Սա կարևոր բարոյական և քաղաքական քայլ է․ Դավիթ Բաբայանը՝ ԵԽ ընդունած բանաձևի մասին
Սա կարևոր բարոյական և քաղաքական քայլ է։ Այս մասին ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, խոսելով ԵԽ-ում ընդունված ՝«Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձևի մասին, հայտարարեց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Մենք բավականին երկար ժամանակ աշխատում ենք այս ուղղությամբ։ Մեծ աշխատանք են տարել նաև այլ կառույցներ՝ Արցախից և Հայաստանից։ Գործընթացը եղել է հագեցած։ Վերջին պահին ադրբեջանցիները որոշ քայլեր են ձեռնարկել, բայց, բարեբախտաբար, ստացվել է։ Սա կարևոր բարոյական և քաղաքական, թեև փոքր, բայց մեզ համար կարևոր առաջընթաց է»,- ասաց Բաբայանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԵԽ-ում 635 «կողմ», 2 «դեմ» և 42 «ձեռնպահ» ձայներով ընդունվել է «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձևը։
Բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Եվրախորհրդարանն ընդունեց ԼՂ մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձևը
- Եվրախորհրդարանի պատգամավորները ահազանգում են Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին