ՌԴ ԱԳՆ․ Երևանը հետաքրքրված է Աբխազիայի կամ Հվ․ Օսիայի տարածքով բեռնափոխադրումներով

ՌԴ ԱԳՆ․ Երևանը հետաքրքրված է Աբխազիայի կամ Հվ․ Օսիայի տարածքով բեռնափոխադրումներով

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է Ռուսաստանի և Վրաստանի միջև բեռների տեղափոխման մասին համաձայնագրի իրագործմամբ: Ռուսաստանյան «Կոմերսանտի» փոխանցմամբ, այս մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Նա հայտնել է, որ հունվարի վերջին Պրահայում հանդիպելու է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ, և միասին քննարկելու են ռուս-վրացական սահմանին բեռների մշտադիտարկման մասին 2011 թվականի համաձայնագրի իրականացման հարցերը:

«Հայաստանը մեզ իսկապես խնդրել է այս մասին: Բայց այս պարագայում խոսքը ՌԴ-ի և Վրաստանի միջև երկկողմ համաձայնագրի մասին է, որը կնքվել է Շվեյցարիայի միջնորդությամբ: Այն չի նախատեսում պարտավորություններ երրորդ երկրների, այդ թվում նաև Աբխազիայի հանրապետության և Հարավային Օսիայի հանրապետության համար»,- ասել է Գրիգորի Կարասինը:

Վրաստանն արդեն ստորագրել է պայմանգիրը շվեյցարական SGS սերտիֆիկացման ստուգիչ-հաստատիչ ընկերության հետ. Կարասինի խոսքով, ՌԴ-ն նույնպես շահագրգռված է հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնել ներպետական ընթացակարգերը:

«Այս միջազգային փաստաթղթում հստակ նախանշված են Վրաստանի մաքսային ծառայության համար նախատեսված աշխարհագրական կոորդինատները: Դա Կազբեկի շրջանն է՝ Ինգուրի գետից հարավ, որտեղից սկսվում են Աբխազիայի տարածքները, և Գորի շրջանը՝ Հվ. Օսիայի սահմանի մոտակայքում»,-ասել է Կարասինը:

Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ ՌԴ-ն ցանկանում է վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ, բայց ոչ Աբխազիայի և Հարավային Օսիայի շահերի հաշվին:

2011-ին ստորագրված ՌԴ-ի և Վրաստանի միջև համաձայնագիրը գործում է միայն ծայրահեղ եղանակային պայմանների դեպքում, ինչպիսիք են՝ ձյան մեծաքանակ տեղումները կամ սողանքը, ինչի ետևանքով կաթվածահար է լինում Վերին Լարսում Վրաստան- Ռուսաստան միակ պաշտոնական ճանապարհը։ Վրացական կողմը բազմիցս հայտարարել է, որ «ինքնահռչակ հանրապետությունների տարածքով» դեպի Վրաստանի բուն տարածք կամ հակառակ ուղղությամբ բոլոր բեռնափոխադրումների պայմանները, ժամկետները կամ տեսակը իրավասու է որոշելու միայն Վրաստանը:

Հայտնի է, որ Վերին Լարսը Հայաստանից բեռնատար մեքենաների համար դպի Ռուսաստան միակ ցամաքային ճանապարհն է: Քանի որ բեռնատարներով երթևեկը պարբերաբար կաթվածահար է լինում, երբ ձյունը կամ մթնոլորտային այլ աղետներ փակում են վրաց-ռուսական անցակետը, Հայաստանի կառավարությունը երկար ժամանակ համոզում էր Թբիլիսիին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի այլընտրանքային երթուղիների օգտագործման համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---