Մանուէլ Պետրոսյանը Հայաստանի առաջնության հաջողությունը կապում է լավ նախապատրաստվելու հետ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի առաջնության նորընծա չեմպիոն Մանուէլ Պետրոսյանը հաջողությունը երկրի ներքին առաջնությունում կապում է լավ նախապատրաստական փուլի հետ:
«Նախավերջին պարտիայում սայթաքեցի և միայն վերջին տուրում հաղթելուց հետո վերջնականապես ապահովագրեցի չեմպիոնությունը: Մրցաշարից առաջ Լևոն Արոնյանի հետ Ծաղկաձորում հավաքների էի մասնակցում: Կարծում եմ դա շատ մեծ օգուտ տվեց, քանի որ մարզավիճակ հավաքեցի մրցաշարից առաջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի չեմպիոնը:
Պետրոսյանը շեշտեց, որ սովորության համաձայն միշտ հատուկ նախապատրաստվում է յուրաքանչյուր պարտիայի: Անդրադառնալով ամռանը կայանալիք շախմատային Օլիմպիադային Հայաստանի չեմպիոնն առանձնացրեց, որ դեռևս վաղ է այդ մասին խոսել, սակայն ինքն ամեն ինչ անելու է հնարավորինս լավ պատրաստվելու համար:
«Առաջնությունում առաջին հաղթանակից հետո կարծես սկսեցի որսալ հաղթական պահերն ու ամեն ինչ ստացվեց: Իսկ վերջին պարտիաները հեշտ չստացվեցին»,-ասաց Պետրոսյանը:
Հայաստանի շախմատի առաջնությունում Մանուէլ Պետրոսյանը 11 հնարավորից հավաքելով 8 միավոր, իր կարիերայում առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն և դարձավ հավաքականի անդամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում