HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դարիկի պահապան տիրուհին՝ Իրինա Թադեւոսյանը

Կիսամութի մեջ լսվող աքաղաղի կանչը լռությունը խախտող առաջին հնչյուններն են, որ քնից չսթափված ուղեղդ արձանագրում է առավոտյան ժամը 5-ի հատվածում: Կենդանի «զարթուցիչի» ձայնը կտրելու անհնարինությունից հուսահատ` սկսում ես հաշվել՝ մեկ, երկու, երեք, չորս...Վերկացի հաջորդ ազդականչը հնչում է արդեն մեկ ժամ անց: Պատուհանից ներս սողոսկող արեգակի ժլատ ճառագայթները ստիպում են վերջնականապես արթանալ՝ գյուղում երկար չեն քնում: Դրսում հաճելի սառնություն է, օդի մեջ` դաշտերի ծաղիկներից տարածվող բույրը, իսկ աչքերիդ առաջ բացվող ընդարձակ մի տարածություն՝ կանաչ-կապույտի միախառնմամբ, որտեղ հայացքդ ազատ թափառում է՝ ընդգրկելով հորիզոնի անսահմանությունը:

Դռան մոտ պառկած սպիտակ գամփռի հայացքում մեծահոգություն կա: Որպես հին ծանոթի` ընդամենը մռութն է մոտեցնում ոտքերիս ու կրկին մեկնվում նույն տեղում: Շինությունների հետեւից հայտնվում է ոչխարների հոտը: Երիտասարդ հովիվը, անտարբեր իր կողմ ուղղված ֆոտոխցիկին, անշտապ քայլում է հոտի կողքից:  Թիկունքիցս հնչում է առավոտյան ամենասպասված հարցը. «Սուրճ խմե՞նք»: Իրինան բակում հարմարեցրած փայտե սեղանի վրա դասավորում է սուրճի բաժակները: Տեղավորվում ենք նստարան ծառայող գերանի վրա ու հայացքներս հառում ալպիական դաշտերին: «Աստվածային խաղաղություն է»,- ասում եմ՝ գլուխս թեքելով բնակավայր բերող դաշտամիջյան ճանապարհի կողմը: Իրինան գլխով լուռ հավանության նշան է անում: Դեռ երեկոյան էր ասել, որ պիտի ծանոթացնի «սեւամորթ» խոզուկների հետ եւ թույլ է տալու, որ հացով կերակրեմ: Սրճելուց հետո գնում ենք գոմ, որտեղ նրա հպարտություն վիետնամական խոզերն են:

Ալյուրի համտեսից հետո խոզերը՝ մեծ ու փոքր, շարքով դուրս են գալիս գոմից եւ շտապում կանաչ տարածք՝ արածելու: «Իրենք խոտակեր են, նաեւ շատ կազմակերպված ու ինքնուրույն արարածներ են: Հեսա մի քիչ կարածեն ու խմբով հետ կգան»,- ժպտալով բացատրում է տանտիրուհին ու պատմում, թե ինչպես է որոշել խոզուկներին սովորեցնել ձեռքից հաց վերցնել: «Ճիշտն ասած` շատ վախկոտ են, հատկապես, երբ օտար մարդ են տեսնում: Հենց մոտենում են, փախնում են: Բայց ես շատ էի ուզում, որ իրենք մտերմանային ինձ հետ ու չվախենային: Իսկ հիմա էնքան են «առաջադիմել», որ անգամ տուն են մտնում, եթե դուռը բաց է լինում»,- Իրինան ծիծաղելով խոզերից ամենամեծի մռութին է մոտեցնում չոր հացի կտորը:

Ինձ համար անսպասելի զգուշավորությամբ` կենդանին, աշխատելով չդիպչել կնոջ ձեռքին, ատամներով վերցնում է հացն ու սկսում ախորժակով խրթխրթացնել: Մյուսներին կերակրելու պատիվն Իրինան վերապահում է ինձ, իսկ ինքն անցնում Վանա կատուների ու գամփռի ձագերի համար նախատեսված հատուկ կերով լցրած դույլերը քառանիվ մոտոցիկլի վրա հարմարեցնելուն: Խոզերի կերակրումն ավարտելով` երկուսով շարժվում ենք դեպի կատուների եւ գամփռների կացարան: «Գիտես, չէ՞, էս ճամփի վրա ընդամենը մեկ վթար է եղել, էն էլ տրակտորների,- Իրինան ծիծաղում է,- չգիտեմ, թե ոնց են հաջողացրել, որ կարողացել են էս ազատ տարածության մեջ ճակատ-ճակատի բախվեն, բայց հաջողացրել են»:

Դարիկ...Վստահ կարող եմ ասել, որ բնակավայրի անունը չեն լսել անգամ Շիրակի մարզի բնակչության 99,9 տոկոսը: Հայ-վրացական սահմանից ընդամենը 3 կմ հեռավորության վրա է գտնվում բնակավայրը (ծովի մակերեւությից 2200 մ բարձրության վրա), որ խորհրդային տարիներին առավել հայտնի էր Օքսուզ անունով (Ամասիայի նախկին վարչատարածք, ապրել են ադրբեջանցիներ, որոնք տարածքից հեռացել են 1988թ. վերջին):

«Դարիկը փիլիսոփայություն է, Դարիկը զուտ ինչ-որ տարածք չէ, Դարիկն ինձ համար աշխարհի կենտրոնն է»,- ասում է Երեւանում ծնված, Երեւանի կենտրոնում բնակվող Իրան (Իրինա Թադեւոսյան): Ուղիղ 27 տարի առաջ, կտրելով 174 կմ, ամուսնու եւ երկու երեխաների հետ հասնելով կորուսյալ այս բնակավայր՝ եռանդուն այս կինն ընդմիշտ սիրահարվեց լեռներին, մաքուր օդին, բնությանն ու...լռությանը: «Այո, ինչպես ասում են` իմ սիրտը լեռներում է: Ես, ամեն անգամ վերադառնալով Դարիկ, անհույս սիրահարվածի նման նայում ու չեմ կշտանում, երեխաներս միշտ զարմանում են, ասում են՝ մամա, դու ոնց որ առաջին անգամ լինես»:

Իրինան «սինաբոն» (դարչինով կարկանդակ) է թխում: Խոհանոցում տարածվում է վանիլի ու դարչինի բույրը: Մի տեղ կարդացել էի, որ մեքսիկական պարբերականներից մեկը «սինաբոնը» ներառել է կյանքի 50 հաճույքների ցուցակում: Մտքովս երբեք չէր անցնի, որ այդ «հաճույքը» համտեսելու եմ հենց Դարիկում: «Որ մեծ բնակավայր լիներ Դարիկը, կարելի էր անգամ բիզնես անել,- կատակում է Իրինան,-իսկ էսպես ստացվում է, որ թխում եմ միայն դեպքից դեպք՝ հյուրերի համար»: «Սինաբոնի» բույրը մի պահ 90-ականներից բերում հասցնում է մեր օրեր. Իրինային խնդրում եմ վերադառնալ ու շարունակել ընդհատված զրույցը:

«Եվ այսպես` եկա, սիրահարվեցի ու մնացի ամայի այս բնակավայրում՝ հուսալով, որ մի օր գյուղը կվերականգնվի, մարդիկ կգան ապրելու, շենացնելու տարածքը, հատկապես, որ սահմանամերձ է ու կարիք կար ամրացնելու: Տեղն ընտրել էր ամուսինս, ինքը մասնագիտությամբ կինոլոգ է ու հատկապես 90-ականների սկզբներին ցանկություն չուներ ապագան կապել մայրաքաղաքի հետ: Այդ տարիներին երկիրը պարենային հարց էր լուծում, մենք մտածում էինք անասնապահության զարգացման մասին, իսկ այս տարածքները, որ համարվում են ալպիական գոտի, լավագույնն են այդ նպատակի համար»:

«90-ականները հետաքրքիր տարիներ էին,- ասում է Իրինան,- փորձության, զարգացման, խոչընդոտների հաղթահարման, հարաբերությունների ձեւավորման ու ամրացման»: Ինքն ընդամենը 25 տարեկան էր, Արմենը՝ 27, երկու փոքրիկ տղաներ էին մեծանում, երրորդ տղան ծնվեց 1998թ. եւ իրենք անտրտունջ, ամեն անգամ կտրում-անցնում էին Երեւան-Դարիկ ճանապարհը՝ իրենց ապագան կառուցելու հաստատ մտադրությամբ:

«Արմենը գյուղերից կովեր էր գնել, բավական գլխաքանակ էր հավաքվել, ու մեզ օգնողներ էին պետք,-պատմում է Իրինան,- այդպես մի քանի ընտանիքներ եկան Դարիկում ապրելու: Կարող է ծիծաղես, բայց սկզբնական շրջանում բոլորս ապրում էինք մեր տանը, որ այն ժամանակ երկու սենյակ ուներ: Դարիկում` նախկին Օքսուզում, մինչեւ լքվելը 47 ծուխ ադրբեջանցիներ են ապրել: Մենք որ եկանք տուն ընտրելու, համարյա ոչ մի պիտանի, նորմալ շինություն չկար, ամբողջը թալանված էր: Մեր վերցրած տունը քիչ-միչ վերանորոգեցինք, որ սկզբնական շրջանում մնալու տեղ ունենանք, հետո ընթացքում մի տուն էլ նորոգեցինք աշխատողների համար: Դարիկն էս տարածաշրջանի վերջին բնակավայրն է, ոնց որ Եղնաջուրը հայ-թուրքական սահմանի կողմից, եւ շատ դժվարությամբ էր էստեղ ընթանում վերաբնակեցումը, կարող եմ ասել, որ ինչ-որ տեղ անգամ անտեսված էր: Եվ այդպես էլ Դարիկը գյուղ չդարձավ, մնաց բնակավայր»:

Ընտանիքները, որոնք եկան Դարիկում ոչ թե ապրելու, այլ աշխատելու, ունեին դպրոցահասակ երեխաներ: Դարիկում դպրոց չկար, հարեւան գյուղերից էլ ոչ բոլորում էր գործում ուսումնական հաստատություն: Իրինայի հիշելով` այդ տարիներին դպրոցները մեծացնում էին, փոքրերը փակվում էին, եւ օպտիմալացման արդյունքում ուսուցիչներ էին դուրս մնում աշխատանքից: Եվ նա որոշում է ամեն գնով դպրոց բացել փոքրիկ դարիկցիների համար: Սկզբի համար վերանորոգում են քանդած մի տուն ու զբաղվում դպրոցական գույքի հայթայթմամբ՝ սեղան, աթոռ, գրատախտակ, դասագրքեր: Դպրոցահասակ մոտ 12 երեխա՝ 7-12 տարեկան, բոլորն էլ անխտիր ընդունվում են Դարիկի նորաստեղծ դպրոցի առաջին դասարան:

«Մեր մոտ էին եկել ուսուցիչ ամուսիններ, հենց իրենք էլ սկսեցին դասավանդել: Ըստ օրենքի` մինչեւ 3-րդ դասարան բոլորն իրենց գյուղերում պիտի դասի գնային, 3-րդից 8-րդ դասարան գնում էին Բերդաշեն, միջնակարգն ավարտում էին Ամասիայում կամ Գյումրիում: Դպրոցս մնաց 8 տարի, հետո, երբ էլ փոքրահասակ չունեինք, դպրոցը փակեցինք: Գիտե՞ս ինչն էր հետաքրքիր, որ երեխաներն առավոտը գնում էին դպրոց, իսկ կեսօրից հետո՝ դաշտ, ուսուցիչ ամուսինները` նույնպես,- հիշում է Իրինան,-այստեղ ոչ ոք պարապ չէր մնում: Տվել էինք հող, որ մարդիկ մշակեն, բերք ստանան: Մեր կովերից ամեն ընտանիքին անվճար ամեն օր տալիս էինք 5 լիտր կաթ, փող տալն անիմաստ էր այստեղ, ամեն ինչ բնամթերքով էր՝ մի տեսակ համայնական կյանքով էինք ապրում ու հատկապես հաց թխելն ամբողջ գյուղով էինք անում»:

Գյուղ ասվածն ընդամենը 4-5 ընտանիք էր: Ամիսը մեկ անգամ գյուղի կանանցով հավաքվում, տաշտերով խմոր էին հունցում եւ, տրակտորի կցասայլին բեռնելով` գնում տներից մեկում հայտնաբերված միակ թոնրատանը հաց թխելու: «Մենք մի մեծ ընտանիք էինք՝ միասին հաց էինք թխում, պանիր սարքում, բոլորով ծնունդ էինք նշում: Իսկ հետո, երեխաների մեծանալուն զուգահեռ, մարդիկ սկսեցին գնալ: Անասնապահության ոլորտում էլ ձեռքի աշխատանքը քիչ-քիչ դուրս էր գալիս, տեխնիկան ու էլեկտրականությունն էր գալիս փոխարինելու մարդուն, էդպես Դարիկում մնաց միայն մեր ընտանիքը»:

Ես նայում եմ Իրինայի էներգիա ճառագող, դիմահարդարումից զուրկ դեմքին, ամուր ձեռքերին, հաստատուն քայլվածքին ու հասկանում, որ միայն ուժեղ կամքով այս կինը կարող էր հաղթահարել մայրաքաղաքից դեպի «կորուսյալ դրախտ» տանող ճանապարհին հանդիպող բոլոր դժվարությունները. աջակցել ամուսնուն, մեծացնել երեք ամրապինդ տղաների, փորձել ձեւավորել համայնք ու այդ ամենն անել սիրով, համբերությամբ ու ժպիտը դեմքին:

 «Ճիշտ որ կորուսյալ դրախտ,- Իրինան կրկին ժպտում է իր հմայող ժպիտով,- նմանատիպ վայրերի արժեքը մեր երկրում էնքան էլ չեն գիտակցում, չգիտեմ` ինչից է: Իսկ ինչ մնում է հաղթահարելուն, ապա, մեծ հաշվով, թե´ ես, թե´ Արմենը երբեք էլ քաղաքային միջավայրի սիրահար չենք եղել: Երբ ես տանը հայտարարեցի, որ պատրաստվում եմ գործերս «Զովետ» տամ, դու պիտի տեսնեիր մերոնց դեմքերը, բայց դե դա իմ ընտրությունն էր: Ես առաջին մասնագիտությամբ անասնաբույժ եմ, ու թերեւս սա տեղ էր, որտեղ կարող էի լավագույնս կիրառել գիտելիքներս, թեպետ, երբ մենք գալիս էինք Դարիկ, ես այդ մասին ընդհանրապես չէի մտածում»:

«Դե դուք նաեւ չգրանցված սահմանապահներ էիք այդ տարիներին»,-նկատում եմ ես՝ համտեսելով սինաբոնը: «Էդ տարիներին ընդգծված հայ-վրացական սահման չկար: Ասեմ, որ վատ տարիներ էին, որովհետեւ ուղեկալ չկար, վրացական կողմից անարգել մուտք էին գործում Հայաստան, բերում էին ժամկետանց սնունդ եւ այլն: Սահմանի բացակայությունն առավել կոշտ ձեւով զգացել ենք մենք, երբ մեզնից 38 կով գողացան մի գիշերվա մեջ: Երբ հայտնաբերեցինք, որ անասունը գողացել են, ուզեցինք հասկանալ, թե ինչպես, ինչ ճանապարհով, ովքեր էին գողերը: Պարզվեց, որ դրանք Վրաստանի թուրքերն են: Դե սահման չկար, անարգել մուտք էին գործում ու գողանում մարդկանց անասունը: Սրանք, փաստորեն, գալիս էին, երբ լիալուսին էր, եւ անպայման` չոր եղանակի, որ հետքեր չթողնեին: Մի 3 ժամում կենդանին վազացնելով սահմանն անց էին կացնում: Գողացած անասունը հավաքում էին Բոլնիսում, որ հետո ուղարկեն Թուրքիա: Արմենն էդ ժամանակ գնաց, իր աչքով տեսավ ամբողջը, բայց անասունը հետ չբերեց»:

Արմենի պնդմամբ` Դարիկից վերեւ սահմանապահ ուղեկալ է ձեւավորվում: «Իմ 13 տարեկան տղան ձիու վրա սաղ գիշեր պահակություն էր անում, էդքան շներ ունեինք տարածքում, բայց չգիտես, թե փորձանքը որ պահին կգար: Դրանք ահավոր բաներ էին էն իմաստով, որ անասունը տանում էին հենց քթիդ տակից: Դու կարող էիր ողջ գիշեր պահակ նստել ու առավոտը հայտնաբերել, որ անասունը չկա, դրա համար էլ որքան էլ մենք կամավոր կերպով մեր վրա էինք վերցրել սահմանապահի դերը, ճիշտը ուղեկալ ունենալն ու պետականորեն պաշտպանված լինելն էր: Ուղեկալը դրվեց, ու դրանից հետո արդեն հանգիստ քնում էինք, անասունն էլ գոմում էր ապահով մնում»:

Իրինան պատմում է, որ Արմենի երազանքը մեծ անասնապահական ֆերմայի ստեղծումն էր, կովերի նոր ցեղատեսակների ներմուծումը: «Գիտե՞ս, Արմենը միշտ ժամանակից առաջ է ընկել: Ինքն ինչ արել է, մեր երկրում տվյալ ժամանակահատվածի համար մի տեսակ ժամանակավրեպ է եղել: Ֆրանսիայից «լիմուզին» ցեղատեսակի կովեր պիտի բերեինք, մարդիկ իմացել էին, բայց քանի որ իրենց մեջ տպավորվել էր միայն «լիմուզին» բառը, հարցնում էին, թե Արմենն էդքան ավտոն ի՞նչ է անելու, վարձով հարսանքատերերի՞ն է տալու,- զրուցակիցս ծիծաղում է,- հետո էնպես ստացվեց, որ մենք գնեցինք Սպիտակի անասնապահական ֆերման, ու աշխատանքների ծավալը մեծացավ: Որոշվեց ամեն ինչ տեղափոխել Սպիտակ, քանի որ Դարիկում արտահանման համար պատրաստված պանիրը ձմռանը տեղափոխելիս փակ ճանապարհների պատճառով խնդիրներ էինք ունենում»:

Խոշոր եղջերավորն ամբողջությամբ տեղափոխում են Սպիտակի ֆերմա, Դարիկում մնում են միայն մանր եղջերավորները, գամփռները, կատուներն ու վերջին տարիներին նրանց շարքը համալրած աքաղաղներն ու վիետնամական խոզերը: «Դարիկում այլեւս ծանրաբեռնվածություն չկար, եւ պետք էր մտածել տարածքը նաեւ այլ նպատակի ծառայեցնելու մասին: Այդպես ծնվեց հյուրատան եւ ամառային ճամբարի գաղափարը,- ասում է Իրինան,- օտարերկրյա հյուրեր ես ընդունում էի շատ վաղուց, ֆրանսիացիներ էին, որ ամեն տարի գալիս էին ֆերմայի հետ կապված: Դե ես հայավարի ընդունում, կերակրում, ճանապարհում էի, հետո իրենք պնդեցին, որ ես գումար վերցնեմ կեցության համար, որ իրենք էլ իրենց հանգիստ զգան: 9 տարի ես զբաղվել եմ տուրիզմով առանց հատուկ պատրաստվածության ու դիպլոմ կոչվածի, ուղղակի ենթադրելով, գլխի ընկնելով, կռահելով եւ փորձ ձեռք բերելով: Իհարկե, հարկ եղավ հետագայում կրթություն ստանալ տուրիզմի ոլորտում, նաեւ նորոգել տունը, տարածք ավելացնել, որ եկողը կենցաղային առումով ոչ մի խնդիր չունենա: Տանն ունեմ երկու սանհանգույց, երկու մեծ սենյակ, որտեղ կարող եմ հյուրընկալել 10-12 հոգի միաժամանակ, կա կահավորված խոհանոց, որտեղ կարող են պատրաստել»:

Ամառային ճամբարի մասին Իրինան գերադասում է մանրամասն չպատմել: Առաջարկում է համբերել մեկ շաբաթ ու ամեն ինչ տեսնել սեփական աչքերով:

Ամառային ճամբար Դարիկում

Դարիկ վերադառնում եմ նախորդ այցիցս 10 օր անց: Առաջին հայացքից թվում է, թե ոչինչ չի փոխվել, սակայն այս ու այն կողմ գնացող պատանիներն ու աղջիկներն այլ բան են հուշում: Աշխույժ եռուզեռ է ոչ միայն բակում, այլեւ տան բոլոր սենյակներում: Իրինան դիմավորում է հին մտերիմին կարոտածի ամուր գրկախառնությամբ:

Ճամբարականները (20 երեխա) Երեւանի «Արեգնազան» կրթահամալիրի 8-րդ դասարանի աշակերտներն են: Դարիկ գալիս են երկրորդ տարին: Զրուցում եմ դասվար Սուսաննա Հովհաննիսյանի հետ: «Գյուղատնտեսական պրակտիկան մեր կրթահամալիրում ընդգրկված է դպրոցական ծրագրում՝ անցնում են 7-րդ եւ 8-րդ դասարանցիները: Գաղափարը շատ հետաքրքիր է: Երկու շաբաթ ամառային արձակուրդների ընթացքում երեխաները պետք է բնակվեն որեւէ գյուղում եւ յուրացնեն գյուղական կյանքի ատրիբուտները,- բացատրում է Սուսաննա Հովհաննիսյանը,- շեշտը դրվում է նրա վրա, որ պետք է կամային քայլ անեն՝ չեն ուզում առավոտյան վաղ արթնանալ, բայց արթնանում են, որովհետեւ պետք է, չեն ուզում գոմ մտնել, բայց պետք է մտնեն, որովհետեւ պետք է կարողանան հաղթահարել «չեմ կարողանում»-ը, «զզվում եմ», «վախենում եմ», «հոտ է գալիս», «չեմ անի, հավես չունեմ, քունս տանում է», «ուզում եմ հեռախոսը վերցնեմ կամ համակարգչի առաջ նստեմ» տիպի ցանկությունները»:

«Դարիկն իդեալական վայր է այդ առումով»,- պնդում է զրուցակիցս: Եվ որքան էլ տարօրինակ հնչի, ամենամեծ առավելությունը հենց գյուղամեջ կոչվածի, բնակիչների բացակայությունն է: «Դարիկն ինձ համար հայտնաբերել եմ 5-6 տարի առաջ: Իրինայի հետ ծանոթ էի, որովհետեւ մեր երեխաները նույն դասարանում էին սովորում: Երբ առաջին անգամ եկա Դարիկ, ուղղակի սիրահարվեցի տեղանքին: Այստեղ հայացքդ ու միտքդ ազատ է: Հենց հեռավորությունն է մայրաքաղաքից շահեկան դարձնում տեղանքը: Սա նաեւ մեծ հնարավորություն է ամեն տարի 20-25 երեխայի ծանոթացնել իրենց երկրի հյուսիսային հատվածին: Ճիշտն ասած` ես ինքս էլ եմ սովորում,- ասում է զրուցակիցս,- օրինակ` զզվում եմ տառականներից եւ սարդերից, բայց էստեղ սովորում եմ չզզվել: Քաղաքում քո հայացքի դիմաց գրեթե միշտ պատ է, այստեղ հայացքդ ազատ է. սա, թերեւս, ամենագնահատելիներից է: Դու նայում ես անծայրածիր հեռուներին ու հայացքդ ազատ կարող է թափառել ամենուրեք, իսկ քաղաքում դու բացում ես պատուհանդ ու դիմացդ շենք է, եթե շենք էլ չէ քթիդ տակ, ուրեմն հեռախոսն է: Անցած տարի, երբ Դարիկում էինք, երեխաներից Մովսեսը մի էսպիսի արտահայտություն արեց, ասեց. «Ես դեռ էսպիսի լռություն չէի լսել»:

Ամիսներ տեւող մենությունից հետո երկշաբաթյա աշխուժությունը Իրինայի սրտով է: Գուցե մի փոքր լարվածություն է առաջանում՝ պատասխանատվության առումով, մի փոքր էլ խախտվում է կենդանիների առօրյան (օրինակ` խոզուկներն աշխատում են շատ աչքի չընկնել, գամփռի ձագերը տեր ու տնօրինություն են անում բակում, մայրացած կատուներից Վանին տանտիրուհու սենյակը լքում է միայն գիշերը, գամփռներից Լուսինը ժամանակավոր հրաժարվել է շեմքի մոտ պառկելու սովորությունից եւ այլն):

«Չես հոգնու՞մ»,- դիմում եմ Իրինային: «Հոգնե՞լ, գուցե մի փոքր ավելի է հոգնածությունը, քան մնացած օրերին, սակայն սա շատ ավելի հաճելի հոգնություն է: Ես սիրում եմ երեխաներին, եթե հնարավոր լիներ, մի քանիսին կպահեի ինձ մոտ,- ծիծաղում է,- որ հյուրեր եմ ունենում, համ տունս է լցվում, համ` Դարիկը»: «Ափսոս, որ տարվա մեջ շատ քիչ օրեր են ու մնացյալ ժամանակ ինքդ ես քո հարեւանը»,-նկատում եմ ես: «Գիտե՞ս, կատակը` կատակ, բայց տխուր բան ես ասում: Պատկերացնում եմ, որ եթե այս ամենով չսկսեի զբաղվել եւ ստիպված լինեի հեռանալ, եւս մեկ բնակավայր վերածվելու էր խոտհարքի: Չես պատկերացնում` ի՜նչ արագ է խոտն այստեղ աճում»:

Մեկնաբանություններ (5)

Երանուհի Սողոյան
Շնորհակալություն, հարգելի Գոհար, գնահատականի համար:
Նաիրա
Շատ հաճելի էր, ոնց որ գեղարվեստական գիրք կարդայի: Իրինային վաղուց եմ ճանաչում, իր գործունեությունը շատ վարակիչ է և ուսանելի: Որ զբաղվածությունս ու հեռավորությունը չլիներ, ես անձամբ հաճախակի կայցելեի: Հույսով եմ, որ այս ամսին կհյուրընալեմ բազմակողմանի զարգացած այս տիկնոջը...
Երանուհի Սողոյան
Հարգելի Աշոտ, զանգահարեք խմբագրություն, խնդրեք իմ հեռախոսահամարը փոխանցեն, զանգահարեք ինձ, ես ձեզ կօգնեմ
Աշոտ
Շատ հետաքրքիր հոդված էր,կխնդրեի տիկին Իրինայի հեռախոսահամարը կապ հաստատելու,հանգստի մեկնելու,պայմաններին ծանոթանալու համար:
Գոհար
Իսկապես հիացած եմ, խոսքեր չեմ գտնում։ Սիրով որդիներիս հետ մի օր կայցելեմ Դարիկ, տիկին Իրինայենց հյուր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter