Սիրիայում իրադարձությունների զարգացման 2 սցենար կա. Ի՞նչ պետք է անի ՀՀ Կառավարությունը հայ համայնքի անվտանգության համար

Թուրքական բանակը ու օդուժը նախօրեից սկսել է ռմբահարել և հրետակոծել քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Սիրիայի ազատ բանակի» ստորաբաժանումների հետ միասին՝ ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողությունն անվանել է «Խաղաղության գարուն»:

Հայտնի է, որ թուրքական առաջին օդային հարվածները հասցվել են սահմանամերձ Ռաս ալ-Աին քաղաքին: «Թվիթեր»-ի իր էջում Էրդողանը գրել էր. «Թուրքիայի նպատակը հարավային սահմանին ահաբեկչական միջանցքը վերացնելն է և տարածաշրջանում խաղաղություն ու հանդարտություն հաստատելը: Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանի ժողովրդին ազատում ահաբեկչությունից: Մենք կարող ենք սիրիացի փախստականներին վերադարձնել իրենց երկիրը անվտանգ գոտու միջոցով, որը ստեղծում է «Խաղաղության գարուն» գործողությունը: Մենք արմատախիլ կանենք ահաբեկչական սպառնալիքը Թուրքիայի դեմ»:

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմագործողության ընթացքում, ըստ Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խմբի, զոհվել է 15 և վիրավորվել՝ 41 մարդ, զոհերից 8-ը քաղաքացիական անձինք են, նրանց թվում՝ 4 կին, 1 երեխա և քրդական ուժերի 7 անդամ: Հաղորդման համաձայն՝ ավիահարվածների և հրետակոծության արդյունքում քիչ չեն նաև վիրավորները՝ 13 քաղաքացիական անձ և քրդական ուժերի 28 անդամ:

Սիրիական դեմոկրատական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Մուստաֆա Բալին տեղեկացրել է, որ սիրիական դեմոկրատական ուժերի արաբաքրդական ջոկատները հետ են մղել թուրքական բանակի ցամաքային հարձակումը սահմանամերձ Թել Աբյադ քաղաքի վրա։ Ինչպես հայտնի է, ավելի վաղ ԱՄՆ-ը դուրս էր հանել զորքերը Սիրիայի հյուսիսից՝ Թուրքիայում նախապատրաստվող ռազմական գործողության պատճառով:

Սակայն, ըստ Պենտագոնի, Սիրիայում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունն անփոփոխ է մնացել: «Գուցեև մենք Սիրիայից հեռանալու գործընթացում ենք, բայց մենք ոչ մի կերպ չենք լքել քրդերին, որոնք առանձնահատուկ մարդիկ են և հիանալի մարտիկներ»:

Նա հավելել էր, որ ԱՄՆ-ը քրդերին օգնում է ֆինանսապես, ինչպես նաև զենքով: Թուրքիայի նախաձեռնած ռազմագործողությունները հասցրել են դատապարտել բոլոր գերտերությունները, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրները, միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև Հայաստանը՝ ՀՀ ԱԳՆ-ի, ՀՀ վարչապետի մակարդակով:

Նշենք նաև, որ ռազմագործողությունների թիրախում են հայաբնակ Թել Աբյադ և Ղամիշլի քաղաքները:

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։ Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին»։

Արևելագետ Արմեն Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես հասունացավ ներկայումս ստեղծված իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև ներկայացրեց իրադարձությունների հնարավոր զարգացման իր սցենարները:

Արևելագետը նախ նշեց, որ նման ռազմագործողությունը ոչ որոշակիացված մասշտաբներով պլանավորված էր թուրքական իշխանությունների կողմից դեռևս սիրիական հակամարտության սկզբնափուլում, և ըստ էության քրդական տարբեր խմբավորումների ակտիվացումը կանխելու նպատակը սիրիական հակամարտությանը Թուրքիայի ներգրավման առաջնային խնդիրներից է եղել:

Արմեն Պետրոսյանը հիշեցրեց, որ նույն այդ ենթադրյալ անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտությունը թուրքական կողմը բարձրաձայնում էր դեռևս 2012-2013 թվականներին, երբ հակամարտությունը աստիճանաբար թևակոխում էր շատ ավելի լարված շրջափուլ Սիրիայի հենց տվյալ հատվածում, քանի որ քրդական ունակ խմբավորումները գործում էին Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Եփրատ գետից Արևելք ընկած շրջանում, բայց տարբեր պատճառներով և տարբեր շրջափուլերում եղած զարգացումների հետևանքով Սիրիայում Թուրքիայի կողմից նման գործողության նախաձեռնումն անընդհատ ձգձգվում էր:

«Շատ ավելի առարկայական դարձավ 2015 թվականից սկսած: Նման գործողություն իրականացնելու հիմնական խոչընդոտը Միացյալ Նահանգներն էին: Սա իրականացնելու շատ ավելի առարկայական և պատեհ պայմաններ ձևավորվեցին անցյալ տարեվերջին, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ամերիկյան զորախումբը Սիրիայից դուրս բերելու մասին: Հենց սկսած այդ ժամանակահատվածից՝ առավել առարկայական փուլ թևակոխեցին քննարկումները նման ռազմագործողության մասին, իսկ դրա ձգձգումը պայմանավորված էր ԱՄՆ-ի կողմից շատ ավելի իրենց համար ձեռնտու ձևաչափի մշակմամբ, որը ներգրավելու էր միաժամանակ մի քանի դերակատարների, սակայն ԱՄՆ-ը այդպես էլ չկարողացավ նման որևէ ձևաչափ նախաձեռնել, առավելագույնը, որին հասան կողմերը, թուրք-ամերիկյան համատեղ գործողությունների կենտրոնն էր, որը ստեղծվել է այս տարվա օգոստոսի սկզբին, և դրա խնդիրն էր անվտանգության գոտու համատեղ ստեղծման գործընթացը: Բայց այդ կենտրոնն այդպես էլ չտվեց ակնկալվող արդյունքները, քանի որ թուրքական կողմը պնդում էր շատ ավելի արագ և հապճեպ գործողության ուղղությամբ, իսկ ԱՄՆ-ը փաստացի տեղի տվեց թուրքական պահանջներին՝, անուղղակիորեն արտոնելով Անկարային նման անվտանգության գոտու ձևավորման նախաձեռնումը»,- մեկնաբանեց Արմեն Պետրոսյանը:

Խոսելով սիրիական հակամարտությունում ներգրավված այլ դերակատարների հնարավոր արձագանքի մասին՝ արևելագետն ասաց, որ չկա որևէ դերակատար, որը կարող է արտոնել կամ հավանություն տալ Թուրքիայի նման գործողություններին:

Նրա խոսքով՝ առնվազն քաղաքական և հռետորաբանական հարթություններում գրեթե բոլոր դերակատարները, եթե արդեն իսկ դիտարկում ենք հնչած արձագանքները, Թուրքիային առնվազն զսպվածության և հավասարակշռվածության կոչեր են ուղղում: Բայցևայնպես, Պետրոսյանի համաձայն, պետք է նշել, որ, օրինակ, մի շարք դերակատարների այդ գործողությունը անուղղակիորեն ձեռնտու է, խոսքը Ռուսաստանի Դաշնությանն ու Իրանին է վերաբերում:

«Փաստացի քրդական շրջանները դարձել էին անվերահսկելի, ինքնուրույն և որևէ կերպ չէին ցանկանում ընդունել սիրիական կառավարության գերիշխանությունը, այսինքն՝ իրենց առջև նպատակ էին դրել անկախանալու, ինչը, բնականաբար, չէր բխում ոչ սիրիական կառավարության, ոչ Իրանի, և ոչ էլ Թուրքիայի շահերից, մյուս կողմից, բնականաբար, այդ գործողությունը որոշակիորեն հանգեցնելու է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լարման, որը երկրորդական պլանում ձեռնտու է նաև Ռուսաստանի Դաշնությանը:

Այդ իսկ պատճառով, եթե մենք դիտարկում ենք Իրանի և Ռուսաստանի հայտարարությունները, որևէ կտրուկ գործողության կամ սպառնալիքի մասին հայտարարություններ չեն հնչեցվում, այսինքն՝ ընդամենը զսպվածության և հավասարակշռության կոչեր են հնչում»,- նշեց Արմեն Պետրոսյանը:

Անդրադառնալով ամերիկյան քաղաքականությանը՝ նա ասաց, որ ամենայն հավանականությամբ եղել են որոշակի ստվերային պայմանավորվածություններ, այսինքն՝ ԱՄՆ-ը ամեն կերպ փորձել է խաղաղ ճանապարհով կանխել Թուրքիայի նման գործողությունը, խոսքը մի կողմից՝ քրդերի հետ բանակցությունների մասին է, ըստ որի՝ ԱՄՆ-ը վստահաբար պահանջել է որոշակիորեն ընդունել Թուրքիայի առաջ քաշած պայմանները, երկրորդը՝ հատկապես ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համագործակցությամբ ընդհանուր վերահսկողության գոտի ստեղծելու ձևաչափի շուրջ աշխատանքն է, որը ևս չի հաջողել:

Փաստացի, նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ը երկու ուղղությամբ էլ չի կարող հաջողության հասնել և երևի թե դարձյալ Թուրքիայի իշխանությունների հետ ստվերային պայմանավորվածությունների արդյունքում իր համաձայնությունն է տվել սահմանափակ գործողության:

«Առաջիկայում, երբ արդեն պարզ կլինի ավելի, թե ինչ աշխարհաքաղաքական արեալ է ընդգրկելու այս գործողությունը, հստակ կլինեն նաև այն պայմանավորվածությունները, որոնք եղել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որովհետև եթե Թուրքիան անցնի լայնամասշտաբ գործողությունների և այն աշխարհագրական սահմաններով, որով նա ցանկանում է ստեղծել անվտանգության գոտի դեռևս ԱՄՆ-ի հետ համագործակցության համատեքստում, այդ շրջանում լայնամասշտաբ ռազմական գործողությունները միանշանակ հանգեցնելու են մարդասիրական նոր աղետի, ճգնաժամի, որի պատասխանատվությունը կրելու է նաև ԱՄՆ-ը, որովհետև միակ դերակատարը, որը կարող էր կանխել նման զարգացումները, ԱՄՆ-ն է»,- ասաց Պետրոսյանը:

Ուստի Արմեն Պետրոսյանն իրադարձությունների զարգացման 2 սցենար է կանխատեսում. «Կարող է սա լինել սահմանափակ գործողություն, կարող են և լինեն անվերահսկելի զարգացումներ: Ես կարծում եմ, որ այս գործընթացի ակունքներում, անշուշտ, կարող է լինել ստվերային գործընթաց, և դրանք ըստ էության պարզ կլինեն առաջիկա զարգացումների ընթացքում միայն: Շատ բան կախված է նաև քրդական կողմի պատասխանից: Եթե քրդական կողմը փորձի դիմել ամբողջական ռազմական դիմադրության և պաշտպանության, ապա ակնհայտ է, որ հակամարտությունը կգնա հավելյալ թեժացման ճանապարհով, որի հետևանքները շատ ավելի բարդ են լինելու, անկանխատեսելի»:

Հարցին, թե ինչպե՞ս պետք է արձագանքի ստեղծված իրավիճակին ՀՀ կառավարությունը, եթե թուրքական գործողությունների թիրախում են հայաբնակ քաղաքներ ու շրջաններ, կարիք կա՞ մշակել տարհանման ծրագիր, Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարությունն ունի գործողությունների որոշակի սցենարներ:

«Արդեն կախված զարգացումներից՝ պարզ կլինի, թե սցենարներից որ մեկն ավելի արդյունավետ կլինի: Արդեն իսկ նշեցի, որ դեռևս հստակ չէ, թե աշխարհագրական ինչ արեալով, ինչ սահմաններում է տեղի ունենալու Թուրքիայի գործողությունը: Եթե, դիցուք, վատթարագույն սցենարով է ընթանում գործողությունը, լայնամասշտաբ ռազմագործողություններ են տեղի ունենում, ապա միանշանակ է, որ պետք է կոնկրետ քայլեր իրականացվեն մեր համայնքի անվտանգության ապահովման և տարհանման նպատակով»,- նշեց Արմեն Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս