Մատչելիության հղումներ

Ռուսաստանում վերջին օրերին զգալիորեն ավելացել է կորոնավիրուսի զոհերի թիվը


Ռուսաստան - Ոստիկանները պարեկություն են իրականացնում Մոսկվայի փողոցներում, 20-ը մայիսի, 2020թ.
Ռուսաստան - Ոստիկանները պարեկություն են իրականացնում Մոսկվայի փողոցներում, 20-ը մայիսի, 2020թ.

«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում բարելավվել է», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ - «Իրավիճակը երկրում ընդհանուր առմամբ կայունացել է։ Ինչպես Մոսկվայում, որն առաջինն էր բախվել համաճարակի հետ և Ռուսաստանում ընդհանրապես։ Վարակման նոր դեպքերը նվազել են»։

Սանիտարահամաճարակային հեռավար խորհրդակցությանը Պուտինը նաև հավելել է, որ պետք է ավելի շատ թեստեր անցկացնել՝ իրավիճակը վերահսկելու համար։

Երկու օր առաջ ռուսաստանյան մի շարք հեղինակավոր աղբյուրներ հայտնել էին, որ Կրեմլում որոշել են հունիսի 24-ին անցկացնել սահմանադրական փոփոխությունների հետաձգված քվեարկությունը և հաղթանակի շքերթը։

Փորձագետները կանխատեսում էին, որ նաև այս պատճառով Ռուսաստանում առաջիկա շաբաթների ընթացքում կարանտինը զգալիորեն կթուլացվի։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում արտակարգ դրություն չի հայտարարվել։

Ռուսաստանում, մի կողմից, արդեն մի քանի օր է՝ նոր վարակվածների թիվը չի գերազանցում 9 հազարը, մյուս կողմից՝ զգալիորեն ավելացել է կորոնավիրուսից մահացածների թիվը: Այսօր, օրինակ, հակառեկորդ է արձանագրվել՝ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 150 մարդ, մեծ մասը՝ Մոսկվայում:

Սրանք պաշտոնական տվյալներն են: Անկախ փորձագետները և ընդդիմությունը իշխանություններին մեղադրում են իրական թվերը թաքցնելու մեջ:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանում կորոնավիրուսը որպես մահվան պատճառ չեն նշում բոլոր դեպքերում, երբ կորոնավիրուսով պացիենտը մահանում է, հաճախ նշում են թոքաբորբ, և այդ դեպքերը չեն ներառվում պաշտոնական վիճակագրության մեջ:

Ամեն դեպքում, պաշտոնական վիճակագրությունն էլ է փաստում, որ կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին օրերին զգալիորեն մեծացել է:

Հիշեցնենք, կորոնավիրուսի վարակ ավելի վաղ հայտնաբերվել էր նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի, մշակույթի և քաղաքաշինության նախարարների, Պետդումայի որոշ պատգամավորների, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մոտ: Պեսկովից բացի, բոլոր պաշտոնյաներն արդեն ապաքինվել են և վերադարձել աշխատանքի, Կրեմլի խոսնակը դեռ մնում է հիվանդանոցում:

Երեկ երեկոյան մի շարք ռուսական աղբյուրներ, այդ թվում նաև՝ դաշնային գործակալությունները, տեղեկություն տարածեցին, որ վարակվել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ում մոտ բավականին ծանր թոքաբորբ է, և որ նրան տեղափոխել են մոսկովյան հիվանդանոց: Սակայն պաշտոնական տեղեկություն Կադիրովի առողջական վիճակի մասին մինչ այս պահը դեռ չկա, իսկ ռուսաստանցիներն էլ համացանցում կատակում են, որ Մոսկվայից ստացած հսկայական գումարներով Չեչնչիայի ղեկավարը թանկարժեք մեքենաներ էր գնում, իսկ ռեգիոնում չկա նույնիսկ մեկ նորմալ հիվանդանոց, և նրան ստիպված Մոսկվա են տեղափոխել:

Ռուսաստանում մարտի կեսերից գործում է կարանտինային խիստ ռեժիմ, տարբեր ռեգիոններում՝ տարբեր կանոններով, և այդ ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը:

Մոսկվայում, օրինակ, աշխատում են բոլոր արդյունաբերական և շինարարական կազմակերպությունները, սակայն մոսկվացիների մեծ մասի համար կարանտինային խիստ ռեժիմը պահպանվում է, դիմակ և ձեռնոց կրելն էլ պարտադիր է հանրային բոլոր վայրերում: Իսկ տրանսպորտից օգտվելու համար անհրաժեշտ են հատուկ անցագրեր: Սահմանափակումները ոստիկանությունը խստությամբ վերահսկում է:

Ռուսաստանի ռեգիոնների մեծ մասում չեն աշխատում առևտրի կենտրոնները, ոչ մթերային խանութները, կրթական կառույցները, ռեստորանները, գեղեցկության սրահները, փակ են բոլոր զբոսայգիները:

Տնտեսագետներն ահազանգում են, որ գործարարներից շատերը ստիպված են լինելու փակել իրենց ձեռնարկությունները, և հետհամաճարակային շրջանում դրանցից շատերը չեն բացվելու:

Բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովի անցկացրած մոնիթորինգի համաձայն, մասնավորապես, Ռուսաստանում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կեսից ավելին՝ 53 տոկոսը, իրենց իրավիճակը բնութագրել են որպես աղետ կամ ճգնաժամ: Հարցվածների 62,2 տոկոսն իրենց ձեռնարկությունների գոյատևման հնարավորությունները գնահատել են 50 տոկոսից ցածր: Հարցվածների միայն 13,4 տոկոսն է վստահություն հայտնել, որ կորոնավիրուսից հետո վերաբացելու է բիզնեսը:

Այս նույն մոնիթորինգի համաձայն՝ բիզնեսին դաշնային աջակցությունը բացասական է համարում հարցված գործարարների 55,1 տոկոսը:

XS
SM
MD
LG