1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող գործիչները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման իրենց տեսլականը

ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող 
գործիչները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման իրենց տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը վստահ են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը երկրի կարևոր առաջնահերթություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ նշեցին ընտրապայքարում ներգրավված ուժերի ցուցակները գլխավորող քաղաքական գործիչները՝ ներկայացնելով ղարաբաղյան խնդրի կարգավորման իրենց տեսլականը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ պետք է շարունակել զինված ուժերի արդիականացումը: «Մենք պետք է շարունակենք շատ մեծ շեշտ դնել զինված ուժերի արդիականացման վրա: Մենք մշակել և թողել ենք 7-ամյա զարգացման ծրագիր, որն ըստ ամիսների նկարագրում է անելիքները: Հուսով եմ, որ այժմ այդ անելիքներն ի կատար են ածվում»,- նշեց Վիգեն Սարգսյանը: Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ մեծ սխալ է եղել: «Ունենք խնդիր մեր դաշնակիցների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու և գործընկերներին բացատրելու, թե որտեղ են այն կարմիր գծերը, որոնք չենք կարող անցնել»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայաստանի Հանրապետությունը երկար ժամանակ կեղծ նվաճումներով են տարել: Նվաստացուցիչ երևույթ է, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հովանու ներքո կառույցի երկրները Հայաստանի կառավարության լռության պայմաններում զինում են Ադրբեջանին: Մենք չենք պատրաստվում լուռ և հնազանդ դիտորդի կարգավիճակով տեսնել, թե ինչպես են ոմանք աշխատում մեր պետական և ազգային շահերի դեմ»: Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցային կողմ և առանց Արցախի Հանրապետության լիարժեք ներգրավվածության հնարավոր չէ խոսել հարցի կարգավորման  որևէ լուծման մասին: «Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է՝ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը»,- հայտարարեց նա:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը համոզմունք հայտնեց, որ պետք է հստակեցնել, թե ինչ է Արցախը մեզ համար՝ հայկական երկրորդ պետություն, թե Հայաստանի անբաժանելի մաս: «Առանց այս հարցը հասկանալու, խնդրի կարգավորմանը չենք կարող մոտենալ: Վստահ եմ, որ ինքնորոշվելուց և սուվերեն որոշում կայացնելուց հետո միջազգային հանրությունը կհարգի այդ որոշումը»,- ասաց ՔՈ ներկայացուցիչը:

ՀՅԴ առաջին համարը՝ Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ իր քաղաքական ուժի համար Լեռնային Ղարաբաղի հարցը ազգային գերխնդիր է: «Սա մեր լինելիության խնդիրն է, սրբության սրբոց: Մենք խնդրի կարգավորումը պատկերացնում ենք այնպես, ինչպես պատկերացնում է Արցախի ժողովուրդը»,- ասաց նա՝ ներկայացնելով սահմանադրության համապատասխան հոդվածը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության համար շատ կարևոր է հզոր տնտեսություն ունենալը: «Թույլ բանակ ու տնտեսություն ունեցող Հայաստանը չի կարող ունենալ խնդրի հայանպաստ լուծում: Պետք է ամեն ինչ անենք, որ 18-19 տարեկան մեր զինվորները դուրս բերվեն առաջնագծից: Պետք է առաջնագիծն այնպես հսկվի, որ մարդկային ուժը շատ հեռու լինի թշնամու նշանառուներից, ամեն ինչ անենք, որ պրոֆեսիոնալ գումարտակներով համալրենք մեր բանակի սահմանային ուղղությունները»,- ասաց նա:

Բանակը պրոֆեսիոնալ զինծառայողներով համալրելու անհրաժեշտության մասին խոսեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Պետք է զարգացնենք ռազմաարդյունաբերությունը: 18 տարեկան երիտասարդները չպետք է կանգնեն սահմանին, պետք է լինեն պայմանագրային, փորձառու ծառայողներ: Պետք է տնտեսությունը զարգացնենք, հզոր ու ուժեղ պետություն ունենանք, որ կարողանանք կարգավորել մեր խնդիրները»:  

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համարը՝ Լուսինե Հարոյանը, կարևորեց սահմանային գծին նորագույն տեխնիկայի տեղադրումը: «Դա նվազագույնի կարող է հասցնել զոհերի թիվը: Բացի այդ, պետք է հզորացնենք Արցախը, վերաբնակեցնենք այն»,- ասաց Հարոյանը:

«Քրիստոնեա - ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համարը՝ Լևոն Շիրինյանը, անհրաժեշտ համարեց ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացը շարունակելու հետ միասին փոխել ձևաչափը: «Մենք մեր մտածողության մեջ փոփոխության կոնսերվատիզմ ունենք: Նոր մոտեցումներ, առաջարկներ շատ քիչ են լինում»,- ասաց նա՝ նշելով, թե Արցախի հարցը պետք է տեղափոխել 1960 թվականի դեկտեմբերի 24-ի գաղութացված ժողովուրդներին ու պետություններին անկախություն տալու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ որոշմանը:

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն արցախյան խնդրի կարգավորման հարցում իր վստահությունը հայտնեց գործող իշխանություններին: «Այստեղ նոր հեծանիվ հորինելու հնարավորությունները շատ քիչ են, ես վստահում եմ այսօրվա գործող իշխանությանը, այն կարծիքին եմ, որ այս իշխանությունը բանակցային գործընթացը կտանի ճիշտ և ուղիղ»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

«Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր  Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ  ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծել հայ ժողովուրդը հավաքական հանրաքվեի միջոցով: Նրա գնահատմամբ՝ այլ մեխանիզմներ գոյություն չունեն: «Մենք հանդես ենք գալիս մեր զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման ու զարգացման, բանակցային գործընթացում ԼՂ ակտիվ ներգրավվածության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պաշտպանելու օգտին»,- ասաց Բաղդասարյանը՝ կարևորելով նաև հայ-ռուսական հարաբերությունների հետևողականորեն զարգացումը:

Իսկ «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ խնդիրը պետք է լուծել միայն Արցախը Հայաստանի մեջ որպես մարզ ներառելու միջոցով: «Չկա Արցախի ժողովուրդ, կա հայ ազգ, մեկ միասնական ազգ»,- հայտարարեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]