211652_close_icon
views-count1459 դիտում article-date 15:22 31-10-2018

Սոցիալական պաշտպանության համակարգը պետք է ծառայի որպես մարդկային կապիտալի գլխավոր ներդրում

Այսօր Երևանում մեկնարկեց իր տեսակի մեջ առաջին լայնածավալ միջազգային համաժողովը, որը նվիրված է աղքատության կրճատման և կայուն զարգացման օրակարգում սոցիալական պաշտպանության դերի վերաիմաստավորմանը: «Չանտեսելով ոչ ոքի Հայաստանում. սոցիալական պաշտպանության դերը կայուն զարգացման օրակարգում» խորագրով համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը: «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարյուրամյակը կարևոր և պարտավորեցնող առիթ է, որպեսզի վերաիմաստավորենք սոցիալական պաշտպանության համակարգի դերը աղքատության կրճատման օրակարգում: Հայաստանը պետք է ունենա սոցիալական համակարգ, որում կներառվեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները միջգերատեսչական համագործակցության հիմքի վրա, կգնահատվեն մարդկանց կարիքները՝ աջակցությունը հասցեական տրամադրելու համար», - նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: «Աղքատությունը մարդկանցից հաճախ խլում է իրենց հնարավորությունները, հույսը, արժանապատվությունն ու իրենց կարողությունների նկատմամբ վստահությունը: Բայց երբ նույնը պատահում է երեխաների հետ, դա ոչ միայն իրենց կյանքի վրա է ազդեցություն թողնում, այլև վտանգում է իրենց համայնքի և հասարակության ապագան», - հայտնեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Այսօր մեծացող երեխաները չեն կարող սպասել տնտեսական զարգացման ծրագրերի արդյունքներին: Նրանց մարմինը, ուղեղը, կարողությունները և կյանքի հանդեպ երազանքներն այսօր են ձևավորվում, և այսօր նրանք մեր աջակցության կարիքն ունեն: Թեև հնարավոր չի լինի մի գիշերվա ընթացքում զգալիորեն կրճատել աղքատությունը, բայց հնարավոր է կրճատել աղքատության ազդեցությունը երեխաների վրա խելացի հանրային քաղաքականության միջոցով, ինչպես նաև՝ մասնավոր հատված-հանրություն գործընկերության միջոցով»: Համաժողովը կտևի երեք օր, որի ընթացքում ելույթներ կհչեն ՀՀ կառավարության ներկայացուցիչների, Եվրոպայից և ԱՄՆ-ից ժամանած 20-ից ավելի առաջատար փորձագետների կողմից, ինչպես նաև կմասնակցեն տարատեսակ պլենար քննարկումների: «Տեխնոլոգիաների՝ մեր ապրելակերպը, աշխատանքն ու սոցիալական կյանքը վերափոխելուն զուգընթաց, Հայաստանը պետք է խթանի մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ներդրումները: Վերջերս Համաշխարհային բանկը ներկայացրեց «Մարդկային կապիտալի ինդեքս»-ը, որը չափում է այսօրվա նորածնից ակնկալվող ներուժը 18 տարի անց, հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց նա բախվում է երկրում՝ կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության առումով: Հայաստանն այս ինդեքսում 157 երկրների շարքում զբաղեցնում է 78-րդ տեղը և ունի 0.57 միավոր: Սա նշանակում է, որ երեխան հետագայում կարող է իրագործել իր ներուժի 57 տոկոսը, նույնիսկ եթե ստանա իրեն հասանելիք կրթական և առողջապահական ծառայությունները», - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: «Այս տարի նշում ենք սոցիալական աշխատողի ինստիտուտի 25-ամյակը և ավելի քան կարևոր է դիտարկել սոցիալական ոլորտի աշխատողների մասնագիտական գիտելիքները, աշխատանքային պայմանները: Պետք է հասկանալ, թե արդյո՞ք նրանց ծանրաբեռնվածությունը, մանդատը և ունեցած ռեսուրսները բավական հավասարակշռված են քաղաքացիներին հասցեական աջակցություն տրամադրելու համար: Մենք գործ ունենք ոչ միայն նյութական աղքատությունից տուժող մարդկանց հետ, այլև նրանց, ովքեր այսքան տարիներ աղքատության հաղթահարման քաղաքականության ձգձգման պատճառով կրում են աղքատության մշակույթի ազդեցությունը:»,- նշեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը: «Սոցիալական ծառայությունների և մասնագետների աստիճանական պրոֆեսիոնալիզացիան իմ կարծիքով ոլորտի բարեփոխումների հիմնասյունն է: Լիահույս ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք իրականացնել դա, և մարդիկ կստանան որակյալ ծառայություններ՝ գործելու որպես ինքնաբավ, ակտիվ քաղաքացիներ»: Համաժողովը կեզրափակվի նոյեմբերի 2-ին ժ. 12:30-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն Մանե Թանդիլյանի ամփոփիչ ելույթով: Փակման արարողությանը կներկայացվի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման հետագա քայլերը նախանշող գործողությունների պլանը:

Նմանատիպ նյութեր