«Դրա համար ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական հիմք չկա». ՀՀԿ-ն չի հրաժարվի ԱԺ նախագահի ու տեղակալների պաշտոններից

Եթե ՀՀԿ-ն ընդդիմություն է, դա ամենևին չի նշանակում, որ պետք է հրաժարվի ԱԺ ղեկավար պաշտոններից։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումները, որ, եթե ՀՀԿ-ն ընդդիմություն է, ապա ինչո՞ւ է մինչև այժմ իր ձեռքում պահում խորհրդարանի ղեկավարումը, երբ ընդդիմություն դառնալուց անմիջապես հետո պետք է զիջեր այդ տեղը նոր իշխանությանը:

Ըստ հրապարակման՝ Սահմանադրության 104-րդ հոդվածում ասվում է. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ինչպես պարզ և շատ հստակ գրված է Սահմանադրությամբ, խորհրդարանական ընդդիմությունը կարող է ունենալ միայն մեկ ԱԺ փոխխոսնակի տեղ, բայց ոչ՝ խորհրդարանի նախագահ և երկու փոխխոսնակ:

«Դրա համար ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական հիմք չկա։ ԱԺ նախագահն ու տեղակալներն ընտրվել են պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ։ Միայն մի պաշտոնն է, որ քվոտավորված է, դա ԱԺ նախագահի մեկ տեղակալի պաշտոնն է,- ասաց Է.Շարմազանովը և շարունակեց,- Թե՛ Արա Բաբլոյանը, թե՛ Արփինե Հովհաննիսյանը, և թե՛ ես ընտրվել ենք առանց քվոտայի՝ պարզ մեծամասնությամբ։ Եթե կուսակցությունը կորոշի, որ ես՝ Էդուարդ Շարմազանովս, պետք է հրաժարական տամ, քավ լիցի, ոչ մի խնդիր չկա, նույն պահին հրաժարական կտամ։ Բայց նման որոշում չունենք, նման խնդիր չկա»։

ԱԺ հանձնաժողովների նախագահների պահով, ըստ նրա, գործում է Դոնթի բանաձևը. «Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, շարունակելու են գործել։ Պետք է Սահմանադրությունը լավ կարդալ։ Իրավական առումով այստեղ որևէ նոնսենս չկա։ Մենք ոչ թե նշանակվել, այլ ընտրվել ենք բոլոր պատգամավորների կողմից։ Քվարկությանը Հանրապետականից մասնակցել է 55 պատգամավոր, բայց մենք ընտրվել ենք 80 և ավելի ձայներով։

Այսինքն՝ սա քաղաքական որոշման խնդիր է, կուսակցությունը նման որոշում չի կայացրել, որպեսզի ԱԺ նախագահը, տեղակալներն ու հանձնաժողովի նախագահները հրաժարական տան, որովհետև դրանք ընտրովի պաշտոններ են, և ոչ թե՝ կուսակցությունն է նրանց ընտրել, այլ ընտրվել են պատգամավորների կողմից։ Ինչ վերաբերում է քվոտային, ապա, այո, քվոտավորում կա, բայց 1 քվոտա՝ ընդդիմությանը, որն էլ Միքայել Մելքումյանը զբաղեցնում է։ Հիմա եթե կգնա կառավարություն, իր փոխարեն քվոտայով կընտրենք»։

Տեսանյութեր

Լրահոս