Բաժիններ՝

Էրդողանն ամրապնդեց իր մենաշնորհը 2018թ.

Անցնող տարին Թուրքիայում բավական կարևոր և ուշագրավ իրադարձություններով լի տարի էր: Այն նշանավորվեց արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններով, արտակարգ դրության ռեժիմի չեղարկմամբ և այլախոհների նկատմամբ շարունակական հետապնդումներով ու ձերբակալություններով:

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացավ ձայների 49,17%-ը, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ձայների 52,59%-ով, ինչպես և կանխատեսվում էր, ընտրվեց երկրի նախագահ: Հատկանշական է, որ այս ընտրություններից հետո, ըստ 2017թ.-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների՝ երկիրը խորհրդարանական կառավարման համակարգից լիարժեքորեն անցում կատարեց նախագահականի: Ուստի, այս առումով պատահական չէր, որ Էրդողանը շահագրգռված էր հնարավորինս արագ կազմակերպել ընտրություններն՝ ընդդիմությանը զրկելով կոնսոլիդացվելու, նախապատրաստվելու հնարավորությունից՝ երաշխավորելով սեփական հաղթանակը: Այս հարցում իր լուրջ «դերակատարումն» ունեցավ նաև երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը, որի «շնորհիվ» Էրդողանին հաջողվում էր ճնշել բոլոր այլախոհներին և իր համար «վտանգ ներկայացնող» անձանց: Ըստ էության, նախագահի պաշտոնում վերընտրվելով՝ Էրդողանն ի վերջո ամբողջովին կյանքի կոչեց դեռ տարիներ առաջ նախատեսած իր ծրագրերն՝ ամբողջությամբ տիրապետել երկրում առկա բոլոր ռեսուրսներին և լծակներին:

Ինչ վերաբերում է ընտրությունների մասին միջազգային արձագանքներին, ապա դրանք հիմնականում քննադատական էին և շեշտում էին, որ երկրում տիրող անառողջ մթնոլորտն անազատ պայմաններ էր ստեղծել ընտրությունների անցկացման համար: Այս առումով, թերևս, կարևոր էր ԵԽԽՎ-ի սեպտեմբերի 5-ին հրապարակած զեկույցը, որում նշվում է, որ քարոզարշավն իրականացնելու համար հավասար պայմաններ ապահովված չէին, իսկ իշխող կուսակցությունն էլ օգտագործել է իշխանական լծակները:

Ընտրություններից գրեթե 1 ամիս անց՝ հունիսի 18-ին, երբ արտահերթ նախագահական ընտրություններից հետո Էրդողանի ընդլայնված լիազորություններն արդեն իսկ մտել էին ուժի մեջ, երկրում չեղարկվեց արտակարգ դրության ռեժիմը: Չեղարկման հիմնական պատճառներից էին Թուրքիայում մարդու հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ Արևմուտքից հնչող քննադատությունների ակտիվացումը: Նշենք, որ այս հարցի հետ կապված երկրի ներսում ևս առկա էր ճնշում: Դեռ ապրիլին Թուրքիայի 81 նահանգներում բավական լայնամասշտաբ ցույցեր տեղի ունեցան (կազմակերպված ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից)՝ երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղարկել արտակարգ դրության ռեժիմը՝ նշելով, որ իշխանություններն այն օգտագործում են որպես պատրվակ՝ շրջանցելու խորհրդարանը և լռեցնելու ընդդիմությանը:

Ակնհայտ էր, սակայն, որ արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը միջազգային հանրությանը «մոլորեցնելու» միջոց էր միայն, և այդ որոշման արդյունքում հազիվ թե Թուրքիայի ներսում ժողովրդավարության կամ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի զգալի փոփոխություն արձանագրվեր:

Այսպես, քաղհասարակության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումները Թուրքիայում հատկապես տարվա երկրորդ կեսին առավել ակտիվացան: Եվ հետաքրքրականն այն է, որ եթե վերջին մի քանի տարիների ընթացքում հետապնդումների էին ենթարկվում հիմնականում նրանք, ովքեր մեղադրվում էին գյուլենականների հետ առնչություններ ունենալու մեջ, ապա 2018թ.-ի երկրորդ կեսին սկսեցին հետապնդումների ենթարկվել և ձերբակալվել նաև ավելի վաղ շրջանում ընդդիմադիր դիրքորոշում արտահայտած անձիք (առավելապես կապված 2013 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ցույցերի հետ): Այս տարվա սեպտեմբերին Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալեց օդուժի 100 աշխատակիցների, նոյեմբերի 16-ին ձերբակալեց 5 ակադեմիկոսի, լրագրողների և ակտիվիստների: 2019թ.-ի մարտի 31-ին Թուրքիայում սպասվող տեղական ընտրություններին ընդառաջ՝ բավական լայնամասշտաբ արշավ սկսվեց նաև Թուրքիայի տարբեր շրջաններում գտնվող քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամների և մի շարք լրագրողների, ակտիվիստների նկատմամբ, որի արդյունքում ձերբակալվեց 150 մարդ: 2013 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ցույցերը ֆինանսավորվման մեղադրանքների պատճառով Թուրքիայում իր գործունեությունը դադարեցրեց ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակություն հիմնադրամի» գրասենյակը:

Թուրքիայում տիրող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային հանրության քննադատություններն այս տարի ևս բավական շատ էին, որոնցից, թերևս իրենց կարևորությամբ առանձնանում էին մի քանիսը: Փետրվարի 5-ին Եվրախորհրդարանն ընդունեց «Թուրքիայում մարդու իրավունքների վերաբերյալ ներկայիս իրավիճակը» վերնագրով բանաձև, որտեղ քննադատության են ենթարկվում իշխանության կողմից իրականացվող ձերբակալությունները, բռնաճնշումները, քուրդ պատգամավորների նկատմամբ տարվող քաղաքականությունը և այլն: Իսկ մարտի 20-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց որոշում, ըստ որի՝ Թուրքիան պետք է 21,500 եվրո փոխհատուցում վճարի 2 ձերբակալված լրագրողների (Մեհմեդ Ալթան և Սահին Ալփայ) իրավունքները և խոսքի ազատությունը խախտելու համար: ՄԻԵԴ-ի մեկ այլ որոշմամբ էլ՝ հրապարակված նոյեմբերի 18-ին, Թուրքիան պետք է ազատ արձակի Թուրքիայում գործող ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, քանի որ նրան կալանքի տակ պահելու հիմքերը բավարար չեն, ինչպես նաև պետք է Դեմիրթաշին որպես բարոյական փոխհատուցում վճարի 10 հազար, իսկ որպես դատական ծախսերի փոխհատուցում՝ 15 հազար եվրո: Այս որոշման հետ կապված Թուրքիայի արձագանքը չուշացավ: Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի պատրաստվում կատարել այդ որոշումը: Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին (Human Rights Watch, Freedon House, Amnesty International և այլն), ապա վերջիններիս 2018թ.-ի զեկույցները դեռևս հրապարակված չեն: Այնուամենայնիվ, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դրանք էապես չեն տարբերվելու նախորդ տարվա զեկույցներից, որոնցում նշվում է, որ Թուրքիայի իշխանության թիրախում են եղել լրագրողներ, քաղաքական ակտիվիստներ և մարդու իրավունքների պաշտպաններ, որոնց նկատմամբ իրականացվել են բռնաճնշումներ:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Թուրքիայի ներկայիս իշխանություններն՝ ի դեմս Էրդողանի, շարունակում են իրենց իշխանության ամրապնդումը երկրում՝ ամենահարմար պահի անցկացնելով ընտրություններ, ճնշելով բոլոր այլախոհներին և անտեսելով միջազգային հանրության կոչերն ու քննադատությունները: 2019թ.-ին, ամենայն հավանականությամբ, Թուրքիայում կշարունակվի բռնատիրական այս քաղաքականությունը, և Էրդողանը նոր թափով կսկսի պատրաստվել հաջորդ նախագահական ընտրություններին:

Գրետա Ավետիսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս