▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ կռիվը սկսվի, ես այս խրամաբջջից եմ կրակելու…

 

Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում գրեթե բոլորը` սպա թե զինվոր, ժպիտով ու խորն ափսոսանքով են հիշում Ադամ Սահակյանին` ապրիլյան պատերազմի ժպտադեմ, անվախ հերոսին: Պատմում են, որ դեռ ոչ մի զինվորի չէր հաջողվել այդպիսի կարճ ժամանակահատվածում արժանանալ ինչպես ծառայակից ընկերների, այդպես էլ զորամասի հրամանատարական  կազմի համակրանքին ու հարգանքին: Ադամն ամրակազմ զինվոր էր, մարզվում էր ամեն օր ու իր օրինակով ոգեշնչում բոլորին լինել կոփված ու համարձակ: Աննկուն կամքի, բարձր առաջադիմության և կազմակերպչական ջիղի շնորհիվ Ադամ Սահակյանին  շնորհեցին  սերժանտ զինվորական կոչում և նշանակեցին թիվ 112 մարտական դիրքի ավագ: Նա աչալուրջ էր, իրեն վստահված դիրքում գիշերային ծառայությունը կազմակերպում էր անթերի: Ծառայակիցները պատմում են, որ Ադամը կարծես կանխազգում էր սպասվելիք պատերազմը, նա մի անգամ ասում է. «Երբ կռիվը սկսվի, ես ու Կարենչիկը`(Ադամի մտերիմ ընկերը` Կարեն Ներսիսյանը, ով նույնպես նահատակվեց) այս խրամաբջջից ենք կրակելու,- ապա դառնալով դասակի միակ ղարաբաղցի զինվորին կատակով ավելացնում,- երբ ադրբեջանցիները հարձակվեն, մենք բոլորս զոհվելու ենք, մենակ դու ես փրկվելու …»: Այդպես էլ եղավ…

2016 թվականի ապրիլի 1-ի առավոտյան Ադամ Սահակյանը և դասակի յոթը զինվորները բարձրացան Արցախի հարավային սահմանի Վարազաթումբ (Լալայկա) կոչվող բարձրունքի հարակից 112 դիրք` մարտական հերթապահության:  Նույն օրը  գիշերը  Ջրականի երկնակամարում նկատվեցին հակառակորդի անօդաչու թռչող սարքերը, այնուհետ զինվորները հեռախոսագիր ստացան սպասվող հետախուզախափանարար ներթափանցման մասին զգուշացումով: Ադրբեջանական զինուժը պլանավորել էր աննախադեպ լայնամասշտաբ հարձակում  արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե ողջ երկայնքով։ Սկսվեցին հրետակոծությունները: Հակառակորդի գնդացիրների, նռնականետների, հրետանու հարյուրավոր արկեր և ականներ թափվեցին հայկական դիրքերի վրա:

Ադամ Սահակյանի գլխավորությամբ 112 դիրքի անձնակազմն անցավ շրջանաձեւ պաշտպանության` գործելով ըստ մարտական հաշվարկի: Հրամանատարների բնութագրմամբ՝ Ադամը մարտը ղեկավարում էր փորձառու զինվորականի համարձակությամբ ու վարպետությամբ: Հակառակորդի անսթափ գումարտակի դեմ հայ հրետանավորները, խիզախ տանկիստները և դիրքապահ զինվորները ժամեր շարունակ աննահանջ պայքար  մղեցին՝ զգալի կորուստներ պատճառելով գրոհայիններին:

112 դիրքի քաջ զինվորները ողջ գիշեր արիաբար մարտնչեցին իրենց վերջին մարտում: Ադրբեջանական հատուկ ջոկատայինների հետ կատաղի մարտի բռնվեցին նաև դիրքապահ զինվորներին օգնության հասած փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, ովքեր թշնամու մեծաքանակ զորքի դեմ անհավասար մարտում հերոսաբար զոհվեցին… Զոհվեց նաև սանհրահանգիչ, ժամկետային զինծառայող Սաշա Գալստյանը, ով գնդացրով դիպուկ կրակ վարելու շնորհիվ ապահովելով գնդի սպայակազմի անվնաս ժամանումը,  գլխից ծանր վիրավորվեց: Ուժեղ կրակահերթը թույլ չտվեց բժիշկների ժամանումը, Սաշային փորձեցին հասցնել բլրի ետևում սպասող շտապ օգնության մեքենա, սակայն նրան փրկել չհաջողվեց…

Շրջափակումն անհնարին էր դարձրել 112 մարտական դիրքի թիկունքային ապահովումը: Առավոտյան Ադամ Սահակյանը ռադիոհաղորդիչով կապ հաստատեց գումարտակի հրամանատարի հետ և ասաց, որ շտապ փամփուշտ հասցնեն… Րոպեներ անց ռադիոկապով լսվեց ադրբեջանցիների անպարկեշտ արտահայտությունները հայ ազգի վերաբերյալ… Ադամն արդեն չկար, նա ընկել էր հերոսի մահով՝ մարմնին և դեմքին ստացած հրազենային ծանր վիրավորումներից, այն խրամաբջջի մեջ, որտեղից կրակել էր…

Ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների, որոնց ծանոթացել է Ադամի հայրը, թշնամուն մեծաքանակ կորուստներ պատճառած անվրեպ հրաձիգի մարմինը խոցված էր քսան փամփուշտով, և մահը վրա էր հասել հանկարծակի: 
Ողջ հայ ազգն էր սգում այդ օրերին համացանցում հայտնված լուսանկարի լուսե ժպիտով տղայի` Ադամ Սահակյանի հավանական մահը: Ադամը և իր մարտական ընկերները օրեր շարունակ համարվում էին անհետ կորած. դիրքը գրավված էր թշնամու կողմից, բայց ոչ ոք չգիտեր` ողջ են նրանք` պատանդ, թե նահատակված:

«էս հրեշտակի դեմքով հերոս զինվորս է, Ադամս է, քրոջս որդին, որն արդեն 7 օր է անհայտ կորած է իր մարտական ընկերների հետ: Հիմա նայեք էս զինվորի աչքերի մեջ ու ասեք՝ սա նման ա՞ մի մարդու, ում կարա թուրքը գերի վերցնել: Ես վստահ եմ, որ՝ ոչ: Չեմ դադարելու մի վայրկյան հավատալ, որ հետ ա գալու էս զինվորը իրա ընկերների հետ… Սրանց նման տղերքը անմահ են, հասկանու՞մ եք»,- այս գրառումն էր  Ադամի նկարով հրապարակել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նրա մորեղբայրը:   

Օրեր անց պարզ դարձավ, որ Ադամ Սահակյանն այն 18 զոհերից մեկն է, ում աճյունը ապրիլի 11-ին ադրբեջանական կողմի հետ փոխանակվեց Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ: Վաշտի հրամանատարը մասնակցեց իր զինվորների և մարտական ընկերների դիակների ճանաչման գործընթացին: Խոշտանգված հայ մարտիկների մարմիններն անճանաչելի էին դարձել:

Ադամ Սահակյանին  հուղարկավորեցին եռագույնով ծածկված` ապրիլի 13-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության  համար Ադամ Սահակյանը հետմահու պարգեւատրվեց «Արիության» մեդալով: 

Ըստ մասնագետների դիտարկումների, եթե մեր զինվորները թիվ 112 և հարակից դիրքերը ժամեր շարունակ չպաշտպանեին, հայկական կողմի տարածքային կորուստներն ավելին կլինեին: Ինչպես հրամանատարներն են հավաստում, Ադամ Սահակյանը և մյուս զինվորներն արել են առավելագույնը, անհնարինը, նրանք իրենց կյանքի գնով կանխել են թշնամու առաջխաղացումը… 

Մայրաքաղաքի կենտրոնում՝ Աբովյան փողոցի սկզբնամասում, երեւանյան հին բակերից մեկում այն տունն է, որտեղ ապրել է Ադամը: Ծանոթ ու անծանոթ մարդիկ, Աբովյան 1 շենքի վրա ամրացված հուշատախտակի վրա կարդալով Ադամ Սահակյանի անունը, այցելում են մերօրյա հերոսի ընտանիքին:
Ծնողներն ամեն անգամ  Եռաբլուրում՝ որդու շիրմաքարի մոտ, գտնում և տուն են բերում անծանոթ մարդկանց կողմից Ադամի պատկերով պատրաստված նկարները, նրան ուղղված նամակները: Դրանք զրույցներ են հերոսի հետ, որոնց մեջ անսահման սեր ու կարոտ է ծրարված: Նրանցից մեկն այսպիսին է. «Եռաբլուրում էլ մութ չի լինի, լույս Ադամին են բերել»:    

Տարիներ առաջ Ջրական այցելած լուսանկարիչներից մեկը վերջերս Ադամի ծնողներին է ուղարկել մի լուսանկար, որում արտացոլված է բոլորովին ուրիշ, երանելի մի ժամանակ, երբ 112 մարտական դիրքում խրոխտ կանգնած է հայոց բանակի սերժանտը՝ մարտական հերթապահություն իրականացնող Ադամ Սահակյանը՝  զրահաբաճկոնով ու սաղավարտով…

Անցել է  արդեն երկու տարի, Լալայկա կոչվող բարձրունքն ու հայ հերոսների արյամբ ներկված 112 և հարակից մարտական դիրքերը, չնայած ռազմավարական կարևոր նշանակությանը, դեռևս գտնվում են ադրբեջանական զինուժի տիրապետության տակ…

Մայրը մի անգամ երազ է տեսնում: Ապրիլը նոր պիտի լիներ, իրենք գիտեին այդ մասին ու կարող էին կանխել: Ասում է. «Ադա՛մ ջան, մենք ամեն ինչ կանենք, որ կանխենք պատերազմը»: Որդին պատասխանում է. «Դուք ոչինչ չեք կարող փոխել: Այդպես է ճիշտ, դուք մեղավոր չեք…»: 

Նա ապրեց կարճ, բայց նրա անմահ սխրանքը հավաստեց, որ Արցախի մերօրյա պաշտպաններն իրենց մարտական ոգով չեն զիջում Լեռնային Ղարաբաղի ազատագրման հաղթանակը նվաճած  մեր հայրերին…

 

Վարդինե Իսահակյան

Կարդացեք նաև՝ Երկրի պաշտպանությունը չի կարող հասարակության մի մասի ուսերին դրված լինել.Վիգեն Սարգսյան

Կարդացեք նաև՝ Ես դեռ սպասում եմ, գուցե գա՞ Քյարամս

Կարդացեք նաև՝ Ապրիլի երկուսի կեսգիշերին ես նրա ձայնը լսեցի, օգնություն էր կանչում.Զոհված զինվորի մայրը պատմում է

Կարդացեք նաև՝ Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, հայ ժողովրդինն է.Մովսես Հակոբյան

Կարդացեք նաև՝ Միշտ պատրաստ էր օգնել բոլորին.Ռոբերտ Աբաջյանի ուսուցիչը՝ նրա մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին