211652_close_icon
views-count3259 դիտում article-date 17:29 01-06-2019

Արցախի ՄԻՊ-ը շնորհավորել է երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ երեխաների լուսանկարների միջոցով

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ուղերձ է տարածել երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ կցելով դպրոցականների կողմից պատրաստված լուսանկարներ ու դրանց նկարագրությունները: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սիրով շնորհավորում եմ բոլոր երեխաներին և նրանց ծնողներին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաների իրավունքների պաշտպանությունը համարելով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը՝ ես մեծապես կարևորում եմ, որ մենք ողջ տարին պատշաճ ուշադրություն դարձնենք երեխաների իրավունքներին՝ ելնելով նրանց լավագույն շահի սկզբունքից: Կարծում եմ՝ այս առիթով լավագույն շահը երեխաներին հարթակ տալն է, որպեսզի իրենք խոսեն իրենց իրավունքների մասին: Ուստի, առաջարկում եմ ստորև ծանոթանալ ԱՀ ՄԻՊ կողմից 2018թ. կազմակերպված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթին մասնակից լուսանկարներին և դրանց նկարագրություններին: 1. Հեղինակ՝ Լիլիթ Մազուլյան: Նա իմ եղբայրն է՝ Կորյունը: Ես հաճախ եմ դպրոց գալիս առանց նրա, որովհետև նա պետք է մեր ոչխարներին տանի արածեցնելու: Դպրոցի պատուհանից երբեմն երևում է, թե ինչպես է Կորյունը վազում նոր ծնված գառների հետևից՝ գիրքը թևի տակ սեղմած: Ես երազում եմ, որ իմ եղբայրն էլ, բոլոր երեխաների նման կարողանա դպրոց գալ ու դաս սովորել տանը: Ես երազում եմ, որ Կորյունը մեծ մարդ դառնա: [img]https://st0.shamshyan.com/editor/0524093001559385741261484.jpg[/img] 2. Հեղինակ՝ Անրի Շահնազարյան Իմ լուսանկարում ընտանիքիս անդամներն են: Նրանցից յուրաքանչյուրի միջոցով ուզում եմ մարդկանց ասել այն ամենը, ինչ կուզենայի որ ամենուր այդպես լիներ: Կուզենայի, որ բոլոր երեխաները լինեն պաշտպանված, անհոգ մանկություն ունենան, ապրեն առողջ, լինեն սիրված ու գնահատված, անկախ նրանից թե ընտանիքում քանի երեխա է մեծանում: Մեծանան խաղաղ երկնքի տակ , ունենան հավասար իրավունքներ : Իսկ վերջում դեռ չծնված աղջիկն է, որին ծնողները թույլ չեն տալիս ծնվել, աղջիկ լինելու պատճառով , չէ՞որ նա էլ ունի լույս աշխարհ գալու իրավունք և իր ներդրումը ունենալու պետության զարգացման գործում: [img]https://st0.shamshyan.com/editor/0542967001559385760105554.jpg[/img] 3. Հեղինակ՝ Անի Դանիելյան Ես՝ Անի Դանիելյանս, 10 տարեկան եմ: Ես ապրում եմ մի այնպիսի աշխարհում, որտեղ տիրում է անսահման գեղեցկություն, որը ստեղծել է Աստվածը, բնությունը և մարդը: Բայց, ցավոք սրտի, ոչ բոլորն են այն գիտակցում ու գնահատում: Մարդուն բնորոշ է ոչնչացնել, ավիրել և սպանել….. Ես երազում եմ ապրել խաղաղության և համերաշխության մեջ, որպեսզի բոլոր մարդիկ՝ անկախ իրենց սեռից, ռասայից, մաշկի գույնից,կրոնից, տարիքից, ապրեն խաղաղ և երջանիկ: Եվ ես ունեմ դրա ԻՐԱՎՈՒՆՔԸ… Ունեմ նաև իրավունք չտեսնել պատերազմ, սիրել և սիրված լինել իմ հարազատների կողմից, ունեմ իրավունք պաշտպանված լինել պետության կողմից, ստանալ կրթություն, ապրել լավ սոցիալական պայմաններում, ստանալ որակյալ բժշկական օգնություն, զբաղվել սպորտով: ԵՎ ԵՍ ՈՒՆԵՄ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔԸ…. [img]https://st0.shamshyan.com/editor/0615887001559385779732359.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր