Ես իմ ուսանողներին ցույցի դասեր չեմ տվել, բայցև ծառայամտություն չեմ սովորեցնի. ԵՊՀ դասախոս

Այս օրերին ուսանողության գործուն մասնակցությամբ տեղի ունեցավ պատմական իրադարձություն. Հայաստանում կատարվեց թավշյա հեղափոխություն, որի արդյունքները, թեպետ, առայժմ ամրագրված չեն: ԵՊՀ դասախոս, մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի հետ զրուցել ենք նաեւ երիտասարդության որակական այս հատկանիշների ակունքների մասին:

- Պարոն Պետրոսյան, թավշյա հեղափոխությունը, կարելի է ասել, իրողություն է եւ այն իրագործեցին երիտասարդությունն ու հատկապես ուսանողությունը: Մինչեւ այս գիտեի՞ք, կռահո՞ւմ էիք, որ նրանք այդպիսին են:

- Ճիշտն ասած՝ մի քանի անգամ առիթ է եղել արտահայտվել երիտասարդության մասին, մանավանդ իմ մասնագիտության, թե կոչումի բերումով անընդհատ երիտասարդների հետ գործ ունեմ: Մենք, որպես դասախոս, կարող է մեկ-մեկ բողոքենք, թե այն գիտելիքը, որ մենք ենք մատուցում, ուսանողը դժվար է յուրացնում, որ խորհրդային տարիներին ուսանողությունը դասերին ավելի ուշադիր էր, ավելի պատրաստված էր եւ ընդհանուր կրթական մակարդակն ավելի բարձր էր, բայց մեր օրերում երեւի պիտի նկատի ունենալ, որ այն, ինչ տալիս են բուհերը, դպրոցները, կրթության միայն մի մասն է: Հիմա մարդիկ մեծ չափով գաղափարներ, գիտելիքներ, հմտություններ են ստանում այդ կրթությունից դուրս, դրան զուգահեռ, ինչին նպաստում են հատկապես տեղեկատվական ազատությունը, սոցցանցերում ներգրավվածությունը: Աշխարհը բաց է, եւ դա այսօրվա հայաստանյան իրականության ամենաէական հատկանիշներից մեկն է: Խոնարհումս ու հիացմունքս բոլոր նրանց, եւ առաջին հերթին իմ ուսանողներին, ովքեր մտահոգ, վճռական ու համարձակ են գտնվել մեր երկրի ապագայի հանդեպ եւ իրենց բողոքն են արտահայտում: Ես նրանց ցույցի դասեր չեմ տվել, բայց եւ, վստահաբար, ծառայամտություն չեմ սովորեցնի: Համալսարանական պեդանտ դասախոսի տեսակետը, որ ախր մեր ուսանողները մի բան չգիտեն, բայց ոնց են այսքան ակտիվ, ես կարծում եմ այնքան էլ տեղին չէ: Մեր երիտասարդների ներուժը շատ ավելին է, եւ դա ամենեւին էլ պայմանավորված չէ միայն պաշտոնական կրթական համակարգով: Ես կարող եմ միանշանակ ասել, որ ունենք շատ պայծառ ուսանողներ: Ի տարբերություն նախորդ սերնդի, նրանց լեզվական իմացությունները, նրանց ավելի պրակտիկ մոտեցումները կյանքին, քաղաքացիական որոշակի արժեքների ներմուծումը պայմանավորել են երիտասարդության նման ակտիվությունը:

Բայց ես ուզում եմ (որպես գիտության մարդ ասեմ, թե՝ դասախոս), մի ուրիշ խնդիր էլ կարեւորել: Ընդհանրապես կրթական այն համակարգը, որն այսօր գոյություն ունի իր բազմաթիվ թերություններով հանդերձ, պետք է համառորեն, անկոտրում ձեւով նաեւ կատարի իր գործառույթները: Համալսարանական դասախոսը բոլոր դեպքերում կարծում եմ թե դաստիարակ չէ: Նա պարտավոր է հետեւել ակադեմիզմի սկզբունքներին: Գուցե երիտասարդությունը այս 10-15 օրվա մեջ զարգացավ շատ ավելի, քան համալսարանական մեկ տարվա ընթացքում, բայց այդ զարգացումը, որը նույնպես գովելի է, շատ ավելի վերաբերում է աշխարհայացքային, քաղաքացիական գաղափարաբանության, քաղաքացիական ակտիվության բնագավառին: Եթե մարդիկ ստանում են կոնկրետ մասնագիտություն, ապա դասախոսի համար շատ դժվար է քաղաքացիական ակտիվությունը, նույնիսկ հերոսությունը դիտարկել որպես գիտելիք: Հաճախ մեղադրում են մտավորականությանը՝ նրա շատ ակտիվ չլինելու մեջ: Ես՝ ինքս մտածում եմ, որ բոլոր դեպքերում այն մարդիկ, ովքեր նվիրված են իրենց գործին հենց կրթության եւ գիտության ասպարեզում, չեն կարող չափից դուրս համարձակ լինել:

- Իսկ ինչո՞վ կարող է դա վտանգավոր լինել կամ հատկապես ի՞նչն է խանգարում այդ համարձակությանը: 

- Օրինակ՝ ես այսօր ունեմ մի կարեւոր հոդված, որը պիտի ավարտեմ, ես ասենք կարող եմ գնալ միայն ցույցի եւ կիսատ թողնել հոդվածը: Ես կարծում եմ, որ համալսարանական դասախոսի առաջնային առաքելությունը կրթագիտական առաքելությունն է, բայց նաեւ նա քաղաքացի է: Ինքս գնացել եմ ցույցերի, բայց որ անկեղծ ասեմ, իմ հիմնական նպատակը եղել է այնտեղ հանդիպել իմ ուսանողներին. տարեվերջ է գալիս, մենք պաշպանություններ ունենք: Բոլոր դեպքերում ես փորձում էի նրանց բացատրել, ասել, եւ իրենք էլ լրիվ հասկացան, որ ի վերջո հարկավոր է այդ ավարտական աշխատանքն ավարտին հասցնել, որոշակի մակարդակի բերել: Դասական դասախոսը չի կարող որեւէ քաղաքացիական ակտիվություն համարել համալսարանական համապատասխան դասընթացի կամ համապատասխան հետազոտության կատարում: Մեր երիտասարդները շատ ինքնուրույն են: Նորից եմ ասում, դա ոչ թե համալսարանական, զուտ դպրոցական կրթության, այլ ընդհանրապես մեր հասարակության բաց լինելու հետեւանք է: Ես, եւ կարծում եմ իմ կոլեգաներից շատերը, այսօր ընտրել ենք, այսպես ասած, համադրելու ճանապարհը՝ որպես քաղաքացի աջակցել, հասկանալ, որպես ընկեր բարեկամաբար վերաբերվել եւ փորձել ստեղծված իրավիճակում որոշ չափով առաջ տանել մասնագիտական գործը:

- Պարոն Պետրոսյան, Դուք արձանագրում եք, որ կրթական մակարդակը բավականին ցածր է ու հետ է մնում քաղաքացիական գիտակցությունից: Դպրոցներում գնահատման եւ թեստավորման կենտրոնի իրականացրած տարբեր գնահատումների արդյունքները նույնպես գիտելիքի առումով լավատեսության քիչ հիմքեր են տալիս: Ի՞նչ անել, որ նշված երկու ուղղությունները համընթաց զարգանան:

- Դա բավականին բարդ խնդիր է՝ սկսած ընդհանրապես կրթական համակարգի բնույթից. ինչ է նշանակում կրթություն, ինչ է նշանակում պարտադիր կրթություն, ինչ է նշանակում գիտելիքի մատուցում եւ ինչ է նշանակում դաստիարակություն: Բայց ես երկու խնդիր կարող եմ շեշտել, որոնք ակնհայտորեն տեսանելի են մերօրյա հատկապես բուհական համակարգում: Դրանք համապատասխան քաղաքականության բարդությունները կամ թերացումներն են, եւ երկրորդը՝ համապատասխան տնտեսական իրավիճակը: Այսինքն՝ դասական համալսարանը պիտի առաջնորդվի ակադեմիզմի շատ բարձր չափանիշներով: Նման դեպքում համալսարանը կարիք ունի ընդունել միայն որոշակի մրցակցության պայմաններում ամենաբարձր գիտելիքներ դրսեւորած ուսանողությանը: Դա կնշանակի, որ բուհական ուսանողության թիվը շեշտակի պետք է ընկնի եւ այդ դեպքում պետք է շեշտակի բարձրանան համալսարանական վարձերը: Բայց այդ դեպքում ուսանողը պետք է իր առաջ բացվող հնարավորություններ տեսնի: Այսինքն՝ բուհը պիտի վերակառուցվի այնպիսի տեսլականով, որ կարողանա ահա նման գործառույթ կատարել կամ էլ պետությունը պիտի այնպիսի քաղաքականություն վարի, երբ ինքն է որոշում՝ ինչ մասնագետների կարիք ունի հասարակությունը եւ ֆինանսավորում է համապատասխան ուղղությունները: Այդ երկուսի դեպքում մենք իհարկե կարող ենք լինել եւ մրցունակ, եւ ընդհանրապես ուսանողության կրթական մակարդակն էլ կարող է բարձրանալ:

-«Բուհի վերակառուցմանը» արդյո՞ք չեն խոչընդոտել այն հանգամանքները, որ իշխող Հանրապետական կուսակցությունն աստիճանաբար սահմանափակեց տարբեր ազատություններ, մրցակցայնությունը վերացրեց: Մենք տեսնում ենք, որ բուհերում ռեկտորներն ընտրվում են առանց մրցակից ունենալու, վերջին շրջանում այդպես են անցնում ամբիոնների վարիչների մրցույթները եւ այլն:

- Ես կարող եմ ասել՝ այո, միանշանակ այդպես է: Այսինքն՝ այն բողոքը, այն հեղափոխական ալիքը, որ բարձրացավ, նախ եւ առաջ ուղղված էր ընդհանրապես կառավարող, այսպես կոչված, վերնախավի քաղաքականության դեմ: Այդ քաղաքականությունը հնարավորություն չէր տալիս, հավասար պայմաններ չէր ստեղծում: Այդ ամենը, որ անկեղծ ասեմ, բոլորս մեզ վրա զգացել ենք: Այնպես չէ, որ Հայաստանում չենք ապրում, այս հասարակությունից դուրս ենք: Եվ իմ համաձայնությունը, իմ ողջույնը երիտասարդությանը, իմ սեփական մտորումները, իմ մինիմալ մասնակցությունը ցույցերին ոչ թե մերկանտիլ է եղել, որ ուսանողին ասեմ՝ եկեք, այլ ես էլ եմ քաղաքացի, ինքս էլ եմ բողոքում եւ հրապարակային բազմաթիվ ելույթներով մեկ անգամ չէ, որ դա արտահայտել եմ: Բայց նախ եւ առաջ՝ ելնելով իմ մասնագիտական ոլորտի խնդիրներից:

Մյուս կողմից էլ այստեղ կա մի ուրիշ խնդիր: Գաղափարը, քաղաքականության իրականացումը միշտ չէ, որ միայն կախված է այս հանգամանքից: Սա ակնհայտորեն կաշկանդել էր, հնարավորություններ չէր ստեղծել, բայց նույնիսկ ամենաբարենպաստ պայմաններում առաջանալու է համապատասխան կոնցեպտի, նրա գործունակության աստիճանի եւ այլ խնդիրներ: Այսինքն՝ մենք պետք է հնարավորություն ունենանք, պետք է որոշակի աջակցություն ունենանք որոշակի համակարգերի փորձարկման, դրանց արդյունավետության գնահատման, եւ իհարկե, եթե այդ բոլոր պայմանները ստեղծվեն, ես կարծում եմ, հայաստանյան երիտասարդ հասարակությունը կունենա ոչ միայն աշխարհի հետ շփվելու հնարավորություն, այլեւ հայրենիքում շատ որակյալ կրթություն ստանալու: Այսօր մենք ունենք շատ ընտիր ուսանողներ, բայց ընդհանուր քանակի, ընդունելության համեմատությամբ, ցավոք, չկա ուսանողության միջինացված բարձր մակարդակ եւ դա անկասկած նախ եւ առաջ թելադրում են ձախողված քաղաքականությունը եւ Հայաստանի մերօրյա նյութական պայմանները:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 28-ի համարում:

Տպել
4798 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ