News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ անդամի տարբեր տեղերի համար են թեկնածու առաջադրում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը:

«Հանրությունը պատկերացնում էր, որ Դատավորների ընդհանուր ժողովն առաջ է ընկել եւ փորձում է իր թեկնածուին ներկայացնել ՀՀ նախագահի կողմից առաջադրած թեկնածուի չընտրվելու արդյունքում նույն տեղի համար: Զարմացած եմ, որ այդպիսի բարձր որակավորում ունեցող մասնագետը՝ փաստաբան Վահե Գրիգորյանը, կարող է չպատկերացնել, թե ինչ գործընթացներ են գնում:

Իրականում, սակայն, խոսքը չի վերաբերում ՍԴ անդամի նույն տեղին: ՀՀ նախագահը պետք է ներկայացնի իր թեկնածուին, Դատավորների ընդհանուր ժողովը՝ իր թեկնածուին: Դատավորների ընդհանուր ժողովն առաջադրում է իր թեկնածուին ՍԴ-ում մեկ այլ թափուր տեղի համար, որը կառաջանա հունիսի 16-ին, երբ կդադարեն Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունները: Ընդ որում, դատավորների ընդհանուր ժողովը կարող է թեկնածու ներկայացնել միայն դատավորի»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որը սակայն ԱԺ-ն չհաստատեց՝ բավարար թվով ձայներ նրա օգտին չտալով:

Հիմա արդեն, Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը:

Նկատենք, որ ՍԴ անդամի թեկնածությունը ԱԺ-ում պետք է հաստատվի 3/5-րդով, այսինքն անհրաժեշտ է լինելու 63 կողմ ձայն:

ՍԴ անդամի ընտրության հարցը բավական երկար քննարկումների առիթ է տվել: Ավելի քան 200 փաստաբաններ նամակով դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով այդ պաշտոնի համար մրցույթ անցկացնել եւ նշել, որ իրենց նախընտրելի թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն է:

Տպել
Ամենաշատ