ՄԱԿ-ում տասը տարի անց աշխատակիցների կեսը կանայք կլինեն
ՄԱԿ-ում ռազմավարություն են մշակել՝ տասը տարի անց հասնել այն բանին, որ կազմակերպության աշխատակիցների կեսը լինեն կանայք: Այս մասին գրում է ՄԱԿ-ի պաշտոնական էջը:
«Սա շատ կարևոր է, քանի որ մենք ՄԱԿ-ում նպատակ ենք դրել հասնել գենդերային հավասարության, սակայն դեռ մեզ չի հաջողվել: Դրա պատճառն այն է, որ իրականացվող միջացառումները չեն եղել համակարգային ու փոխկապակցված»,-ասել է ՄԱԿ-ի ղեկավարի ներքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Աննա Մարիա Մենենդեսը:
Նա նշել է, որ նոր մշակված ռազամավարության մեջ բոլոր այս հարցերը հաշվի են առնվել:
«Խոսքն ամենևին թվերի մասին չէ, չնայած դրանք էլ կարևոր են: Պետք է գրավել կանանց, ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք մնան: Դրա համար պեք է փոխել Կազմակերպության մշակույթը: Այս անգամ մենք հեռուն գնացող նպատակներ ենք դրել՝ 2021 թվականին կազմակերպության ղեկավարության կեսը կանայք պետք է լինեն, իսկ 2028 թվականին՝ աշխատակիցների կեսը»,-ասել է նա, ընդգծելով, որ գենդերային հավասարության անհրաժեշտության մասին բարձրաձայնող միջազգային կառույցն ինքն առաջին հերթին պետք է օրինակ լինի: