Մատչելիության հղումներ

Պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի ընտրական գործընթացներում. Նիկոլ Փաշինյան


«Պետական կառավարման մարմինները չպետք է որևէ կերպ ներգրավված լինեն նախընտրական գործընթացներում», - այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ լավ ժամանակաշրջան է հատկապես աշխատելու համար, առավել հանգիստ պայմաններում: Եվ հույս ունեմ, որ մեր կառավարության և պետական կառավարման համակարգի հատկապես այն հատվածը, որը քաղաքականացված չէ և չպետք է լինի քաղաքականացված, այս ժամանակը կօգտագործվի ահա այդպիսի կառուցողական նպատակներով», - նշեց Փաշինյանը:

Հոկտեմբերի 16-ին հրաժարական տված Նիկոլ Փաշինյանը նախընտրական գործընթացների ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու թեմաների շուրջ երեկ ուշ երեկոյան զրուցել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրել է, թե ընտրակեղծարարությունն արդան արմատախիլ է արվել, և սպասվող ընտրություններով Հայաստանը ժողովրդավարության նոր էջ է բացելու․ - «Ժողովրդավարությունը մեր քաղաքական հավատամքն է, և ժողովրդավարությունն այն է, ինչի համար մենք պայքարել ենք: Հայաստանում ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակը, անկախ դատական համակարգն այլընտրանք չունեն ուղղակի»:

Կառավարության այսօրվա նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օիսպյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ դեկտեմբերին նախատեսված ընտրություններն անցկացնելու են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան։ Ըստ նրա, նախորդ ամիս տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները փաստեցին, որ ոստիկանությունը պատրաստ է դրան․ - «Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, և այստեղ մենք կօգտագործենք»:

Օսիպյանի համոզմամբ, նախընտրական շրջանում ցնցումներ չեն լինի, ոստիկանությունն ըստ նրա, ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին, ցակնացած ընտրակեղծարարության փորձ անմիջապես համարժեք արձաքանք կստանա․ - «Մենք երեկվանից էլ սկսած տիրապետում ենք Հայաստանի Հանրապետությունում ողջ օպերատիվ իրավիճակին: Մենք տեղեկացված ենք ամեն ինչից, բոլորից, և վստահեցնում եմ ձեզ, այս պահի դրությամբ որևէ անհանգստանալու և հենց ընտրության օրն էլ որևէ անհանգստանալու խնդիր չեմ տեսնում»:

Որպես ապաքաղաքական կառույցի ղեկավար, Օսիպյանը վստահեցնում է, ոստիկանությունում հրահանգներ չեն լինելու, յուրաքանրյուր ծառայող ազատորեն կատարելու է իր ընտրությունը․ - «Ոստիկանության որևէ աշխատակից իրավունք չունի ուղղորդելու որևէ մեկին, յուրաքանչյուրը ազատ է իր մտածելակերպով, ինքը ինքնուրույն որոշում է քաղաքի, երկրի ապագան»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է արտահերթ ընտրություններն անցկացնել դեկտեմբերի առաջին կեսին: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը առաջիկա երկու շաբաթների ընթացքում երկու անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ և Սամանադրության համաձայն իրավունքի ուժով լուծարվի։

Ավելի վաղ France24-ի հետ զրույցում վարչապետն ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, 10-ին։

«Ընտրությունները, նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, այդ հատվածում, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG