Բաժիններ՝

«Մինչև Հայաստանում չստեղծվի նորմալ կառավարվող ոռոգման համակարգ՝ կառավարության ձեռքը միշտ հասնելու է Սևանին». Կարինե Դանիելյան

Օգոստոսին ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» նախագիծը, որով առաջարկվում էր Սևանա լճից ջրառի չափն այս տարվա համար 170 մլն խմ-ից դարձնել մինչև 210 մլն խմ, այսինքն՝ ավելացնել 40մլն խմ-ով: Այս նախագիծն ընդունվել էր խորհրդարանի կողմից։

Այս առթիվ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օգոստոսին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, թե սրտի կսկիծով են նման որոշում ընդունել։

Մինչդեռ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը սեպտեմբերին խորհրդարանում հայտարարեց, որ պետք է իրատեսական լինեն և մարսեն այն միտքը, որ հաջորդ տարի ևս հնարավոր է՝ Սևանից կատարվի հավելյալ ջրառ, քանի որ դրանով պետք է լուծվեն ոոոգման համակարգի հետ կապված խնդիրները։

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սևանից հավելյալ ջրառի վտանգավոր հետևանքներին, ասաց, որ 2016 թվականին ակադեմիական ինստիտուտների հետ միասին մեծ ուսումնասիրություններ են կատարել Սևանա լճի վերաբերյալ, որտեղ ակնհայտ երևում է, թե լիճն ինչպես է արձագանքում ջրի բարձրացմանն ու նվազմանը։

«Եթե փորձում ենք լիճը գոնե մի փոքր վերադարձնել իր բնական պայմաններին, նրա ինքնամաքրման գործընթացներն ակտիվանում են, և կարողանում է նույնիսկ այդքան արտահոսքը, թափոններն ընդունել, բայց ինքնավերականգնվել։ Մինչև 2015 թվականը մենք արձանագրում էինք ջրի որակի խիստ լավացում։ 2013 թվականից սկսեցին չորս անգամ ջրառ անել Սևանից, և արդեն լիճը սկսեց տատանվել կյանքի և մահվան արանքում, իսկ Սևանա լճի մահը նշանակում է՝ ճահճացում։ Աստված ոչ անի, կարող են Սևանա լիճը հասցնել այն վիճակի, որ ջուրն այլևս պիտանի չլինի օգտագործել ոռոգման նպատակով։ Բոլորովին էլ պատահական չէ, որ այս տարի եղավ ջրիմուռների ծաղկում։ Կարծում եմ՝ այստեղ նաև դերակատարություն ունեցավ նախորդ տարվա 100 մլն խմ ջրառը, նաև՝ ամբողջ կեղտաջրերը, որոնք լցվում են լիճ։ Այս խնդիրները պետք է լուծել, բոլոր ծրագրերը կան, բայց դրանց իրականացումը դանդաղ է ընթանում։ Սևանի ամենացածր մակարդակ մենք ունեցել ենք 2001-02 թվականներին»,- նշեց բնապահպանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի ոռոգման համակարգը ողբալի վիճակում է, և այս պարագայում Սևանից ջուր վերցնելը բոլորովին անիմաստ է։ Հատկապես այն դեպքում, երբ մեծ գումարներ են ծախսել այն բարելավելու համար, և պարտքի մեծ մասը գոյացել է այդ համակարգի վերականգնման համար։

Նրա բնորոշմամբ, մինչև Հայաստանում չստեղծվի նորմալ կառավարվող ոռոգման համակարգ, կառավարության ձեռքը միշտ հասնելու է Սևանին։ «Սևանը կվերականգնվի, եթե չխանգարենք, եթե հաջորդ տարի լրացուցիչ ջուր չվերցնենք, Արփա-Սևան թունելը կարգի բերենք, մաքրման կայանները կառուցենք, ահա այս դեպքում Սևանն ինքն իր խնդիրները կլուծի»,- շեշտեց Կարինե Դանիելյանը։

Հարցին, թե այսօր ի՞նչ երաշխիքներ կան, որ հավելյալ ջրառը ծառայելու է ոռոգման նպատակով, հատկապես այն դեպքում, երբ ներկայիս իշխանությունները միշտ քննադատում էին նախորդ իշխանություններին՝ հայտարարելով, որ Սևանից հավելյալ ջրառն իրականացվում է որոշ օլիգարխների բիզնեսի համար, և այդ ջուրը չի հասնում գյուղացիներին, Կ. Դանիելյանն ընդգծեց, որ, երբ 1995 թվականին ատոմակայանը վերականգնվել և սկսել էր աշխատել, կառավարությունը հայտարարություն էր տարածել, որ էներգետիկ նպատակներով Սևանից այլևս ջուր չի վերցնի։

«Բայց յուրաքանչյուր ձմեռ տեսնում էինք, որ Հրազդանով ջուրը մեծ քանակությամբ գնում էր։ Այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացրեցինք, որ էներգետիկ նպատակներով Սևանից ջուր են բաց թողնում, որովհետև ոռոգման համար ձմռանը ջուր պետք չէ, սա որևէ տեղ չէր ֆիքսվում, քանի որ ինչ-որ «ձախ» էներգիա էր, որն արտադրվում էր, և ինչ-որ մարդիկ հարստանում էին։ Բոլոր դեպքերում լավագույն երաշխիքն այն կլինի, որ վերականգնեն ոռոգման համակարգը և ճիշտ կառավարումը։ Եթե սա լինի, մենք կմտածենք, որ առաջին երաշխիքն արդեն ունենք»,- եզրափակեց Կարինե Դանիելյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս