Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանն ու Կլաարն ընդգծել են ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը

Փաշինյանն ու Կլաարն ընդգծել են ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ 
հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ-ԵՄ գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ և կարևորել փոխհարաբերությունների ամրապնդմանը միտված ջանքերը: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը հետևողականորեն առաջ է շարժվում ՀՀ ժողովրդավարական օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ և շնորհակալ է ԵՄ-ին՝ այդ գործընթացին սատարելու համար:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և վերահաստատում է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակին և լարվածության աճին: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա երկխոսության ընթացքի շուրջ:

ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բրյուսելում ԵԽ նախագահի և Ֆրանսիայի նախագահի, Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ակտիվ շփումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am