ՄԻՊ․ Փաստ է, որ ԼՂ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ՝ այդ մասին ուղիղ խոսում է ադրբեջանցի պաշտոնյան

ՄԻՊ․ Փաստ է, որ ԼՂ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ՝ այդ մասին ուղիղ խոսում է ադրբեջանցի պաշտոնյան

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ադրբեջանցի օրենսդիրների ելույթներին, գրել է՝ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ, և այդ մասին ուղիղ խոսում է ադրբեջանցի պաշտոնյան։

Նա նշել էլ, որ Ադրբեջանի օրենսդիր մարմնի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն օգոստոսի 4-ին ինքնատիպ խոստովանություն է արել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանը միտված ադրբեջանական պետության քաղաքականության մասին։

«Նա մասնավորապես ասել է. «Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին և դադարի աջակցել Ղարաբաղի արյունոտ անջատողականությանը։

Քանի դեռ դա չի արվել, մենք չպետք է ճանաչենք նրանց (Լեռնային Ղարաբաղի բնակչության) հանգիստ ապրելու իրավունքը»։

Այնուհետ նշված պատգամավորը մանրամասնել է, որ նման պայմաններում հայերի կյանքը հնարավոր չէ Ադրբեջանում։ Իր գործընկերոջից հետ չի մնացել նաև մեկ այլ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայեվը, ով նույնպես ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյության համար։

Իրականում հայերի նկատմամբ էթնիկ ատելության ու էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության օրինակներն ու ապացույցները բազմաթիվ են, սակայն հատկանշական է, որ ադրբեջանական ղեկավարությունը ներկայացնող այս պաշտոնատար անձինք նման ծանուցումն անում են իրենց իսկ զինված ուժերի կողմից վերջին օրերին իրականացված սադրանքների պայմաններում, որի արդյունքում հայկական կողմից զոհվել է երկու և տարբեր աստիճանի վիրավորում ստացել 19 զինծառայող։

Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ, և այդ մասին ուղիղ խոսում է ադրբեջանցի պաշտոնյան։

Այս տեղեկությունը կիսել եմ միջազգային գործընկերներիս, ինչպես նաև ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի հետ, որն առաջիկա օրերին քննարկելու է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ կոնվենցիայի կատարման Ադրբեջանի պարբերական զեկույցը»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---