Բաժիններ՝

Միգուցե կողմնորոշվե՞նք՝ որն է արժեքավորը

Հիմա, երբ արդեն բավականաչափ ժամանակ է անցել ֆեյսբուքյան տարածքում հայտնված որոշ նյութերի քննարկումներից, կարող եմ անդրադառնալ երևույթի, որի ականատեսը հաճախ ենք դառնում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական ցանցերում շատ են ֆեյք օգտատերերը, և առհասարակ հայաստանյան օգտատերերի քանակը՝ հատկապես Ֆեյսբուքում, որն ամենատարածվածն է մեզանում, միանշանակորեն կարող ենք պնդել, որ սոցիալական ցանցերը չեն արտահայտում հասարակության հիմնական մասի տրամադրությունները։

Ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ «Ֆեյսբուքում հայաստանյան օգտատերերի թիվը, իհարկե, մեծ է՝ 1 մլն, բայց Instagram-ի օգտատերերի աճի տեմպերը շատ ակնհայտ են: Երիտասարդներն այս քաղաքականացված դաշտից ուղղակի գնում են ավելի հանգիստ դաշտ, որտեղ կարելի է զմայլվել հարիսայի և խաշի նկարներով»։

Ավելին, ֆեյսբուքյան օգտատերերի ակտիվության հետաճ էր նկատվել դեռևս նախընտրական և հետընտրական փուլում. այսինքն՝ օգտատերերի բավականին մեծ զանգված կա, որը դուրս է գալիս սոցցանցերից՝ խուսափելով քաղաքականացումից: Ոչ միայն քաղաքականացումից, այլև Ֆեյսբուքը դարձել է մի տեսակ ագրեսիվ, ջղաձիգ, մաղձով ու պեսիմիզմով լի մի հարթակ, որի նշանակությունը միանշանակ գերագնահատում ենք։

Կարդացեք նաև

Շատ հաճախ ցանկացած որևէ նյութի, գրառման, տեսանյութի, անձի նկատմամբ կազմակերպված այնպիսի «հարձակում» է տեղի ունենում, որը սովորական օգտատերերը նույնիսկ չեն կարողանում տարբերակել՝ կազմակերպվա՞ծ է ինչ-որ անձանց կամ խմբերի կողմից, թե՞ իսկապես այն արժանացել է քաղաքացիների անկեղծ բուռն արձագանքին։ Ու շատ հաճախ այդ քննարկումներ-քննադատություններն ուղեկցվում են հայհոյանքներով, մաղձ պարունակող ու ոչինչ չասող գրառումներով, փողոցային բառապաշարով մեկնաբանություններով։

Ավելին, նույնիսկ՝ ներկայացված նյութի հետ կապ չունեցող մեղադրանքներով։ Բոլորը մի պահ դառնում են հրշեջ, ոստիկան, վարչապետ, նախագահ, բժիշկ, գյուղատնտես, լրագրող… վայրկյանական հայտնվում են ամեն ինչից գլուխ հանող «փորձագետներ» ու սկսում են խրատներ տալ՝ ինչպես վիրահատել, ինչ ասել, ինչ անել, ինչպես ղեկավարել, ինչպես բանակցել, ինչպես հագնվել…

Ֆեյսբուքը դարձել է վիրտուալ ճահիճ, բամբասանքների ու «մաղձի» արտահայտման, ինքնադրսևորման-ինքնաբավարարման մի տարածք, որում կարող են ամենալավ գաղափարներն ու երևույթները մի քանի ժամում ապականվել-փչացվել, և հակառակը՝ ամենաանհանդուրժելի երևույթներն ու գործողությունները՝ հերոսացվել։ Օրինակ, «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների օրերին շատերը, ովքեր նույնիսկ սկզբունքորեն դեմ են բռնի, զինված գործողություններին, ոչ միայն հերոսացնում էին նրանց գործողությունները և առանձին անձանց, այլև ակամայից դառնում էին դրանց քարոզիչը։

Օրինակ, Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Լիբանանում բնակվող, իր տան համակարգչի առջև փափուկ աթոռի մեջ նստած ոսկերիչ Թորոս Սէֆիլյանը, ֆեյսբուքյան իր էջում հրահանգներ էր տալիս մեզ՝ հայաստանցիներիս, ի՞նչ անել, ավելին՝ հոխորտում ու հանդիմանում, թե ինչո՞ւ չենք հետևում իր անհեթեթ կոչերին, ինչո՞ւ հանրահավաքի դուրս չենք գալիս… Կամ, Հայաստանից ինչ-ինչ կեղծ տեղեկատվությամբ (սեռական կամ կրոնական փոքրամասնության քողի տակ, կամ՝ իբր քաղաքական դրդապատճառներով) որևէ երկրում ապաստարան ստացած որևէ մեկն իրեն թույլ է տալիս մեզ՝ այստեղ ապրողներիս, «հրահանգել»՝ ում գլուխը՝ երբ և ինչպես ու ինչով ջարդել…

Կամ, արտերկրում ապրող որևէ մեկը, որն իր որոշմամբ, իր կամքով տեղափոխվել է այլ երկրում ապրելու, որքան ուժ ունի, մաղձ ու ագրեսիա է տարածում ցանկացած մեկի հասցեին՝ դասեր տալով, թե ինչն՝ ինչպես անել։ Եթե դա անում է որևէ ոլորտի պրոֆեսիոնալ (իսկ նման մարդիկ իրենց թույլ չեն տալիս հայհոյախառն քոմենթներ), հասկանում ես, նույնիսկ չափազանց օգտակար է բոլորիս համար, բայց երբ դա անում է, ասենք, մի տիկին, որն արտերկրում անում է մի աշխատանք, որն իր սեփական երկրում երբեք չէր համաձայնի անել, արդեն դիագնոզ է…

Նման մարդիկ հայհոյում են ամեն ինչ՝ երկիրը, իշխանություններին, ընդդիմությանը, ամեն ինչ, դժգոհ են ամեն ինչից, ու որքան Հայաստանում վատ լինի՝ այնքան իրենց սիրտը հանգիստ է, իրենց հոգու խորքում արդարացնում են այստեղից գնալու իրենց որոշումը…

Հենրիկ Մխիթարյանը, որ շատերի կուռքն է և Հայաստանի քայլող սիմվոլներից մեկը, ով մոտիվացնում և ուրախացնում է միլիոնավոր երիտասարդների (նույնիսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ նրան. «Ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է»), բավական է մի «կիքս» կամ քայլ անի, որը ոմանց դուր չի գա՝ անմիջապես հակահերոսացնող ու դատապարտող գնահատականների կարժանանա… (արդեն իսկ ոմանք քննադատում էին՝ «այդքան աշխատում ես՝ Հայաստանում մի բան կառուցի» մոտիվներով)։

Երբ ինտերնետ տիրույթում և մամուլում տարածվեցին Հենրիկ Մխիթարյանի՝ ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի, շոու-բիզնեսի ներկայացուցիչ Վիկտորյա Լոպիրյովայի հետ լուսանկարները՝ նույն այդ հերոսացնողներն ու նրան երկրպագողները Մխիթարյանին սկսեցին դաժանորեն «քննադատել» ու ամոթանք տալ՝ «գյոզալ հայ աղջիկներին» թողած՝ ռուս աղջիկների հետևից ես վազում…

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը վերջերս իրավացիորեն մի այսպիսի գրառում էր կատարել. «Մի քանի տարի առաջ ՖԲ-ում տարբեր հանգուցային ու լայն հնչողություն ունեցող հարցերի լուրջ-լուրջ քննարկումներ էին ծավալվում, թեմաներ արծարծվում՝ աշխարհայացքային, վերլուծական, պատմական, մեթոդաբանական, դիտանկյուններով, տեսական ու գործնական հարթությունների մեջ… Վերջին ժամանակներում թեմաները մեծ մասը ջրիկ՝ հա հա, հի հի կարգի են, լուրջ հարցերն էլ սահմանափակվում են հարայ-հրոցներով, հայհոյանքներով, կռիվ-ղալմաղալով… Բացառիկ դեպքերում ես լուրջ քննարկումների հանդիպում…»։

Վերջերս լայն քննադատությունների արժանացավ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը. քննադատողների մեծ մասը, բնականաբար, չէր էլ կարդացել օրենքը։ Ով՝ ում ասես և ինչում ասես՝ մեղադրեց։ Օրենքի բովանդակությունն արդեն նույնիսկ կարևոր չէր. մարդիկ, որքան ուժ ունեին ու ինչից ուզում էին՝ արտահայտվում էին։ Շատերը թշնամացան միմյանց հետ, ֆեյսբուքյան «ընկերների» ցանկից միմյանց ջնջեցին, փողոցում տեսնում՝ միմյանց չեն բարևում…

Նախորդ շաբաթ Ֆեյսբուքում և այլուր մի տեսանյութ տարածվեց, որում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնակցում էր երգչուհի Նադեժդա Սարգսյանի ծննդյան տարեդարձին։ Արարողության մասնակիցներն անմիջապես հեռախոսներով արված տեսանյութերը համացանցով տարածեցին։ Ու սկսվեց… քննադատությունների տարափը, թե ինչո՞ւ է ՀՀ առաջին տիկինը մասնակցում շոու-բիզնեսի ներկայացուցիչների ծննդյան տարեդարձերին, ինչո՞ւ են շոու-բիզնեսի ներկայացուցիչներն այդպես քծնում, լայն հնարավորություններից օգտվում, և այլն, և այլն։

Նախ, սկսենք այն հանգամանքից, որ որևէ երկրում, այդ թվում՝ Հայաստանում, ընդ որում՝ բոլոր նախագահների (և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի) տիկնայք մշտապես շփվել են շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ նրանց ընդգրկելով այս կամ այն հասարակական-մշակութային-բարեգործական ծրագրում։ Հատկապես հասարակական նշանակության որևէ միջոցառման ժամանակ պոպ երաժշտության ներկայացուցիչ երգիչ-երգչուհիներն են մասնակցել, այսպես ասած՝ «ծաղկեցնելով» տվյալ միջոցառումը (բարեգործական որևէ միջոցառման, ամանորյա համերգ-միջոցառումների, ծերանոցներ, հիվանդանոցներ, մանկատներ այցելությունների ժամանակ)։

Եվ, բնականաբար, հաճախ այդ մտերմությունից, համագործակցությունից ելնելով՝ այդ մարդիկ ևս իրենց ծննդյան կամ այլ միջոցառումների առիթներով հրավիրում են Առաջին տիկնանց։ Ի՞նչ անել. մերժե՞լ։ Տվյալ պարագայում, երբ երգչուհի Նադեժդա Սարգսյանը երկար ժամանակ բուժումներ էր ստանում ծանր հիվանդության` քաղցկեղի դեմ պայքարելով, հրավիրում է ՀՀ առաջին տիկնոջը՝ ներկա գտնվել իր ծննդյան տարեդարձին։ Իսկ ինչո՞ւ մերժել։

Միշտ էլ ՀՀ առաջին տիկնայք, ի թիվս պաշտոնական և ծրագրային միջոցառումների, մասնակցել են և՛ ծննդյան տարեդարձերի, և՛ հարսանիքների, և՛ այլ խնջույքների։ Այլ բան է, որ այն ժամանակներում ոչ միայն տեխնոլոգիաներն այսքան զարգացած չէին, և ներկաները չէին կարող հեռախոսներով լուսանկարել կամ տեսանկարահանել ու անմիջապես դրանք տեղադրել սոցցանցերում, այլև խստորեն վերահսկվում էր պրոտոկոլի շրջանակներում։ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը չափազանց պարզ, անմիջական մարդ է, որն իր այդ հատկանիշների պատճառով հաճախ քննադատությունների է ենթարկվում՝ ինչո՞ւ այսպես ասաց, ինչո՞ւ այնպես արեց, և այլն։ Նա շրջում է առանց թիկնազորի, միջոցառումների, խանութ, սրճարան է այցելում…

Մենք շատ հաճախ հիացական խոսքեր ենք շռայլում, երբ նման երևույթների ենք ականատես լինում եվրոպական երկրներում՝ կոչ անելով օրինակ վերցնել արևմտյան երկրների լիդերներից, նրանց կանանցից, սակայն ինքներս դաժանաբար քննադատում ենք, երբ մեզանում ականատես ենք լինում նման երևույթի։

Ընդ որում, ՀՀ առաջին տիկինը նույն ոգևորությամբ ներկա է լինում և՛ ծերանոցներում, և՛ մանկատներում անցկացվող միջոցառումներին։ Թեև շատ հաճախ չի լուսաբանվում, սակայն այցելում է սոցիալապես ծանր կյանքով ապրող, կարիքավոր ընտանիքներին, զոհված զինվորների ընտանիքներին։

Ցավոք, մենք դաժանորեն քննադատում ենք՝ անտեսելով նաև այն ահռելի աշխատանքը, որ նա տարիներ շարունակ իրականացնում է. հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երեխաների բուժման խնդիրներ է լուծում, լեյկեմիայով տառապող մանուկների կյանքեր է փրկում՝ երջանկացնելով տասնյակ ընտանիքների, շնորհալի, տաղանդավոր երեխաներին աջակցում է՝ հնարավորություն ընձեռելով միջազգային փառատոների մասնակցել։ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ջանքերով տարիներ առաջ ստեղծվեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը:

Հիմնադրամի նպատակն է՝ ֆինանսավորել այն զույգերին, ովքեր տառապում են անպտղությամբ, բայց օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառմամբ բուժօգնության դիմելու բավարար միջոցներ չունեն: «Արագիլի» շնորհիվ ծնվել է ավելի քան 420 երեխա։

Տարիներ առաջ նա ստեղծեց նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է։ Հիմնադրամի հիմնական խնդիրներն են՝ ֆինանսական միջոցներ հանգանակել օնկոլոգիական և հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների բուժման ու վերականգնման համար, ինչպես նաև հասարակության ուշադրությունն ուղղել օնկոլոգիական և հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների պրոբլեմներին, իհարկե, աջակցել՝ արյան անհատույց դոնորության զարգացմանը:

Մանկական արյան քաղցկեղի բուժումը մեծ գումարներ է պահանջում, այն դեպքում, երբ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում։ Ըստ մասնագետների՝ այդ բուժումը կարող է արժենալ 15-150 հազար ԱՄՆ դոլար, և դա հնարավոր է իրագործել միայն բարերարների օգնությամբ: Հիմնադրամը ստեղծման օրից օգնել է ավելի քան 450 երեխայի։

Ի վերջո, ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հովանու ներքո կազմակերպվում են նաև բազմաթիվ փառատոներ ու մրցույթներ, այդ թվում՝ դասական երաժշտության բնագավառում:

Իհարկե, պոպ երաժշտության, շոու-բիզնեսի որևէ ներկայացուցչի երկրպագուներն ավելի շատ են, քան, օրինակ, դասական արվեստի որևէ ներկայացուցչի, գրողի, նկարչի, իրական արվեստագետի, իրական մտավորականի, հետևաբար՝ պոպ-դեմքերի շնորհիվ ևս որևէ միջոցառում սոցցանցերում դառնում է ավելի լայն քննարկման առարկա։ Հատկապես, երբ նրանք էլ իրենց հերթին են ինչ-ինչ նպատակներից ելնելով՝ շահագրգռված երկրի ղեկավարների (նախագահ, վարչապետ, նախարարներ, որևէ հայտնի մարդ) կամ առաջին տիկնանց հետ լուսանկարները տարածել։

Այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում՝ աշխարհի ցանկացած երկրում ցանկացած մեկը սելֆի-լուսանկար, հեռախոսով արված որևէ տեսանյութ է տեղադրում՝ գրառում կատարելով։ Բոլորն ունեն այդ թուլությունը՝ լուսանկարվել որևէ հայտնի, հանրային մարդու հետ։ Եվ դա էլ է մարդկային՝ ամեն մեկն ինչ-որ բան ուզում է ցուցադրել, ասել։ Ուրեմն, ինչո՞ւ դատապարտել այդ երևույթը։

Մեր այս տրամաբանությունից ելնելով՝ պետք է մերժենք նման երևույթն ընդհանրապես։ Երբ Միշել Օբաման հագնում էր ամերիկյան երիտասարդ դիզայներների ստեղծած հագուստները, ասում էինք՝ տեսեք, ինչ լավ երևույթ է, նա խրախուսում է երիտասարդներին, մոտիվացնում ու ոգևորում է, իսկ երբ ՀՀ առաջին տիկնայք են օգտվում հայ երիտասարդ դիզայներների աշխատանքից, ասում ենք՝ էդ ի՜նչ է հագել…

Երբ նույն Միշել Օբաման մասնակցում է իրենց շոու-բիզնեսի ներկայացուցիչների հրավիրած միջոցառումներին, կամ լուսանկարվում է, պարում է, երգում է, ասում ենք՝ ի՜նչ անմիջական ու պարզ է, բայց երբ մերոնք են նման կերպ պարզ շփվում բոլորի հետ, ասում ենք՝ ինչպե՞ս կարելի է, բա ամոթ չի՞… Եվ ամենացավալին՝ դա հաճախ արվում է ուղղորդված, ամենայն չարությամբ և գռեհիկ բառապաշարով։

Միգուցե կողմնորոշվե՞նք՝ ի՞նչ ենք մենք ուզում, ինչպիսի՞ արժեքների, փոխհարաբերությունների կողմնակից ենք, ի՞նչ ենք ակնկալում դիմացինից։ Այլ խնդիր է, որ շոու-բիզնեսի այդ ներկայացուցիչները շատ հաճախ ամենատհաճ կերպով են քծնում իշխանական որևէ ներկայացուցչի, շահադիտական նպատակներով շողոքորթում են՝ օգտվելով բոլոր հնարավորություններից…

Եվ դա իսկապես շատ տհաճ և զզվելի է։ Նման երևույթներից մարդիկ պարզապես հոգնել են՝ առավել ևս, երբ այդ նույն մարդիկ բոլոր նախագահների օրոք և՛ քծնել են, և՛ օգտվել, անձնական օգուտներ քաղել։ Ասել, թե նրանք, ում քծնում են՝ այդ ամենը չեն հասկանում, սխալված կլինենք։ Բարեկրթությունը շատ հաճախ պահանջում է հանդուրժել և պարզապես ժպտալ։

Միգուցե պետք է իսկապես նման միջոցառումների ժամանակ խստորեն արգելվի հեռախոսով արված որևէ լուսանկար և տեսանյութ՝ պահպանելով պրոտոկոլի ամեն մի դրույթ. դա՞ ենք գնահատում և ցանկանում։ Ի՞նչ ենք մենք ուզում։ Առավել ևս, որ շատ հաճախ այդ «քննադատությունների տարափը» սոցիալական ցանցերում կազմակերպվում է այս կամ այն մարդկանց կողմից՝ պայմանավորված խանդի, նախանձի, չարության դրսևորումներով։

Թերևս, ուզում ենք պարզ, անկեղծ մարդկային հարաբերություններ։ Միգուցե գնահատենք դա ու մտածենք՝ իսկ ի՞նչ ենք մենք արել մեր կյանքում՝ որևէ լավ բան։ Ընդամենը։ Իսկ թե ում հետ սրճարան կգնա Հենրիկ Մխիթարյանը, կամ ում հետ կամուսնանա Լևոն Արոնյանը, որ ազգի ներկայացուցչի՝ իրականում միևնույն է…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս