Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-ադրբեջանական թեժ հռետորաբանությունն ու խաղաղ բանակցությունների մշուշոտ հեռանկարը

Քաղաքականություն
irazek-qaxaqaciner

Վերջին շրջանում գնալով ավելի է թեժանում հայ-ադրբեջանական հակամարտության հռետորաբանությունը: Այլ խոսքով՝ թեև ռազմական լուրջ բախումներ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին չեն եղել (մեկ միջադեպ է գրանցվել հուլիսի 26-ին. Արցախի ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող), այդուհանդերձ, ղարաբաղյան հակամարտության կողմերի (մի կողմից՝ Հայաստանի և Արցախի, մյուս կողմից՝ Ադրբեջանի) ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում մի քանի հայտարարություններ են արել միմյանց ռազմական շեշտակի կամ պատժիչ, կործանիչ հարվածներ հասցնելու մասին: Խոսքը հատկապես պաշտպանության նախարարների հայտարարությունների մասին է: Հայաստանը կարող է չդիմանալ «գայթակղությանը» Այսպես, EADaily պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել է տեղեկությունները ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանական զորքերի կուտակման և ակտիվության մասին: Ըստ Տոնոյանի՝ թեև ուժի չկիրառման սկզբունքն ընկած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի հիմքում՝ որպես նախապայման, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք: Արձանագրելով, որ բանակցային գործընթացում Բաքվի առավելապաշտական պահանջների պայմաններում լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը միշտ էլ մեծ է, Հայաստանի պաշտպանության նախարարը զգուշացրել է Բաքվին, որ 2016թ. ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և չդիմանալ իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու «գայթակղությանը»՝ հակառակորդին շեշտակի և լայնածավալ հակազդելու նպատակով: Հուլիսի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարարը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, կրկին անդրադարձել է պատերազմի վերսկսման թեմային՝ հայտարարելով, որ «մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»: Մինգեչաուրի ջրամբարը՝ թիրախ Արցախի համար, ՀԱԷԿ-ը՝ Ադրբեջանի Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն իր հերթին, Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորությանը վերաբերող հարցին, ասել է. «Հնարավորություն ունենք կաթվածահարելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում»: Ադրբեջանական կողմը շատ կտրուկ է արձագանքել Լևոն Մնացականյանի այս հայտարարությանը՝ ակնարկելով, որ իրենք էլ կարող են որպես թիրախ ընտրել Մեծամորի ատոմակայանը (ՀԱԷԿ): «Նախքան այդպիսի անպատասխանատու հայտարարություններ անելը, թշնամի կողմը պետք է մտածի այն մասին, որ Հայաստանի տարածքում կան այնպիսի օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այդ տարածքներում դարեր շարունակ կյանք չի լինի»,- նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Իրավիճակը բանակցային գործընթացում Այս իրավիճակում կողմերը գնալով ավելի են հեռանում հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարից: Ավելին, անիմաստ է խոսել հակամարտության խաղաղ և երկարատև հանգուցալուծման շուրջ բանակցությունների մասին, քանի որ միջնորդներն ու կողմերը չեն կարողանում ապահովել նվազագույն պայմանները բանակցությունների առաջմղման համար: Մասնավորապես, կյանքի չեն կոչվում վերջին երկու տարիներին ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են հատուկ մեխանիզմների ներդրման միջոցով հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը և նոր միջադեպերի կանխարգելմանը: Թե որ կողմն է խոչընդոտում այդ համաձայնությունների կենսագործմանը, այլ հարց է: Հայտնի է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, ս.թ. հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում «սկզբունքային համաձայնության էին հասել»՝ իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը: Այլ կերպ ասած՝ կողմերը համաձայնել էին ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում: Սա 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված հայտնի պայմանավորվածությունների կետերից մեկն էր: Հետագա ամիսները ցույց տվեցին, որ նշված պայմանավորվածության կատարման ուղղությամբ գործնական քայլեր չեն կատարվել: Այս փաստը Երևանում փետրվարի 8-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արձանագրեց Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Է. Նալբանդյանը՝ ասելով, որ ի տարբերություն համանախագահների ու Հայաստանի՝ Բաքուն այդպես էլ մինչ օրս որևէ հայտարարություն չի արել Կրակովում ձեռքբերված համաձայնության վերաբերյալ: Փաշինյանի դիվանագիտությունը Բրյուսելում Հուլիսի 11-12-ին Բրյուսելում էր գտնվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք էր մեկնել հստակ ուղերձով՝ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ է դարձել, և այդ ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի դեմ է, այլև տարածաշրջանում ժողովրդավարության դեմ: ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած համաժողովի ժամանակ Հայաստանի ղեկավարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ ավելացնելով, որ այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության դեմ: Իսկ Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Փաշինյանն ասել է, որ վատ չէր լինի, եթե ՆԱՏՕ-ն հզոր ուղերձ հղեր Ադրբեջանին այն մասին, որ ԼՂ հիմնախնդիրը ուժային ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հանդիպելու է միջազգային հանրության խիստ արձագանքին: Հայկական կողմը փոխում է մարտավարությունը Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ինչպես գրեթե ամեն տարի, այս ամռանը ևս հայ-ադրբեջանական հակամարտությունը սրվել է: Բայց ի տարբերություն նախորդ տարիների, այժմ իրավիճակը վտանգավոր է դարձել ոչ միայն Արցախի, այլև Նախիջևանի ուղղությունից, և դա պաշտոնապես հաստատեց ՀՀ ՊՆ ղեկավարը: Երկու կողմն էլ հայտարարում են միմյանց վճռական հարված հասցնելու պատրաստակամության մասին, բայց մեզ համար նորույթն այն է, որ հայկական կողմը՝ ի դեմս պաշտպանության նախարարի, խոսում է ոչ միայն պատասխան պատժիչ գործողությունների, այլև նախահարձակ լինելու, կանխարգելիչ գործողություններ իրականացնելու հնարավորության մասին: Դ. Տոնոյանի վերջին հայտարարությունները հուլիսի 25-ին Հայաստանի Հանրային ռադիոյի «Ստատուս Քվո» հաղորդման ժամանակ մեկնաբանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ասելով, որ նախարարը հստակ «մեսիջ» է հղել այն մասին, որ մենք կարող ենք առաջին հարվածի իրավունքը հակառակորդին չթողնելու գայթակղություն ունենալ: Փաշինյանի ուղերձը Բաքվին և Մոսկվային Վարչապետ Փաշինյանը ևս հայտարարում է, որ Հայաստանը գործելու է Ադրբեջանի հռետորաբանությանը համարժեք, բայց միևնույն ժամանակ փորձում է դիվանագիտական ժեստերով կանխել իրավիճակի էլ ավելի սրացումը՝ ազդակներ ուղարկելով ոչ միայն Բաքվին, այլև դաշնակից Մոսկվային: Իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ նա խոսեց հիմնախնդրի, ստեղծված իրավիճակի, բանակցությունների մասին՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու ենք մենք խոսում փոխզիջումների մասին, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալու փոխզիջման: Այդուհանդերձ, Փաշինյանն ավելացրեց, որ ինքը պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, և բանակցության նյութ կա: Իսկ Ռուսաստանին ուղղված նրա ուղերձը շատ հստակ էր. «Այո, ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիան թույլ չտալու համար: Եվ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում»: Հաջորդ հանդիպումը՝ Նյու Յորքում Ինչ վերաբերում է բանակցություններին, թեև Հայաստանի վարչապետը հայտնել է իր պատրաստակամությունը հանդիպելու Ադրբեջանի նախագահի հետ, բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու մասին տեղեկություններ առայժմ չկան: Փոխարենը Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովը հայտարարել է, որ ծրագրում է սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպել իր հայաստանցի գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր հերթին ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են ևս մի հանդիպում կազմակերպել Մնացականյանի և Մամեդյարովի միջև, սակայն հանդիպման վայրի և ժամանակի մասին որևէ տեղեկություն չի հաղորդել:   Արամ Սարգսյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»