HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Տիգրան Հեքեքյան. «Կառավարության արձագանքը դանդաղ է: Շենքը կկորցնենք»

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը շարունակում է փորձի տեղ փնտրել: Իսկ Արամի 23 հասցեում գտնվող շենքը, որ 1995 թվականից պատկանում է երգչախմբին, շարունակում է մնալ վթարային վիճակում: 19-րդ դարի շենքը հայտնվել է փլուզման վտանգի առաջ:

Հիշեցնենք, որ «Հին Երեւան» ծրագրի շրջանակներում, շվեյցարահայ Վարդան Սերմաքեշի կողմից կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի եւ հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վնաս են հասցրել պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքին: Շինարարության ընթացքում թուլացել է հողը, ինչի արդյունքում շենքի պատերին ճաքեր են հայտնվել:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանն ասում է, որ կառավարական մարմիններն արձագանքել են իրավիճակին, բայց՝ շատ դանդաղ, ուշացումով: Օգոստոսի 13-ին Հեքեքյանը նամակով դիմել է Մշակույթի նախարարություն: Պատասխան չի տացել: Տեսնելով, որ շենքում փորձեր անցկացնելը օրեցօր ավելի վտանգավոր է դառնում, դիրիժորը սաներին ուղարկել է արձակուրդ: Մի քանի օր անց հիմնային պատը հեռացել է ամբողջ շինությունից, ճաքեր են առաջացել նաեւ տանիքում: Տուֆի շերտը, որի վրա կառուցված է շենքը, սկսել է թուլանալ: Արդեն երկու անգամ շինհրապարակում փլուզում է տեղի ունեցել, բարեբախտաբար՝ վաղ առավոտյան, դժբախտ պատահար տեղի չի ունեցել:

Օգոստոսի 29-ին երկրորդ նամակն է ուղղվել նախարարությանը, պատճենը՝ քաղաքապետարան եւ վարչապետի վերահսկողական ծառայություն է ուղարկվել: Իսկ երբ ԱԻՆ են ահազանգել, մասնագետները պարզել են, որ շենքը վթարային վիճակում է, եւ երգչախմբի փորձերն արգելվել են: Սեպտեմբերի 11-ին Տիգրան Հեքեքյանը նամակ է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուշացումով, բայց Երեւանի քաղաքապետարանից գրություն են ստացել, որ խնդրով զբաղվում են: Մշակույթի նախարարությունից արձագանքել է փոխնախարար Տիգրան Գալստյանը: Նա մի քանի անգամ այցելել է վթարի վայր: Բայց կոնկրետ պրակտիկ քայլեր դեռ ոչ մի կառույց չի իրականացրել: Շինարարն էլ հրաժարվում է շտկել իրավիճակը, ասելով, որ հողի այդ հատվածը վերականգնելու համար հսկայական գումար է պետք։

Տիգրան Հեքեքյանի ասելով` ներկայումս շինարարական աշխատանքները դադարեցվել են, բայց՝ «բանվորների կյանքը չվտանգելու համար», որովհետեւ ցանկացած ցնցում կարող է զոհերի պատճառ դառնալ:

«Ցանկանում ենք իրազեկել, աղմուկ բարձրացնել՝ հարցին ավելի արագ լուծում տալու համար։ Նոր իշխանությունները նոր քաղաքականություն են որդեգրել, բայց սա նախորդ իշխանության քաղաքականության հետեւանք է։ Շինարարական ընկերությունը չի պահպանել հարակից շինություններից հեռավորության նորմատիվները եւ փորելով` մտել են մեր շենքի տակ։ Քաղաքաշինության կոմիտեից ասացին, որ շտապ պետք է գտնել ապարները պահելու ձեւ, որպեսզի չհոսեն: Բայց մասնագետներն ասում են, որ բավական բարդ է, հույս չեն տալիս: Շենքն իսկապես փլուզվում է, մահանում: Արագ փրկել է պետք»,- ասում է Տիգրան Հեքեքյանը:

Շինարարությունը, որ տեղի է ունենում Արամի-Տերյան խաչմերուկում, իրականացվում է «Հին Երեւան» ծրագրով: Հեքեքյանը  նկատել է, որ մայիսյան հեղափոխության օրերին կառուցապատումը մեծ թափ է հավաքել, եւ տպավորություն ունի, թե շենքի սեփականատերերը փորձել են հապշտապ ավարտել շինարարություն: «Տերյան փողոցը քանդեցին եւ սկսեցին արագ կառուցել: Եթե նախկինում ասում էին, որ «Հին Երեւանում» պետք է լինեն երկհարկ շինություններ, ապա հիմա գետնի տակ երկու հարկ ավտոկայանատեղի են կառուցում, մեկ հարկ՝ խանութ, իսկ վերեւում՝ չորսհարկանի շենք: Իսկ հին Երեւանում, բոլորը գիտեն, քառահարկ շենքեր չեն եղել: Մենք պարզել ենք, որ շինարարությունն իրականացվում է կոնկրետ օրենքների խախտումներով, որոնց դեպքում այդ տարածքները չեն կարող համարվել հանրային գերակա շահ»,- նշում է դիրիժորը:

Նա «Հետք»-ին հայտնեց, որ ժամանակին թե´ Սերժ Սարգսյանը, թե´ Նարեկ Սարգսյանը իրեն խոստացել են, որ երգչախմբի շենքը չի քանդվի, վտանգի չի ենթարկվի: Ավելին, Սերժ Սարգսյանը նկարիչ Հակոբ Հակոբյանին էլ խոստացած է եղել Տերյան-Արամ խաչմերուկում նրա տուն-թանգարանը կառուցել: Այնինչ Վարդան Սերմաքեշի շինարարությունը ցույց է տալիս, որ մայրաքաղաքի այդ հատվածն ամենեւին չի տրամադրվելու հին Երեւանի վերականգնմանը: Այլ բացառապես՝ բիզնես-նախագծերի:

«Հետք»-ի հարցին, թե դիրիժորը պետական մարմինների արձագանքը համարժե՞ք է համարում, Հեքեքյանը պատասխանեց: «Մեզ մոտ հեղափոխություն չի եղել, այլ՝ իշխանափոխություն: Վերնախավի որոշ օղակներում, տարբեր գերատեսչություններում տեսնում ենք նույն մարդկանց: Հարցեր կան, որ պետք է լուծվեն մեկ օրվա մեջ։ Կիրակի օրը նույնիսկ մի պատասխանատու մարդ կարող էր հավաքել շահագրգիռ կազմակերպություններին, լսել, հանձնարարել, մեկ օր ժամանակ տալ, ասելով՝ մտածեք, լուծում տվեք։ Մենք ամեն օր թղթիկներ ենք փակցնում ճաքերին եւ գալիս տեսնում, որ թուղթը պատռվել է: Պատերն ամեն օր առնվազն մեկ միլիմետրով հեռանում են իրարից: Այս դանդաղկոտությամբ հարց չեն լուծում»:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի դուստրը երգում է Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախմբում: Նա միացել է շենքի փրկության ակցիային: Նրա կարծիքով՝ հասարակությունն է մեղավոր, որ ճիշտ ժամանակին ու պատշաճ չի արձագանքել, երբ հին Երեւանը տրոհվել է բիզնեսի ձեռքում: «Վաշխառուները, բորենիները փչացրել են միջավայր ու պատմություն: Դրանց ինչպե՞ս դատես, ի՞նչ օրենքով: Միասնական, պատի պես եթե կանգնեինք, այսպես չէր լինի: Հիմա նոր-նոր հույսեր ունեք, որ ինչ-որ բան փոխվի, այսօր շենքը քանդվում է, այսօր եկեք փրկենք»,- ասում է Հրանտ Վարդանյանը։

Ի դեպ, «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին վստահվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողությանը երգելու պատիվը: Երգչախմբի առաջ խնդիր է դրվել նոր երգ սովորել: Տիգրան Հեքեքյանն ասաց, որ այս լարված իրավիճակում փորձ անել չի ստացվում. «Երեխաներն այնքան ճնշված են, կարծես հոգեհանգստի եկած լինեն»: 

Լուսանկարները` հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter