Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զոլաքարում 2020 թվականին կիրականացվի շուրջ 492 միլիոն դրամի կապիտալ շինարարություն

Զոլաքարում 2020 թվականին կիրականացվի շուրջ 492 միլիոն դրամի կապիտալ 
շինարարություն

ԳԱՎԱՌ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ  : Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում 2020 թվականի ընթացքում պետական ու տեղական միջոցների հաշվին կիրականացվի շուրջ 492 միլիոն դրամի կապիտալ շինարարություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանը, իրականացվելիք կապիտալ շինարարության արդյունքում կավարտվի մանկապարտեզի շենքի կառուցումը, գյուղի տնտեսությունները կապահովվեն խմելու շուրջօրյա ջրամատակարարմամբ, կավելանան ոռոգվող հողատարածքները, կհիմնանորոգվի մշակույթի տունը՝ հանդիսությունների սրահով հանդերձ, կընդարձակվի գիշերային լուսավորվածության ցանցը: «Մանկապարտեզի, խմելու ջրատար ներքին ցանցի, լուսավորվածության ցանցի, մշակույթի տան հիմնանորոգման շինարարական աշխատանքները կկատարվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, իսկ ոռոգման ցանցի կառուցումը՝ պետական միջոցներով: Մանկապարտեզի շինարարության համար, որի մեկնարկը տրվել է 2019 թվականի սեպտեմբերին, հատկացվել է 276 միլիոն դրամ, որից 179 միլիոն դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 97 միլիոն դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը: Նախորդ տարի Զոլաքարի համայնքապետարանը կատարել է 51 միլիոն դրամի ներդրում, իսկ այս տարի հատկացնելու է մնացած 46 միլիոն դրամը: Բացի այդ, ևս 9 միլիոն դրամ համայնքապետաքրանը հատկացնելու է տեխհսկողության, հեղինակային հսկողության և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: 

Խմելու ջրատար ներքին ցանցի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը 120 միլիոն դրամ է, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Զոլաքարի համայնքապետարանը: Այս կենսական նշանակության ծրագրի իրականացման արդյունքում գյուղի 690 տնտեսություն կապահովվեն խմելու բարձրորակ ու մշտական ջրամատակարարմամբ: Սուբվենցիոն երրորդ ծրագրով լուսավորվածության ցանցն ընդարձակվում է շուրջ 5 կիլոմետր երկարությամբ: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 20 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Զոլաքարի համայնքապետարանը: Լուսավորվածության ցանցը հիմնականում կանցկացվի ասֆալտապատված փողոցներում: Սուբվենցիոն չորրորդ ծրագրով նախատեսվում է մշակույթի տան հիմնանորոգում հանդիսությունների սրահում եւ կից մի քանի սենյակներում: Մշակույթի տունը տարբեր ծրագրերով տարբեր տարիների ընթացքում ենթարկվել է մասնակի հիմնանորոգումների, գործում են նորացված գրադարանը եւ խաղասենյակները, իսկ այս ծրագրի վերջնական արդյունքում մենք կունենանք ամբողջովին նորոգված ու արդիականացված մշակույթի տուն: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 20 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Զոլաքարի համայնքապետարանը: Ոռոգման ցանցի արդիականացման ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով, «Ոռոգման ԾԻԳ» պետական հիմնարկի ֆինանսավորմամբ: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 98 միլիոն դրամ, որտեղ Զոլաքարի համայնքապետարանն ունի 10 տոկոս ներդրման մասնաբաժին: Ծրագրի իրականացման արդյունքում կարդիականացվեն երրորդ կարգի ջրանցքները՝ ավելացնելով ոռոգելի հողատարածքները եւ նվազագույնի հասցնելով մատակարարվող ջրի կորուստները: Ոռոգման ցանցը կկառուցվի բարձր ճնշման խողովակներով եւ երկաթբետոնյա կիսախողովակներով: Ոռոգման ցանցը կկառուցվի չորս տարբեր ուղղություններով, որից երկուսը՝ բնակավայրի ներսում, երկուսը՝ բնակավայրից դուրս: Ձգտում ենք անել հնարավորը, որպեսզի համակարգը գործել սկսի 2020 թվականի ոռոգման շրջանի մեկնարկից: Այսքանով, սակայն, չենք ուզում բավարարվել, քանի որ առջեւում մի շարք կենսական խնդիրներ ունենք լուծելու, որոնցից առաջնայինը խմելու ջրի շուրջօրյա մատակարարման ապահովումն է գյուղի բոլոր տնտեսությունների համար: Խմելու ջրի ներքին ցանցի կառուցման այս տարվա ծրագրի իրականացման արդյունքում անգամ մենք այդ խնդիրը լուծում ենք մոտ 50 տոկոսով: Մեզ հարկավոր կլինի եւս շուրջ 200 միլիոն դրամ, որպեսզի մեր բոլոր տնտեսություններն ապահովվեն խմելու շուրջօրյա ջրամատակարարմամբ: Այդ նպատակով բանակցում ենք մի շարք կազմակերպությունների հետ՝ փորձելով այս տարվա ընթացքում խնդիրն ամբողջությամբ լուծելու քայլեր ձեռնարկել: Կառավարության ու համայնքապետարանի ներդրումները Զոլաքարում էականորեն բարելավում են մարդկանց կենսապայմանները, բարձրացնում կյանքի որակը, ստեղծում ժամանակավոր աշխատատեղեր: Տարին մեզ համար լինելու է լրջագույն ձեռքբերումների ու տնտեսական հաջողությունների տարի: Համոզված ենք, որ 492 միլիոն դրամի կապիտալ շինարարությունը կիրականացնենք նախատեսված ժամկետներում ու ամբողջությամբ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]