մեկնաբանությունները սեւատառատեսակով:

 

Հատվածներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 բանաձեւից, որն ընդունվել է 1993 թ. ապրիլի 30-ին.

«Պահանջում է բոլոր ռազմական եւ թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում կայուն զինադադար հաստատելու համար, ինչպես նաեւ բոլոր գրավող ուժերի դուրսբերում Քելբաջարի շրջանից եւ Ադրբեջանի վերջերս գրավված այլ տարածքներից»: Վերջին 25 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես խախտել է հրադադարը՝ շարունակ կրակելով Արցախի եւ Հայաստանի սահմանների ամբողջ երկայնքով:

«Կողմերին կոչ է արել անհապաղ վերսկսել հակամարտության կարգավորման համար բանակցությունները Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության համաժողովի Մինսկի խմբի խաղաղության գործընթացի շրջանակներում եւ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կխոչընդոտի խնդրի խաղաղ լուծմանը»: Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության համաժողովի (հետագայում վերանվանվեց ԵԱՀԿ) Մինսկի խումբը բաղկացած է երեք համանախագահներից` ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան. նրանք  են հանդիսանում պաշտոնական միջնորդները, որոնք կօգնեն լուծել ղարաբաղյան հակամարտությունը, այլ ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը...

«Կոչ է անում անարգել մուտք ապահովել տարածաշրջանում միջազգային մարդասիրական օգնության համար, մասնավորապես հակամարտության ազդեցության տակ գտնվող բոլոր շրջաններում՝ քաղաքացիական բնակչության տառապանքները թեթեւացնելու նպատակով եւ վերահաստատում է, որ բոլոր կողմերը պարտավորվում են պահպանել միջազգային մարդասիրական սկզբունքներն ու կանոնները»: Չնայած այս դրույթին՝ Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Արցախի ժողովրդին միջազգային մարդասիրական օգնության տրամադրումը։

Հատվածներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 853 բանաձեւից, որն ընդունվել է 1993 թ. հուլիսի 29-ին.

«Մեկ անգամ եւս իր խոր մտահոգությունն արտահայտելով Ադրբեջանի Հանրապետությունում մեծ թվով քաղաքացիների տեղահանման եւ տարածաշրջանում լուրջ մարդասիրական արտակարգ իրավիճակի վերաբերյալ»: «Տարածաշրջանում լուրջ մարդասիրական արտակարգ իրավիճակի վերաբերյալ» հղումը վերաբերում է նաեւ Ադրբեջանի հայ փախստականներին:

«Վերահաստատելով Ադրբեջանի Հանրապետության եւ տարածաշրջանի մյուս բոլոր պետությունների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»: Այս դրույթը վերաբերում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին:

«Վերահաստատելով նաեւ միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ ուժի կիրառման անթույլատրելիությունը տարածք ձեռք բերելու համար»: Համաձայն միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Արձանագրությունների՝ Արցախի հայերն ունեն ինքնորոշման իրավունք:

«Վերոնշյալ 3-րդ եւ 4-րդ կետերի համատեքստում կրկնում է իր ավելի վաղ կոչերը՝ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ կապերի վերականգնման համար»: Այս դրույթը խախտում են Ադրբեջանը եւ Թուրքիան՝ իրենց կողմից Հայաստանի ու Արցախի շրջափակմամբ:

«Կոչ է անում շահագրգիռ կողմերին ձեռնպահ մնալ որեւէ գործողությունից, որը կխոչընդոտի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ հետամուտ լինել բանակցությունների վարմանը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության համաժողովի Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաեւ նրանց միջեւ ուղիղ շփման շփման միջոցով` վերջնական կարգավորման նպատակով»: Հղումը «շահագրգիռ կողմերին» եւ «նրանց միջեւ ուղիղ շփմանը» ենթադրում է Արցախի ներգրավումը բանակցություններում, ինչպես եղել է նախկինում: Ադրբեջանը արգելափակել է Արցախի մասնակցությունը բանակցություններին:

«Կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել իր ազդեցությունը՝ հասնելու Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերի կողմից իր 822 (1993 թ.) բանաձեւի եւ սույն բանաձեւի կատարմանը եւ այս կողմի՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության համաժողովի Մինսկի խմբի առաջարկի ընդունմանը»։ Հայաստանը համակարգում է իր բանակցային դիրքորոշումը Արցախի Հանրապետության կառավարության հետ: Սակայն, Արցախի դուրս բերումը բանակցություններից բարդացնում է համակարգման առաջադրանքը: Ավելին, Արցախը չլինելով ճանաչված պետություն եւ ՄԱԿ-ի անդամ, պարտավոր չէ կատարել այս բանաձեւերից որեւէ մեկը։

«Կոչ է անում պետություններին ձեռնպահ մնալ ցանկացած տեսակի զենք եւ զինամթերք մատակարարելուց, որոնք կարող են հանգեցնել հակամարտության խորացմանը կամ տարածքների երկարատեւ գրավմանը»: Այս դրույթը խախտում են Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը, Չեխիան, Ուկրաինան, Պակիստանը եւ մի քանի այլ երկրներ, որոնք Ադրբեջանին մատակարարել են միլիարդավոր դոլարների զենքեր:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ