Բաժիններ՝

Նազարբաևը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնում է Բելառուսի ներկայացուցչին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի կողմից Յուրի Խաչատուրովի նշանակմանը, իսկ ավելի ուշ հետկանչման գործընթացին՝ Նազարբաևը հիշեցրել է, որ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության՝ «Հայաստանին հաջորդում է Բելառուսը»:

«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներն ասացին, որ մեզ անհրաժեշտ է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից: Այս հարցը մենք կվճռենք դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Ղազախստանի նախագահը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին որոշում երկրի ղեկավարները կընդունեն Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին: Մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար:

Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Նրան «Մարտի 1-ի գործով» մեղադրանք առաջադրելուց հետո Հայաստանի Հանրապետությունը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ սկսելու Յուրի Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթաց։ Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 5 մլն դրամ գրավը: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի մայիսի 2-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս