211652_close_icon
views-count1672 դիտում article-date 14:23 31-08-2017

Հանրային խորհուրդը ակտիվացնելու է Ազգային ժողովի հետ համագործակցությունը

2018 թվականից, երբ նոր Սահմանադրության համաձայն մեր երկիրը կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի, կփոխվի նաև ՀՀ Հանրային խորհրդի կարգավիճակը, կվերաձևակերպվեն լիազորությունները, փոխհարաբերությունները օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ: Նոր Սահմանադրության մեջ արդեն իսկ ամրագրված է Հանրային խորհրդի գոյությունը, ինչը հնարավորություն կտա նաև մշակել և ընդունել «Հանրային խորհրդի մասին» օրենք՝ կառույցի գործունեությունն ամրագրելով օրենսդրորեն: Եթե մինչ այժմ Հանրային խորհրդի համագործունեությունն առավել ակտիվ էր ՀՀ նախագահի և ՀՀ կառավարության հետ, ապա կառավարման նոր համակարգի դեպքում ՀԽ-ն ակտիվորեն կհամագործակցի նաև Ազգային ժողովի հետ: Հանրային խորհրդի և Ազգային ժողովի համագործակցության շրջանակներն ու հնարավորությունները քննարկելու նպատակով ս.թ. օգոստոսի 30-ին խորհրդում տեղի է ունեցել նիստ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի նախկին անդամ Խոսրով Հարությունյանի մասնակցությամբ: Հարությունյանի կարծիքով՝ այժմ, երբ խորհրդարանի դերակատարումը մեծանում է, ամենատարբեր կառույցների, մասնավորապես Հանրային խորհրդի հետ սերտ համագործակցությունը դառնում է առաջնային: Վերջինս նշել է, որ իրենց հանձնաժողովը պատրաստ է լրջորեն համագործակցել Հանրային խորհրդի հետ, քանի որ իրենց նպատակն է հանձնաժողովը դարձնել քննարկումների ակտիվ ու արդյունավետ հարթակ, որտեղ բարձրացվելու են տնտեսությանը վերաբերող ամենատարբեր հարցեր, բախվելու են կարծիքներ: «Մենք քննարկելու ենք հայեցակարգային հարցեր, և մեր խնդիրը շատ հստակ է՝ այդ հարցերի վերաբերյալ ձևավորել մոտեցումներ, որոնց իրականացումն ու պատասխանատվությունը գործադիր իշխանությանն է»,-նշել է Հարությունյանը: Հանրային խորհրդի նախագահն իր հերթին կարևորել է խորհրդարանի հետ համագործակցելու անհրաժշտությունը՝ հույս հայտնելով, որ այն կլինի արդյունավետ ու հեռանկարային: Վ. Մանուկյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը ՀԽ և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի միջև կսկի իրականացնել համագործակցության առաջին քայլերը: Առաջարկ է հնչել ձևավորել հայեցակարգային հարցերի շրջանակ, որոնք պետք է առաջիկայում քննարկվեն: Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Հանրային խորհրդի աշխատանքային խմբի (Վազգեն Մանուկյան, Յուրի Ջավադյան, Հովհաննես Թադևոսյան, Կորյուն Առաքելյան)՝ հուլիս ամսին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցին: Այցից հետո աշխատանքային խումբը ՀՀ կառավարություն էր ներկայացրել մարզի խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ: Պետական համապատասխան գերատեսչությունները արձագանքել էին ներկայացված առաջարկներին, որոնք, սակայն, ՀԽ աշխատանքային խումբը բավարար չի համարում և գտնում է, որ կառավարության հետ այդ հարցերի վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն: Մասնավորապես, ՀԽ աշխատանքային խումբը Տավուշի սահմանամերձ համայնքներում մտահոգիչ էր համարել տարբեր պատճառներով հսկայական քանակությամբ անմշակ հողատարածքների առկայությունը: ՀԽ աշխատանքային խումբը կառավարություն էր ներկայացրել առաջարկներ, որոնք հողատարածքներն առավել արդյունավետ օգտագործելու համար բավարար պայմաններ կապահովեն: Օրակարգի հաջորդ հարցի շրջանակներում խորհրդի անդամները քննարկել են Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման վերաբերյալ ՀԽ քննարկումների և ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկների արձագանքը: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի առաջարկը քննարկվել է կառավարությունում, և հանձանարարվել է Քաղաքաշինության պետական կոմիտենի նախագահ Նարեկ Սարգսյանին համակարգել այդ հարցի վերաբերյալ շահագրգիռ կառույցների տեսակետները: Քաղաքաշինության պետական կոմիտեն, ամփոփելով Երևանի քաղաքապետարանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության կարծիքները, Աջափնյակ կայարանի կառուցումը գտել է նպատակահարմար: Հիշեցնենք, որ հունիս ամսին Հանրային խորհրդում քննարկվել էր մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման հարցը, որի ժամանակ մետրոշինարարները, ճարտարապետները և այլ մասնագետներ քննարկել էին մետրոյի նոր կայարանի կառուցման հնարավորություններն ու ներկայացրել նախագծային 4 տարբերակ: Դեռևս խորհրդային ժամանակաշրջանում այդ կայարանի կառուցման նպատակով հսկայածավալ աշխատանք էր կատարվել՝ ծախսվելով մոտ 100 միլիոն դոլարին համարժեք գումար, սակայն Խորհրդային միության փլուզումից հետո գործընթացը կասեցվել էր: Այժմ առաջարկվում է այն վերսկսել: Մասնագետների կարծիքով՝ նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 75-150 միլիոն դոլար` կախված կայարանի կառուցման 4 տարբերակներից որևէ մեկի ընտրությունից: Մասնագետները նաև գտել էին, որ կայարանի կառուցումը սկսելու համար անհրաժեշտ է 12-15 միլիոն դոլար և առաջարկել կառավարությանը եկող տարվա պետբյուջեում նախատեսել այդ միջոցները:

Նմանատիպ նյութեր