Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Համառություն և հաղթանակ. համազգայինցիները թատրոնի լեզվով ներկայացրեցին Ազնավուրի անցած ճանապարհը

Համառություն և հաղթանակ. համազգայինցիները թատրոնի լեզվով ներկայացրեցին 
Ազնավուրի անցած ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի հետաքրքրական դրվագները` վայրէջքներն ու վերելքները,  արկածներով, դժվարություններով, ստեղծագործական վայրիվերումներով և հաղթանակով անցած ուղին դերասանական հաջող խաղի, երգի, պարի միջոցով մատուցվեցին «Ազնավուր» համերգ-ներկայացմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բեմադրության առաջնախաղը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին «Համազգային» թատրոնում:

Արտիստի հիշատակին նվիրված բեմականացման հեղինակը՝ դերասանուհի Ալլա Սահակյանն ասաց` երբ կարդացել է Ազնավուրի բոլոր գրքերը,  նրան վերաբերող հոդվածները, ծնվել է գաղափարը, որի իրականացման գործում իրեն աջակցել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը: «Ներկայացնում ենք Ազնավուր մարդուն, Ազնավուր արվեստագետին`փորձելով փոխանցել նրա ուղերձները: Պատմելով այն դժվարությունների մասին, որոնց Ազնավուրը բախվել է կյանքում` շեշտում ենք, որ, եթե հավատում ես ինքդ քեզ, քո արվեստին, եթե զգում ես, որ տաղանդավոր ես, աշխատասեր, կարող ես հասնել հաջողությունների»,- նշեց Սահակյանը:

Դերասանուհու խոսքով` Ազնավուրի պայծառությունը, չընկճվելու կարողությունը քչերին է տրված:

Նա ընդգծեց, որ Ազնավուրի գրքերից հավաքած տեղեկությունները, գեղեցիկ հատվածները համադրելով, խմբագրելով` կառուցել են  ներկայացումը՝ փորձելով նկարագրել մեծ հայի հաղթանակի ճանապարհը: «Ազնավուրն իր գրքերից մեկում գրել է, որ, հավանաբար, յուրաքանչյուր դերասանուհի երազում է Պիաֆ խաղալ: Ըստ իս` յուրաքանչյուր արտիստ երազում է թեկուզ տասը րոպե բեմում Ազնավուր խաղալ ու ապրել նրա կյանքով: Մենք այսօր այդ հնարավորությունն ունենք: Մեզ համար դա տոն է` շանսոնյեին  հավերժացնելու առիթ»,- շեշտեց Սահակյանը:

Թատերասերները բեմում տեսան Շառլ Ազնավուրին, Էդիթ Պիաֆին, Ազնավուրի քրոջը` Աիդային, Ազնավուրի կյանքում մեծ դերակատարություն ունեցած այլ մարդկանց, որոնց մարմնավորել են Ալլա Սահակյանը, Ստեփան Ղամբարյանը, Նարեկ Բաղդասարյանը:

Նարեկ Բաղդասարյանը, որը յուրահատուկ մեկնաբանությամբ կատարեց Ազնավուրի մի քանի երգ, ասաց, որ Շառլի երգերում նրա կյանքն է` պոեզիայի և երաժշտության լեզվով: «Ազնավուրը ծնվել էր գաղթականների ընտանիքում, օտար երկրում և  չքավորությունից հասել  համաշխարհային փառքի: Նա ֆրանսիացի ամենահայտնի աշխարհահռչակ արտիստն է»,- նշեց դերասանը:

Ներկայացման ամբողջ ընթացքում բեմում արտիստներին նվագակցեց հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը՝ իր ջազ քառյակով:

Անդրադառնալով Ազնավուրի ջազային ստեղծագործություններին` Քյոսայանն ընդգծեց, որ Ազնավուրը հանճարեղ երաժիշտ էր, որն ուներ բարձրակարգ երաժշտական ճաշակ, և չէր կարող չօգտվել ջազի գանձարանից` ջազի գույներից, ջազի մտածողությունից, ջազի ազատությունից: Ազնավուրի «Je m'voyais déjà» երգը, որի շնորհիվ նրան ընդունեց Ֆրանսիան, հարուստ է ջազային երանգներով: Ազնավուրն ինձ նվիրել է իր սկավառակներից մեկը, որը կոչվում է «Ջազնավուր»,-ասաց մաեստրոն և պատմեց, որ 1995 թվականին նվագակցել է Ազնավուրին նրա՝ ԱՄՆ-ում կայացած երեկոյի շրջանակում, իսկ 1998-ին` կրկին հանդիպել են Միացյալ Նահանգներում: Ազնավուրը 2005 թվականին որպես հյուր ներկա է եղել Քյոսայանի համերգին:

«Նա մեծատառով մարդ էր, մեծ հայրենասեր: Մի բան պատմեմ. համերգներից մեկի ժամանակ Ազնավուրը վատ է զգում իրեն, և նրան հոսպիտալացնում են: Հիվանդանոցում Ազնավուրը հարցնում է, թե արդյոք հայուհի բուժքույր կա՞ այնտեղ` նշելով, որ եթե մեռնելու է, ցանկալի է` հայուհու ձեռքերի վրա»,-պատմեց ջազմենը:

Երկու գործողությամբ համերգ-ներկայացման պարերը բեմադրել է Ինեսա Արձաքանցյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները` Էդ Թադևոսյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]