HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրք պատմաբան Թաներ Աքչամ. «Ես ամաչում եմ իմ պետության փոխարեն»

Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ ԱՄՆ Կլարկ համալսարանի պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի հանդիպումը ուսանողների և դասախոսների հետ: Նա հանդես եկավ դասախոսությամբ' Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության վերաբերյալ:

Դասախոսության սկզբում Աքչամն ասաց, որ երիտասարդ տարիքից մասնակցել է Թուրքիայում երիտասարդական շարժումներին: Ապա նշեց, որ ԱՄՆ-ում ընդունում են հայերի ցեղասխպանությունը, եւ այդ հարցը վաղուց քննարկման չեն դնում, քանի որ այն դասական ցեղասպանության օրինակ է համարվում:

Բանախոսի խոսքով' իր համար թուրքական կամ հայկական կողմ գոյություն չունի, կա մայն մի բան' ճշմարտությունը:

Պրոֆեսորի կարծիքով' այժմ շատ բարդ է թուրքական իշխանությանը և ողջ աշխարհին ի ցույց դնել, որ ցեղասպանությունն իրական է: «Երբ մենք ինչ-որ փաստ, ապացույց ենք գտնում և ներկայացնում, իշխանությունն ասում է՝ ցույց տվեք մեզ բնօրինակը»,- ասում է նա: Այնինչ բնօրինակները վաղուց վերացված են:


Աքչամը շատ է ուսումնասիրել Թուրքիայի արխիվները' հայերի ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթ գտնելու համար: «Թուրքական արխիվներում երբեք չեք գտնի փաստաթուղթ հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ»,-ասաց նա: Դեռևս 1918 թվականի հոկտեմբերին Թուրքիայում Ներքին գործերի արխիվից փաստաթղթեր են հանվել և ոչնչացվել պետության կողմից:

Շատ փաստատթղեր չկան՝ կորած են, շատերն էլ ուղղակի ոչնչացվել են: Հայտնաբերվել են որոշ փաստաթղթեր, բայց դրանք «մանր գործերի մասին են խոսում»: Օրինակ՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ձերբակալվել է 63 անձ, որոնցից մի քանիսին մահապատժի են ենթարկել:

Ըստ բանախոսի' թուրքական իշխանությունը բազմիցս խեղաթյուրել է փաստերը և դրանք ներկայացրել ի շահ պետության: «Իշխանությունն էլ իր համար է ճշմարտություն ստեղծել»,- ասաց Աքչամը: Նրա խոսքով' Թուրքիան բազմիցս է կեղծել իր արխիվները, նենգափոխել փաստերը: Օրինակ' ապրիլի 24-ի հայ մտավորականության ձերբակալություններին վերաբերող փաստերն ամբողջությամբ փոփոխվել են: Հետաքրքիր փաստեր կան արևմտահայ գրող Դանիել Վարուժանի մահվան առնչությամբ: Հայտնի հայ մտավորական Արամ Անտոնյանին Վարուժանի հետ ձերբակալում են, նույն կառքի մեջ են լինում, ինքը փախչում է, իսկ Վարուժանին սպանում են: Բայց այժմ թուրքական արխիվներում ասվում է, թե Վարուժանը փախել է Ռուսաստան:

Իսկ, օրինակ, Գրիգոր Զոհրապը, որն այդ ժամանակ ազդեցիկ մարդ է եղել Պոլսում, ըստ թուրքական արխիվների' կաթվածից է մահացել: «Եթե, օրինակ, Զոհրապի կյանքի մասին ուսումնասիրություն ուզենաք գրել, գնաք արխիվ, ապա օրագրերը պետք է նայեք, թերթերը, թե ինչ են գրել, հետո կասեք, որ դրանք էլ չեն հերիքում, պիտի հուշագրերին նայեք, եւ որի՞ն պիտի հավատաք, ժխտողականությունը միյան ճշմարտությունը ժխտելը չէ, մեծ խնդիր է, թե պատմության մեջ որն է ճշմարտությունը, շատ կարևոր է, թե ճշմարտությունն ով է ասում եւ ինչի հիման վրա է ասում»: Այսինքն՝ հնարավոր չէ վավերագրական ինչ-որ նյութ գրել ՝ հենվելով միայն թուրքական արխիվների վրա, որովհետև փաստերն ամբողջությամբ աղավաղված են:

Պրոֆեսորի խոսքով' քաղաքական իշխանությունն իր ճշմարտությունն է ստեղծում, և ճշմարտությունը գտնելու համար մեծ գիտական պատերազմներ են պետք:

Թաներ Աքչամը ժամանակի ընթացքում շատ փաստաթղթեր և ապացույցներ է գտել, որոնք փաստում են հայերի ցեղասպանությունը: Ժամանակին թերթերում հայտարարություններ են հրապարակվել, ըստ որոնց՝ եթե թուրքերն իրենց տներում ապաստան տան հայերին, թաքցնեն նրանց, ապա կայրեն ոչ միայն նրանց տները, այլեւ կախաղան կբարձրացնեն օգնողներին հենց իրենց տան դիմաց:

Պատմաբանի խոսքով' դժվար է լեզու գտնել թուրքական իշխանության հետ, երբ ներկայացրել ես ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, նրանից բնօրինակ ուզել, իսկ եթե բնօրինակն է ներկայացրել, վերջիններս պնդել են, թե դրանք հայերի պատրաստած կեղծ թղթեր են:

Նա նաև ուսումնասիրել է Երուսաղեմի արխիվները, մասնավորապես' Գրիգոր Գերգերյանին պատկանող հարուստ արխիվը: Վերջինս ցեղասպանությունը վերապրածներից է, որին օգնել են փրկվել քուրդ Մուստաֆա փաշան, ով էլ Գերգերյանին ասել է Երուսաղեմի արխիվի մասին: Ահա այս ամենի շնորհիվ այժմ այդ արխիվներն Աքչամի նախաձեռնությամբ թուրքերեն և անգլերեն թվայնացվել են և դասակարգվել խմբերով: Այնտեղ շատ արժեքավոր փաստաթղթեր կան, օրինակ' մահապատժի վերաբերյալ փաստաթուղթ, որի վրա դրված է Թուրքիայի ներքին գործերի նախարարության կնիքը:
Ավարտելով դասախոսությունը' Աքչամը պատասխանեց նաեւ ուսանողների և լրագրողների հարցերին:


Ուսանողներից մեկի հարցին, թե հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ եթե հաղթի մեկ այլ քաղաքական ուժ, ոչ թե Էրդողանի ղեկավարած կուսակցությունը, հնարավո՞ր է, որ Թուրքիայի քաղաքականությունը փոխվի, Աքչամը պատասխանեց, թե ընտրություններով ոչ մի փոփոխություն չի լինելու. «Թուրքիայում ընդդիմադիրներն ավելի ազգայնական են: Եթե 2002-ին Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը որոշ չափով արևմտամետ քաղաքականություն էր վարում, ապա այժմյան ընդդիմադիր գործիչներն ավելի ժխտողական են»:

Աքչա,ի կարծիքով' այս ընտրություններում ևս Էրդողանը կհաղթի: Նա ենթադրում է, որ որևէ լուրջ փոփոխություն չի լինելու, քանի որ Թուրքիան կախված է նաև Ադրբեջանից, որն էլ իր կանոններն է թելադրում:

Աքչամը նշեց, որ 2016-ի հեղաշրջման փորձից ի վեր չի եղել Թուրքիայում: «Եվ նձ խորհուրդ են տալիս, որ չգնամ, քանի որ մտավորականներին շատ են ձերբակալում հիմա»,- ասաց նա:

Անդրադառնալով Հրանտ Դինքի սպանությանը' ասաց, որ նախ նախատեսված է եղել սպանել 3 հոգու' Դինքին, թուրք գրող Օրհան Փամուքին և իրեն: «Բայց մեզ հերթ չհասավ, երևի մենք այնքան էլ կարևոր չէինք (ժպտում է-հեղ.)»,- նշեց Աքչամը:

Հարց հնչեց, թե ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ընդունումն արդյոք որևէ բան կփոխի: Աքչամը պատասխանեց, որ դա այդքան էլ էական չէ, միակ կարևոր հանգամանքն այն է, որ դրանով ԱՄՆ-ում դատական գործեր կբացվեն Թուրքիայի դեմ և ԱՄՆ-ն կսկսի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Հանդիպման ավարտին պրոֆեսոր Աքչամն ասաց. «Հավատացեք ինձ, իմ արածը մեծ բան չէ: Ես ամաչում եմ իմ պետության փոխարեն: Ես ցավում եմ, որ դուք հիմա ինձ շնորհակալություն եք հայտնում միայն նրա համար, որ ես ճշմարտությունն եմ ասում»:

Այնուհետև ԵՊՀ արևելագտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը Աքչամին նվիրեց արցախյան գորգի փոքրիկ օրինակ:

Ելենա Սարգսյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter