Մատչելիության հղումներ

2016 թվականին Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին առաջարկել է յոթ շրջանները հանձնել հինգ միլիարդի դիմաց. ձայնագրություն 


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը չի հերքում երեկ տարածված ձայնագրության իսկությունը՝ այսօրվա հայտարարությունում նշելով, թե հասկանալի չէ՝ ինչպե՞ս է դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում։

Սերժ Սարգսյանի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ:

Երեկ Թելեգրամի «Բաղրամյան26» ալիքում տեղադրվեց մի ձայնագրություն, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2016-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկում է Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները՝ առաջին փուլում հինգ միլիարդ, հավանաբար, դոլարի դիմաց, ի պատասխան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում վճարել վեց միլիարդ՝ եթե Ալիևը հրաժարվի այդ շրջաններից։

Մոտ երկու րոպեանոց, ըստ ամենայնի, ոչ ամբողջական ձայնագրությունում Սերժ Սարգսյանը նշում է, թե չի կարող շրջանները հանձնել, որովհետև Արցախում բնակվող 150 հազար հայերի անվտանգության հարց կա, Լուկաշենկոն պատասխանում է, թե կարելի է 20 հազար խաղաղապահ ուղարկել անվտանգության ապահովման համար։ «Ինչո՞ւ պետք է հենց այնպես տալ այդ տարածքները, չեմ հասկանում»,- հարցնում է Սերժ Սարգսյանը։ «Ինչպե՞ս թե հենց այնպես... ինքը կվճարի, ինքը քեզ առաջարկել է հինգ միլիարդ առաջին փուլում», - պատասխանում է Լուկաշենկոն։ Հայաստանի երրորդ նախագահն էլ հակադարձում է, թե պատրաստ է վճարել վեց միլիարդ, եթե Ալիևը հրաժարվի այդ յոթ շրջաններից։

Ի վերջո, Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե չի կարող զիջել յոթ շրջանները, որովհետև հինգ հազար մարդ է զոհվել դրանց համար մարտերում։

Երևանում չորս տարի առաջ կայացած նիստը, ըստ ամենայնի, հարթ չէր ընթացել, լրագրողների համար էլ մեծամասամբ փակ էր եղել։ Այդ օրը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, թեև ի սկզբանե նախատեսել էին, սակայն ի վերջո չընդունեցին Ղարաբաղյան կարգավորման հարցով հայտարարություն։ ՀԱՊԿ ղեկավարները չկարողացան համաձայնության գալ նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ռոտացիոն կարգով Հայաստանի ներկայացրած թեկնածուի շուրջ և հետաձգեցին հարցի քննարկումը։

Թե Հայաստանի համար, թերևս, ամենակարևոր հարցը քննարկելիս երկրի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին ինչո՞ւ են հենց դրամային առաջարկ արել, Ազգային ժողովի իմքայլական փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր արձագանքեց. «Կարող էի ասել, բայց չեմ ասում, որովհետև չեմ ուզում հիմա իրավիճակ սրել և չեմ ուզում գնահատականներ տալ, դուք որոշեք, ես ձեզ կարո՞ղ եմ նման առաջարկ անել: Ես ինձ նման առաջարկ թույլ չեմ տա, որովհետև դուք նույնպես նման առաջարկ ինձ թույլ չեք տա»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ձայնագրությունը պետք է քննության առարկա դառնա դեռ անցած ամիս իրենց առաջարկած պարիտետային հանձնաժողովում:

«Այնտեղ պետք է կանչվեն և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը, և յուրաքանչյուրը պետք է պատմեն՝ ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել: Կարևոր հարցեր կան՝ այդ գումարն առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանին, թե Հայաստանի Հանրապետությանը, ի՞նչ պայմաններով է առաջարկվել, ո՞նց է առաջարկվել», - նշեց Մարուքյանը:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի փոխանցմամբ՝ նվաստացուցիչ է, որ Հայաստանի այդ ժամանակվա ղեկավար Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բանակցային գործընթացում շեշտը դրվել է ոչ անվտանգության կամ պատմաիրավական կողմի, այլ փողի վրա։

«Ես անկեղծ ասած չէի պատկերացնում, որ Սերժ Սարգսյանի գրասենյակը կհաստատի դա: Այն համարել է փաստ ու ըստ այդմ հարց է ծագում՝ իսկ արդյոք անավարտ խոսակցության վերջում այլ փաստեր չկա՞ն աճուրդի շարունակված լինելու և այսպես շարունակ: Սերժ Սարգսյանն անգամ չպիտի թույլ տար Լուկաշենկոյին նման զրույց շարունակեր, այլ ոչ թե ինքն էլ իր հերթին գումար է առաջարկել այդ տարածքների համար: Եթե սա փաստ է, ապա ինչքանով կարելի էր բարիշել», - ասաց Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG