ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը՝ BBC-ի հրապարակման մասին

Նախօրեին BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձ էր կատարել Հայաստանում 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններով հարուցված քրեական գործի նյութերին։ Ընդ որում, հոդվածում նշվում է, որ լրատվամիջոցին տրվել է նախաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն՝ դրանով իսկ ընդգծելով Հայաստանի ներկայիս իշխանության հետ առնչություն ունենալու կամ, ավելի ճիշտ՝ համագործակցելու կարևորագույն հանգամանքը:

Իհարկե, ավելի ուշ հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հեղինակներից մեկը՝ հայազգի Գրիգոր Աթանեսյանը, հերքել էր Քննչական կոմիտեի հետ կապեր ունենալու վարկածը և վկայակոչել էր Հայաստանից ինչ-որ անանուն  աղբյուր:

Հոդվածում մարտի 1-ին 10 հոգու սպանությունը մեղսագրվում է Արցախից բերված 20 հոգանոց մի ջոկատի, և, ինչպես նշվում է BBC-ի նյութում՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) գլխավորած ղարաբաղյան ջոկատն է դա եղել, ու այն տեղակայվել է Հայաստանի նախագահական նստավայրի նկուղում:

Մինչդեռ մարտի 1-ի գործողությունները հիմնականում ծավալվել են Ազատության հրապարակում, ապա՝ Մյասնիկյանի արձանի շրջակա տարածքում, այդտեղից՝ դեպի Պարոնյան և Մաշտոց ձգվող հատվածում:

Ավելին, մամուլը բազմիցս գրել է, որ այդ օրերին Ղարաբաղից բերված զորքը գտնվում էր կառավարության շենքում և, թերևս, իրականացնում էր հիմնականում պետական գերատեսչական կառույցները հսկելու գործառույթ:

Մարտի 1-ի կրակոցներին Ղարաբաղի զորքի անմիջական մասնակցության մասին տեղեկություններ հայտնի չեն, որոշակի առումով, տեղակայման տրամաբանությունից ելնելով՝ անգամ գրեթե բացառելի:

Ի դեպ, Կառավարության շենքում Ղարաբաղից բերված զորքի ապաստանելու մասին  երեկ «Առավոտին» տված մեկնաբանության մեջ հաստատել է նույն ինքը՝ գեներալ-մայոր Օգանովսկին և BBC-ի հրապարակումը անվանել էր ծայրից ծայր հորինված հեքիաթ:

Այն ժամանակվա ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ով ներկայում ՀՀ Զինված ուժերում է՝ հեղափոխությունից հետո նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչ, 168.am-ի հետ զրույցում անհեթեթություն որակեց հոդվածագրերի պնդումները՝ Ղարաբաղից բերված ջոկատին կրակելու հրահանգ տալու և նրանց առհասարակ նախագահական նստավայրի նկուղում պահելու վերաբերյալ:

Բանակի գեներալ-գնդապետի խոսքով՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ անձամբ ամբողջ իրողությունը ներկայացրել է Քննչական կոմիտեում, ավելին՝ թե՛ իր, և թե՛ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) կողմից ՔԿ-ում տված ցուցմունքներում նման տեղեկատվություն չկա, չկան զուգադիպող նյութեր:

«Այն, ինչ իրականում եղել է այդ օրերին, այդ մասին ես և գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը ցուցմունք ենք տվել Քննչական կոմիտեում, և, բնականաբար, ցանկալի չէ՝ այդ մասին ես հեռախոսով հրապարակայնացնեմ հիմա: Համենայն դեպս, մի բան հաստակ կասեմ՝ մեր տված ցուցմունքներիում և BBC-ի հրապարակած տեքստում  տեղեկատվության համադրումներ չկան»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց բանակի բարձրաստիճան պաշտոնյան:

Այդուհանդերձ, ի՞նչ է հուշում BBC-ի հրապարակումը՝ այն էլ՝ այս շրջանում, արդյոք դրսի՞, թե՞ ներսի ուժերի հետ է այն կապվում, հոդվածի ենթատեքստի մոտիվների մասին մեր ճշտող հարցին Մովսես Հակոբյանը կարճ արձագանքեց. «Ես գուշակություններով չեմ զբաղվում»:

Ի դեպ, սկանդալային հոդվածում հեղինակները մարտի 1-ի գործողությունները քաղաքական են որակել և հիշատակել են դերակատարների անուններ՝ ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան:

Նյութում շոշափվում է նաև այդ ժամանակվա և ներկայիս իշխանամերձ երկու օլիգարխների անուները՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ  Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի, առ այն, որ այս երկու գործարար-պատգամավորները ֆինանսական մատակարարն են եղել նախագահականի նկուղում պահվող զորքի:

Մասնավորապես նշվում է, որ Գագիկ Ծառուկյանի անունից ջոկատին այցի գնացած անձ է եղել:

Փորձեցինք այդ օրերին զինվորականների հետ կապերի մասին մեկնաբանությունը ստանալ նաև Գագիկ Ծառուկյանից և Սամվել Ալեքսանյանից, սակայն չհաջողվեց, նրանք երկուսն էլ չպատասխանեցին մեր զանգերին:

Սյուզի Բադոյան

 

Տեսանյութեր

Լրահոս