Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

«Պրոբլեմ» Ճվճվն «աբրաշչատ ա էլել», մտնողը մեր ա քրֆել․․․․ Նորատուսցի Ալիկի մասնակցությամբ սպանության գործի նոր մանրամասները

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց  2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝  «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝   ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու  եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Դատարան էր ներկայացել մեկ վկա՝ Արամ Պետրոսյանը, ով հանդես եկավ բավական կոլորիտային ցուցմունքով՝ անգամ նախագահողին տեղ-տեղ ասելով՝ «հաջան» ու «ցավդ տանեմ»:

Հենց սկզբից, երբ նախագահողը վկային նախազգուշացրեց սուտ ցուցմունք տալու, ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, վկան ասաց. «Այսինքն՝ էլի կասկածվո՞ւմ եմ»: Նախագահողի զարմանքին ի պատասխան վկան ասաց՝ երբ ինքը դեպքից հետո հրազենային ծանր վնասվածքով գտնվում էր հիվանդանոցում, իրեն «տենց էին վերաբերվում»:

Արամ Պետրոսյանը դեպի պահին գտնվել է դեպքի վայրում, նա հրազենային ծանր վնասվածքով դեպքի վայրից տեղափոխվել է հիվանդանոց: Սկզբում նրան տրվել է տուժողի կարգավիճակ: Նա հարցաքննվել է դեպքի ու վիրահատության հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին: Իսկ օրեր անց  նա խնդրել է իրեն լրացուցիչ հարցաքննել՝ հայտնելով, թե դեպքից անմիջապես հետո ինքը շոկային վիճակում էր, դեռ գտնվում էր նարկոզի ազդեցության տակ:

Տուժողի կարգավիճակում Արամ Պետրոսյանը տվել է երկու լրացուցիչ ցուցմունք, որով իր առաջին ցուցմունքում նշած որոշ հանգամանքներ այլ կերպ է ներկայացրել ու պնդել է, թե իրականությունն է ասում: Նույնիսկ երրորդ հարցաքննությանը ներկայացել է փաստաբանի հետ:

Վարույթն իրականացնող մարմինը շուտով Արամ Պետրոսյանին զրկել է տուժողի կարգավիճակից: Բանը չի հասել սուտ ցուցմունք տալու համար մեղադրանք առաջադրելուն, բայց Պետրոսյանը դարձել է գործով վկա:

Դատարանում Արամ Պետրոսյանն իր ցուցմունքի սկզբում ասաց, թե ամբաստանյալներից ճանաչում է Գեղամին: Քանի որ գործով «Գեղամ» իրական անունով ամբաստանյալ չկա, նախագահողը հարցրեց. «Գեղամն ո՞վ է»: Վկան տարակուսեց. «Ո՞նց թե ով է՝ իմ ընկերն է»:

Այնուհետև նախագահողը ավելի պարզեցրեց հարցը, ու վկան նշեց, որ «Գեղամը» նույն ինքը՝ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանն է:

Նախագահողն առաջարկեց պատմել դեպքի մասին: Վկան հարցրեց. «Ամենասկզբի՞ց»: Այնուհետև նշեց. «Դեպքի օրը գնացել էի մեր տուն»:

Նախագահողը ստիպված էր նորից միջամտել. «Ձեր տունը ո՞րն է»:

Վկան շարունակում էր մտովի զարմանալ նախագահողի հարցերից, բայց պարզաբանեց. «Վարսավիրանոցը… Հասցեն չեմ կարող ասել… Չարբախում ա… Գեղեցկության սրահը վերևն ա, մենք գեղեցկության սրահի հետ կապ էլ չենք ունեցել…»:

Վկայի պարզաբանումից պարզ դարձավ, որ նա դեպքի վայրը՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հատվածն է համարում  «մեր տունը»:

Այնուհետև վկան փորձեց մի քիչ հեռվից գալ. «Նոյեմբերի 8-ին կամ  10-ին, ավելի ճիշտ՝ 9-ին իմացա, որ մեր բանին՝ Ճվճվին, մեկը պարտք ա էղել  20 հազար դոլար…»:

Հետո վկան ավելի հասկանալի բացատրեց. «Ես ու Գեղամը նստած խոսում էինք, Գեղամն ասավ՝ էդ Ճվճվը պրոբլեմ ա ոնց որ… Գեղամը ասավ, որ մեկը՝ ոմն բասարցի Ճվճվին 20 հազար դոլար ա պարտք էղել, 18 հազարը տվել ա, մնացել ա 2 հազարը… Բայց ինչ-որ մեկը խառնվել ա՝ ես չեմ էլ իմացել՝ ով ա՝ Մուշեղ ա, թե ով ա, նա թե՝ 20 հազար պիտի հետ տա, որովհետև Ճվճվը բիզնեսի փող ա տվել… Ի՞նչ 20 հազար, էդ մարդը 2  հազար ա պարտք, կբերի կտա… Մի խոսքով՝ անհասկանալի իրավիճակ ա դառել…»:

Վկան ևս մեկ անգամ կրկնելով, որ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հատվածը համարել է իր տունը, նշեց, որ ինքը «շուտ-շուտ» էր այնտեղ գնում: Ահա և հերթական անգամ գնացել է դեպքից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 12-ին: Գեղամը նրան ասել է՝  էդ Մուշեղը շատ ա ընգել մեր հետևից,  էդ Մուշեղը խնդիր ա դառել…

Ըստ վկայի՝ ինքը ցանկացել է անձամբ խոսել այդ Մուշեղի հետ ու ամեն բան հստակ բացատրել նրան: Նա Գեղամին ասել է՝ տուր զանգեմ էդ Մուշեղի հետ խոսամ՝ ի՞նչ մի խնդիր ա սարքել:

Ըստ վկայի՝ ոչ մի խնդիր չկար՝ պարտք տվողը գիտեր՝ ինչքան է մնացել վերադարձնելու, պարտք վերադարձնողը գիտեր՝ ինչքան պիտի վերադարձնի: Նա ուզում էր այդ Մուշեղին ասել՝ ի՞նչ ես խառնվել…

Երբ հեռախոսային խոսակցության ժամանակ այս միտքը հանգիստ բացատրել է Մուշեղին, վերջինս սկսել է «ագրեսիվ» խոսել ու ասել է. «Դե որ տենց ա՝ իրար տենանք, խոսանք, ես գտնում եմ՝ 20 հազար պտի հետ տա…»:

Արամ Պետրոսյանը նշեց, որ Մուշեղի խոսելը՝ «Ընգեր, գիտե՞ս ինչ, տենց չի…»՝ ագրեսիվ էր: Ինքը նրա հետ հարգալից էր խոսում, իսկ նա պատասխանում էր ագրեսիվ. «Ոնց որ՝ ուզում էր իրա ասածը անի»:

Խոսակցության այդ տոնի պատճառով Արամն էլ է համաձայն եղել, որ հանդիպեն, ավելին, առաջարկել է հենց նույն օրը հանդիպել: Մուշեղն ասել է՝ «դավայ», բայց նաև նշել է, թե գործ ունի, առաջարկել է հաջորդ օրը հանդիպել:

Հաջորդ օրը, ըստ վկա Արամ Պետրոսյանի, ինքը զանգել է Մուշեղին, իմացել է, որ նա Բանգլադեշում է: Մուշեղն առաջարկել է, որ Արամը գնա Բանգլադեշ՝ «բասեյնի մոտ»:

Հեռախոսային խոսակցությունը Չարբախում էր տեղի ունենում՝ Գեղամի ներկայությամբ: Մուշեղը նորից ագրեսիվ էր խոսում:

Ըստ վկայի՝ Գեղամը չի թողել, որ ինքը մենակ գնա հանդիպման, ասել է՝ հանկարծ չծեծվես: Եվ որոշել են Բանգլադեշ գնալ երկու մեքենայով՝ Գեղամի «Ռենջով» ու ևս մի մեքենայով: Վկան նշեց, որ Գեղամի մեքենայում ինքն ու Գեղամն էին, դա հաստատ հիշում է, մյուսներին չի հիշում, չի ճանաչում:

Վկան ասաց, որ Բանգլադեշ գնացել են «5-6-7 հոգով», «ֆռռացել են»՝ Մուշեղին չեն գտել: Վկան զանգել ու Մուշեղին առաջարկել է հանդիպել Չարբախում. «Մեր տեղը մեր տունն ա, արի, մեր տանը խոսանք»: Եվ վկան նորից պարզաբանեց, որ «մեր տուն» ասելով՝ նկատի ուներ Գեղամի գեղեցկության սրահի նկուղային սենյակը:

Արամը Մուշեղին բացատրել է՝ Չարբախում ինչպես գտնի «Լիա» գեղեցկության սրահը. «Շատ հեշտ ա, բոլորը կարան գտնեն»:

Իրենք գնացել են իրենց «տուն», ներս են մտել ոչ թե շքամուտքի դռնից, այլ գեղեցկության սրահի միջից:

Վկան ասաց, որ ինքը նստել է սեղանի մոտ, սկսել է հեռախոսով խաղ խաղալ: Գեղամն այդ ժամանակ խոսում էր ինչ-որ մարդու հետ: Խոսակցությունը վերջացնելով՝ Գեղամը բարձրացել է վերև: Տվյալ սենյակում, ըստ վկայի, «3-4» հոգով էին: Վկան այս մասում հարկ համարեց ասել. «Մանրամասն պատմում եմ՝ ոնց էղել ա»:

Գեղամի դուրս գալուց 3-4 րոպե հետո, ըստ վկայի, «դռան ուժեղ ձեն լսվեց՝ մեկը նենց ուժեղ բացեց դուռը, դուռը կպավ պատին՝ ոնց որ դուռը քացով տա-բացի՝ արհամարհական, ագրեսիվ վիճակ, ոնց որ՝ տրամադրված… Գևորգը կանգնած էր դռան մոտ, էդ ներս մտնողին ասավ՝ կամաց, դուռը ջարդեցիր… Էդ մտնողը Գևորգի հետ մի էրկու բերան խոսաց ու միանգամից մեր քրֆեց, Գևորգն էլ՝ նրան… Ոնց որ էնի ամեն ձև պատրաստ էկել էր… Նա հետ գնաց, աջ ձեռը տարավ ու ատրճանակ հանեց, իսկ ձախ ձեռը հետ տարավ՝ դեպի դռան բռնակը… Զենքը հանեց ու միանգամից կրակեց Գևորգի ուղղությամբ… Գևորգը ձեռը կողքին տարավ՝ երևի դանակ հանեց, ու փաթաթվեցին իրար, քաշքշոց դառավ…»:

Վկան նշեց, որ առաջին կրակոցից հետո մի կրակոց էլ է հնչել՝ երբ զենքով տղամարդը զենքը հանում էր իր ու Գևորգի մեջտեղից: Երկրորդ կրակոցից հետո Արամը ձեռքի ծխախոտի տուփը նետել է կրակողի վրա: Նա ևս մի կրակոց է արձակել հենց Արամի ուղղությամբ. «Թևիս տակ ուժեղ ցավ եմ զգացել ու ընկել եմ գետնին, ուշքս գնացել ա… Գեղամի ձենն եմ լսել՝ Արամին օգնեք, խփել են, Անժոն ա օգնել՝ Գեղամի կինը, հետո Գեղամի տղեն՝ Գոռը ինձ իրա մեքենան ա դրել ու տարել ա հիվանդանոց… Գոռիկն ինձ ուժեղ խփում էր՝ երևի տեսել էր, որ ուժեղ խփում են՝ մարդու ուշքը տեղը բերելու համար…»:

Պատասխանելով հարցերին՝ վկան ասաց, որ դեպքի վայրում «օբշի՝ 6-7 հոգի կլինեին», ինքը բոլորին չի նկատել. «Որ մտնում եմ մեր տուն՝ չեմ նայում՝ ով կա, ով չկա»:

Մեղադրողը հարցրեց. «Ձեր ամբողջ ցուցմունքը միայն հանգուցյալների՝ Մուշեղի ու Գևորգի մասին է, դեպքի վայրում բոլոր գործողությունները միայն նրա՞նք են կատարել, Պետրոս Իսրայելյանը ոչինչ չի՞ արել»:

Վկան պատասխանեց. «Ինչ տեսել եմ, էն եմ ասում, հետո գետնին եմ ընկել՝ ուշքս գնացած, ո՞նց կարամ ասեմ…»:

Վկային հարցրին՝ Ճվճվի պարտքը վերադարձնելու հարցով հիվանդանոց էին կանչել «բասարցի Լյովին», նա պիտի պարտապանին՝ «բասարցի Վահագին» ասեր, որ վերջինս գնա Ճվճվին հանդիպի ու խոսի, այդ դեպքում ո՞րն էր «Չարբախցի Գեղամի» դերը:

Վկան ասաց՝ իր իմանալով, իսկ իրեն հենց Գեղամն է ասել՝ Ճվճվը դիմել է Գեղամին ու ասել է՝ հիվանդանոցում եմ, ինձ փող ա պետք, կարա՞ս էդ պարտքը վերցնես, Գեղամն էլ ասել ա՝ կարամ:

Վկային հարցրին՝ էդ դեպքում Մուշեղ Մուշեղյանն ինչո՞ւ էր «ընկել ձեր հետևից»:

Վկան ասաց, որ Մուշեղ Մուշեղյանը կոնկրետ իր հետևից ընկած չի եղել, դա Գեղամն է այդպես ասել՝ «Մուշեղն ընկել ա մեր հետևից»: Ինքը՝ վկան, միայն ցանկացել է Մուշեղին բացատրել իրավիճակը, Մուշեղն էլ ասել է՝ էկեք իրար տենանք:

Ստացվում է՝ և՛ Գեղամի, և՛ Մուշեղի համար Ճվճվի պարտքն ստանալը պատվի հարց է եղել, միայն թե Գեղամը պետք է «բասարցուց» ստանար երկու հազար դոլար, իսկ Մուշեղն ուզում էր ստանալ… քսան հազար դոլար…

Մեղադրողը հարցրեց՝ ուրեմն ո՞ւմ էր Ճվճվը դիմել, խնդրել կամ «աբրաշչատ էլել»՝ իր պարտքը վերադարձնելու համար:

Վկան պատասխանեց, որ Ճվճվը «պրոբլեմ չուներ բասարցու հետ»՝ նա համաձայն էր, որ բասարցին երկու հազար դոլար վերադարձնի, բասարցին համաձայն  էր երկու հազար դոլարը վերադարձնել, միայն… Մուշեղը համաձայն չէր՝ նրա կարծիքով՝ պետք է 20 հազար դոլար վերադարձվեր…

Վկան պնդեց, որ դեպքի պահին Գեղամը՝ Պետրոս Իսրայելյանը, նկուղային սենյակում չի եղել. «Գեղամն իմ ընկերը չի, մենք ընգերություն չենք անում, մենք ախպերություն ենք անում»,- ասաց վկան:

Մեղադրողներին հետաքրքրում էր՝ Պետրոս Իսրայելյանը սուտ խոսել սիրո՞ւմ է, վկան ասաց, որ նա իր հետ սուտ չի խոսում, իսկ թե ուրիշների հետ ինչպես է խոսում՝ չի կարող ասել…

Վկան չհիշեց, թե իրեն կոնկրետ որ հիվանդանոց են տեղափոխել դեպքից հետո. «Սուրբ… Սուրբ… Սուրբ… չեմ հիշում՝ ինչ Սուրբ էր… Չարբախում էր…»: Նա հիշեց, որ երբ ուշքի եկել, կողքի մահճակալին պառկած մի երիտասարդի է տեսել, ում վրա լաց էին լինում: Իմացել է, որ դա հենց նկուղ մտած ու կրակոցներ արձակած երիտասարդն է՝ Մուշեղ Մուշեղյանը…

Վկան  ասաց, որ ծանր վնասվածք է ինքը ստացել՝ «թոք-պոչկա՝ սաղ խառնել էր իրար…»:  Վկան պնդեց, որ Գևորգը դանակը հանել է առաջին կրակոցից հետո ու ընկել է կրակողի՝ Մուշեղի վրա:

Վկան նշեց, որ երբ ուշքի է եկել հիվանդանոցում, ոստիկաններն իրեն վախեցրել են, ասել են՝ ինֆորմացիա ունենք, որ դու մասնակից ես եղել: Նրանք ասել են, որ Մուշեղը նաև ծեծված է եղել: Վկան նշեց, թե վախեցել է ոստիկանների ասած «ինֆորմացիա ու մասնակցել» բառերից և սխալ տեղեկություն է հայտնել՝ իբր Մուշեղին ծեծել են Գևորգն ու մի քանի անծանոթ տղաներ: Դա ասել է իր առաջին ցուցմունքում, երբ նարկոզի ազդեցության տակ էր: Հետո մյուս՝ լրացուցիչ ցուցմունքներում ասել է, թե այդպիսի բան չի եղել, ինքը չի տեսել, որ Մուշեղին ծեծեն անծանոթներն ու Գևորգը:

Ըստ պաշտպանական կողմի՝ վարույթն իրականացնող մարմինը, հենվելով Արամ Պետրոսյանի առաջին ցուցմունքում հայտնած տեղեկության վրա՝ Մուշեղին ծեծելու վերաբերյալ, այդ ցուցմունքը յուրովի է մեկնաբանել՝ իբր Մուշեղը ցանկացել է «փախչել» նկուղից, Գևորգն ու մյուսները նրա ճամփան փակել են, նրան ծեծել են, նա էլ ստիպված՝ զենքը հանել ու կրակել է, այսինքն՝ գործել է իրավաչափ, ու Մուշեղի մասով գործը կարճվել է ոչ թե մահվան հիմքով, այլ՝ նրա գործողություններն իրավաչափ լինելու հիմքով, ահա թե ինչու՝ Արամն էլ դադարել է տուժող լինելուց…

Վկա Արամ Պետրոսյանը պնդեց, որ իրենց կողմից ոչ մի ագրեսիվ գործողություն չի եղել. «Խաբեինք, բերեինք մեր տո՞ւն՝ տենց իրականությո՞ւն ա լինում»…

Ըստ վկայի՝ Մուշեղի խոսելաձևից՝ «ապեր ջան» և այլն՝ կարելի էր եզրակացնել, որ նա «հանցավոր կյանքով էր ապրում»: Մանավանդ, որ Մուշեղն է եղել կատարվածի պատճառը՝ նա է դուռը աղմուկով բացել, հետո նա է «մայր» հայհոյել Գևորգին, հետո էլ նա է զենք հանել ու կրակոց է արձակել. «Որ մտնում ա ներս ու քֆուր-մֆուր ա տալիս, ուրեմն՝ ի՞նչ ա ուզում…»: Ըստ վկայի՝ ում էլ որ «մեր քրֆեն»՝ պատասխան գործողություն կկատարի…

Վկա Պետրոսյանը պնդեց՝ իրենց կողմից ոչինչ պլանավորված չի եղել, դեպքի պահին Պետրոս Իսրայելյանը ոչ մեկին կոչ չի արել՝ մորթել, սպանել, ամեն բան վայրկյաններ է տևել. «Մեր տան մեջ ո՞ւմ հարվածեինք…»: Կոնկրետ իր՝ վկայի նպատակը եղել է «հանգիստ խոսալը»:

Վկան ասաց, որ չի համարում, թե ինքը միջադեպի մասնակից է, բայց ինքը միջադեպից տուժել է. «Ես փորձում էի մարդկանց բարիշացնել… Իսկ հետո վախեցել եմ կասկածյալ դառնալուց՝ մենք ՀՀ-ում ենք ապրում…»:

Իր նախաքննական առաջին ցուցմունքում վկան ասել էր, թե դեպքի վայրում  15-20 մարդ կար հավաքված: Դատարանում ասաց, թե այդ ցուցմունքը տվել է նարկոզի ազդեցության տակ, կարող էր «65» էլ ասել…

Վկան ասաց, թե իր կարծիքով, երբ Մուշեղը «մայր» է հայհոյել Գևորգին, Գևորգն էլ՝ նրան, Մուշեղը հանել է ատրճանակն ու կրակել է: Գևորգը հանել է դանակն ու ընկել է Մուշեղի վրա, ատրճանակը մնացել է երկուսի մեջտեղում: Մուշեղը ցանկացել է զենքը հանել, բարձրացնել, այդ ժամանակ կրակոց է հնչել՝ հավանաբար Մուշեղը ինքն իրեն է կրակել այդ ժամանակ, հետո նա երրորդ կրակոցն արձակել իր վրա, երբ ինքը նրա ուղղությամբ ծխախոտատուփ է նետել…

Պաշտպանական կողմը նկատեց, որ վկա Պետրոսյանն իր նախաքննական առաջին ցուցմունքում չի ասել, թե Մուշեղը ցանկանում էր «փախչել», նա գրել է՝ «վազեց դեպի դուռը», իսկ վարույթն իրականացնող մարմինը այդ վազելը մեկնաբանել է որպես «փախչել»: Վկա Պետրոսյանը նշեց, թե Մուշեղը իրոք համարյա վազելով՝ հետ-հետ վազելով՝ դեպի դուռն է շարժվել՝ միաժամանակ հանելով զենքը՝ երևի ցանկանում էր կրակել ու անմիջապես դուրս գալ…

Դատարանը հրապարակեց տուժող Մուշեղ Մուշեղյանի իրավահաջորդի՝ նրա կնոջ նախաքննական ցուցմունքը, քանի որ կինը դատարանին հայտնել էր, թե ծանր հոգեկան վիճակում է ՝ դեպքի հետ կապված, ու չի կարող ներկա գտնվել դատական քննությանը:

Կինը հայտնել էր, թե մեկ որդի ունեն՝ 15 տարեկան: Վերջին մեկ տարում Մուշեղն աշխատել է Ղրիմում, այնտեղ էլ ծանոթացել է Ճվճվ Արոյի հետ: Մուշեղը Հայաստան էր վերադարձել դեպքից առաջ՝ սեպտեմբերի վերջին… Մուշեղն իր գործերի մասին կնոջը ոչինչ չէր հայտնում, կինը ոչինչ չգիտեր, թե նա ինչ խնդիրներով է զբաղված: Ըստ կնոջ՝ Մուշեղը թշնամի չուներ, որևէ մեկի հետ խնդիր չուներ… Դեպքի օրը կինը ցերեկը խոսել է Մուշեղի հետ, վերջինս նորմալ տրամադրություն է ունեցել, ասել է, որ քիչ հետո տուն կգնա: Բայց երեկոյան կինն իմացել է, որ Մուշեղը հիվանդանոցում է: Գնացել ու իմացել է, որ նա սպանվել է…

Հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 7-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում