Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարդենիս մտնող ճանապարհը մեկ ժամ փակվել է անասնապահական տնտեսությունների ներկայացուցիչների կողմից

Վարդենիս մտնող ճանապարհը մեկ ժամ փակվել է անասնապահական 
տնտեսությունների ներկայացուցիչների կողմից

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 14-ի ժամը 13:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի անասնապահական խոշոր ֆերմերային եւ գյուղացիական մանր ու միջին տնտեսությունների ներկայացուցիչները, թվով մոտ 200 հոգի, Վարդենիս քաղաքի մուտքի մոտ փակել են Վարդենիս-Մարտակերտ միջպետական նշանակության ճանապարհը՝ արտահայտելով իրենց բողոքը կաթի մթերման գների նվազեցման դեմ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց բողոքի ակցիայի մասնակից, «Վարդանանք» գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ, ֆերմեր Լյուդվիգ Շաբոյանը, բողոքի ակցիայի մասնակիցներին են այցելել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը եւ Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը:

«Պաշտոնյաները կապ հաստատեցին Տարածքային կառավարման եւ զարգացման ու գյուղատնտեսության նախարարության համապատասխան պաշտոնյաների հետ, տվեցին հավաստիացումներ առ այն, որ խնդիրն արդեն քննարկվել է ՀՀ վարչապետի առաջին տեղակալ Արարատ Միրզոյանի մոտ՝ մթերող կազմակերպությունների մասնակցությամբ, ու մոտակա օրերին այն կկարգավորվի: Նրանց կողմից տրված հավաստիացումներից հետո մենք բացել ենք ճանապարհը, որը փակ մնաց մոտ 1 ժամ:

Հուսով ենք, որ մթերողները ոչ միայն գների նոր իջեցում չեն անի, այլ նաեւ կպահպանեն ապրիլի վերջերի դրությամբ գոյություն ունեցող գինը, այն է՝ 180 դրամը, որը վերջին երկու շաբաթում արդեն նվազել է 40 դրամով»,-ներկայացրեց Լյուդվիգ Շաբոյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանն էլ իր հերթին «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ բողոքի ակցիան իրականացնողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ձեռնպահ մնալ ճանապարհների փակման գործողություններից եւ մշտական կապի մեջ լինել մարզպետարանի ու քաղաքապետարանի հետ՝ հարցին օրենքի շրջանակներում ու խելամիտ ձեւով լուծում գտնելու համար:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]