Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփ․ Իրանը կրակի հետ է խաղում


«Իրանը կրակի հետ է խաղում», - երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` մեկնաբանելով Թեհրանից ստացվող տեղեկությունները, որոնց համաձայն իսլամական հանրապետությունը հատել է 2015-ին կնքված միջուկային համաձայնագրով սահմանված ուրանի հարստացման վերին շեմը:

«Ես Իրանի համար նախատեսված որևէ ուղերձ չունեմ: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ են անում: Նրանք գիտեն, որ կրակի հետ են խաղում», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Հարստացված ուրանի պաշարների կտրուկ ավելացման մասին նախօրեին հայտարարեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Իրանական դիվանագիտության ղեկավարի խոսքով, Թեհրանին հաջողվել է հատել 2015 թվականին միջազգային առաջատար դերակատարների հետ կնքված միջուկային համաձայնագրով սահմանված վերին շեմը: Ըստ պայմանագրի, Իրանի տարածքում գտնվող հարստացված ուրանի ծավալները չպետք է գերազանցեին 300 կիլոգրամը: Թեհրանում սակայն այդքանով սահմանափակվել չեն պատրաստվում` ավելացնելով ոչ միայն հարստացված ուրանի քանակը, այլև դրա որակական հատկանիշները, ինչն իր հերթին միջուկային վառելիքը ավելի պիտանի կդարձնի ռազմական նպատակներով օգտագործման համար:

«Մեր հաջորդ քայլը լինելու է ուրանի հարստացումը ավելի քան 3,67 տոկոսով», - հայտարարել է Զարիֆը:

Եթե Իրանը կյանքի կոչի այս սպառնալիքը, ապա դա 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի դրույթների ուղղակի խախտում կլինի: Այդ փաստաթղթով Իրանը պարտավորվել էր 15 տարի չզբաղվել ուրանի՝ 3,67 տոկոսից ավելի հարստացմամբ:

Ւրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի խոսքով սակայն, Թեհրանի վերջին գործողությունները Վաշինգտոնի կողմից սաստկացող ճնշումների տրամաբանական հետևանքն են․ - «Պարոն Թրամփը պետք է հասկանա, որ երբ քաղաքակիրթ ազգի նկատմամբ զորբային հարիր բառապաշար ես օգտագործում, այդ ժողովուրդը ավելի միասնական է դառնում: Եթե Թրամփն այդքանը հասկանար, Միացյալ Նահանգներին կհաջողվեր Մերձավոր Արևելքում բազմաթիվ խնդիրներից խուսափել: Բայց իրականում ես կասկածում եմ [որ դա նրանց կհաջողվի], քանի որ այլ քաղաքակրթությունները հասկանալու համար հարկավոր է խելամտության և բանականության որոշակի մակարդակ ունենալ»:

Արդեն իսկ ակնհայտ է, որ Թեհրանի վերջին գործողությունները միջազգային հանրության շրջանում մեծ ոգևորություն չեն առաջացրել: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել Իրանի իշխանություններին զերծ մնալ միակողմանի գործողություններից․ - «ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը քաջատեղյակ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է և հատած լինել հարստացված ուրանի պաշարներին վերաբերող վերին շեմը, որ սահմանվել էր միջուկային համաձայնագրով: Գլխավոր քարտուղարին այդ տեղեկությունները մտահոգում են: Եթե դրանք հաստատվեն, ապա Թեհրանի այդ քայլերը ոչ միայն չեն նպաստի միջուկային համաձայնագրի փրկությանն ուղղված Իրանի ջանքերին, այլև թույլ չեն տա Իրանի ժողովրդի համար տնտեսական առավելություններ ապահովել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG