News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է ոստիկանության 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության, իրականացված ծրագրերի, իրավաստեղծ աշխատանքների, 2018 թվականի համար նախանշված միջոցառումների, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Ոստիկանության պետը զեկուցել է հանրապետության օպերատիվ իրավիճակը, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումները, հանցագործությունների բացահայտման վիճակը, հետաքննական աշխատանքները եւ ոստիկանությունում օրինականության պահպանման նկատմամբ ձեռնարկված քայլերը:

Հանրապետության Նախագահին ներկայացվել են նաեւ ոստիկանության կատարմամբ եւ համակատարմամբ մի շարք ծրագրերի իրականացման արդյունքները, զեկուցվել են ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագրի արդյունքները:

Անդրադառնալով իրավաստեղծ աշխատանքներին՝ ոստիկանության պետը նշել է, որ ոստիկանության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերից ընդունվել է 7 օրենք եւ 51 կառավարության որոշում:

Հանրապետության Նախագահին զեկուցվել է 2017 թվականի հոկտեմբերի 23-ին ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստին իր կողմից տրված հանձնարարականներից բխող՝ ոստիկանության առանձին ոլորտներում առկա բացթողումների շտկման եւ թերությունների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Մասնավորապես՝ հետախուզական գործունեության ոլորտում ուժեղացվել է քրեական հետապնդման մարմինների համագործակցությունը, ինչպես նաեւ գլխավոր դատախազության եւ քննչական կոմիտեի ղեկավարության հետ համատեղ մշակվել է հետախուզական գործերի վարման նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմ, ինչն ամրագրվել է ոստիկանության պետի հրամանով:

Ի կատարումն Հանրապետության Նախագահի մյուս հանձնարարականի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անվտանգ միջավայր ձեւավորելու նկատառումներով ոստիկանությունը նպատակաուղղվել է հանրային վայրերում առանձին հանդգնությամբ կատարված եւ հասարակական հնչեղություն ստացած ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը: Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ առավել ուշադրություն է դարձվում Հայաստան ժամանող զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանը, մասնավորապես՝ տեսանելի վայրերում օտարալեզու ցուցատախտակներով հրապարակված են արագ օգնության հեռախոսահամարները եւ ոստիկանության գործառույթների կարճ պարզաբանումներ:

Ոստիկանության պետի կողմից ներկայացվել են նաեւ 2016 թվականի նոյեմբերի 2-ին Նախագահի տված հանձնարարության հիման վրա ընդունված ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգից բխող միջոցառումների արդյունքները, ըստ որոնց, մշակվել եւ ներդրվել են ՃՈ վարչական տուգանքների մասին քաղաքացիներին պատշաճ ծանուցելու, սահմանային անցման կետերում օտարերկրյա հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցների վարորդներին վարչական ակտերի մասին ծանուցելու համակարգեր: Բացի այդ, վերացվել են վարչական տուգանքը վճարելու ժամկետները խախտելու դեպքում 25 կամ 50 տոկոսով ավելի տուգանքները եւ նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում վարչական պատասխանատվությունը: Ձեռնարկվել են միջոցառումներ խցանումները սահմանափակելու կամ վերացնելու, ինչպես նաեւ հետիոտների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի զեկույցը ներառել է նաեւ 2018 թվականի համար նախատեսված միջոցառումները, որոնք կապված են ոստիկանության կազմակերպաիրավական կարգավիճակի, կառուցվածքի օպտիմալացման, ոստիկանության մասին նոր օրենքի հայեցակարգի ընդունման եւ մի շարք այլ հիմնահարցերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ