Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հարսանիք լեռներում» ռազմագործողությունն անխուսափելի էր

«Հարսանիք լեռներում» ռազմագործողությունն անխուսափելի էր

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացված Խոջալուի հաջող ռազմագործողությունից հետո հակառակորդը Շուշիում ավելի էր ակտիվացել, եւ Ստեփանակերտն ու շրջակա հայկական մյուս բնակավայրերը շարունակ հրետակոծության տակ էին պահվում։ Քաղաքը ավերվում էր, ու խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն օրեցոր աճում էր։ Չնայած խուճապ չկար, սակայն լարվածության ուժգնացման պատճառով ցանկացած պահի իրադրությունը կարող էր անկառավարելի դառնալ։ Պահանջվում էր անհապաղ վերացնել Շուշիի կրակակետերը, ինչը հնարավորություն կտար խուսափելու հետագա ավերածություններից եւ զոհերից, ու ամենակարեւորը՝ բերդաքաղաքն ազատագրելու թշնամուց ու Լաչինի միջանցքով ճանապարհ բացելու դեպի Հայաստան, Արցախը դուրս բերելու երկարամյա դաժան շրջափակումից»,–ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար Շուշիի ռազմագործողությունը համարելով անխուսափելի, մայիսի սկզբին այն կազմակերպելու անհրաժեշտությունն այսպես է կարեւորում գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)։

Նա խոստովանում է, որ ռազմագործողության ձեռնարկումը դյուրին չի եղել. «Երեւանում եւ Ստեփանակերտում շատ լավ հասկանում էին, որ հայկական ուժերն ակնհայտորեն բավարար չեն այն իրագործելու համար»։ Կոմանդոսը շեշտում է եւս մի կարեւոր հանգամանք։ Մարտական տեխնիկայի, հրետանու եւ ռազմամթերքի քանակով հայկական կողմն անհամեմատ զիջում էր հակառակորդին։ «Այն ժամանակ ադրբեջանցիներն ունեին 4 «Տ-72» տանկ, 9 ՀՄՄ, 12 միավոր այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 2 միավոր «ԲՄ»-21 («գրադ») համակարգ, մի քանի հրետանային կայանք եւ երկու տասնյակից ավելի ականանետ։ Մինչդեռ այդ ամենի դեմ մենք դուրս էինք բերել ընդամենը 2 «Տ-72» տանկ, 8 ՀՄՄ, 6 հրետանային կայանք եւ 9 ականանետ»,–ասում է Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ հավելելով, թե չնայած իրեն լրացուցիչ տեխնիկա էին խոստացել, բայց հապաղելն այլեւս անհնար էր…

Անդրադառնալով հսկայական ռազմական նշանակություն ունեցող իրադարձության որոշ մանրամասների, գեներալը պատմում է, որ Շուշիի վրա գրոհը ձեռնարկվել է չորս ուղղությունով, որին մասնակցում էր շուրջ 3 հազար մարտիկ։ «Համաձայն ծրագրի, Քյոսալարի ուղղությամբ հարված է հասցվում, եւ հաջողության հասնելու դեպքում՝ գրավվում են Քյոսալար եւ Կարագյավ կետերը։ Միաժամանակ վերահսկողության տակ են առնվում Շուշիի մերձակա բարձունքները՝ նպատակ դնելով գրավել քաղաքի հյուսիսային թեւը։ Ապա գրավվում է բերդաքաղաքի արեւելյան արվարձանը, եւ մեր ուժերն ամրանում են բանտ-հիվանդանոց բնագծում։ Նախատեսվում էր Լաչինի ուղղությամբ հարձակում իրականացնել Զառուսլու եւ Լիսագոր կրակակետերի վրա եւ տիրել գերիշխող բարձունքները, որպեսզի հետագայում հնարավոր լինի սպառնալիք ստեղծել Շուշի—Լաչին ճանապարհի համար եւ բացառել հակառակորդի կողմից նոր ուժերի կուտակումը»,–«Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը գաղտնազերծում է Կոմանդոսը՝ չմոռանալով ընդգծել, որ բերդաքաղաքն անմիջականորեն գրոհել են «26–րդ»-ի եւ Շուշիի ուղղությունների մարտիկները։ «Մայիսի 9-ի առավոտյան, ժամը 4–ի մոտերքը Շուշին արդեն լիովին ազատագրված էր»,– ասում է գեներալը։

Ըստ Կոմանդոսի, Շուշիի ռազմագործողությունը տեւել է շուրջ 26 ժամ։ Եվ հակառակորդը պարտությունից կատաղած՝ որոշել է «համարժեք քայլեր» ձեռնարկել։ «Շուշիի կայազորին օգնելու նպատակով Ադրբեջանի պաշտպանության բանակի հրամանատարությունը, փորձելով հայկական ուժերի ուղղությունը շեղել Շուշի-Լաչին միջանցքով ընթացող մարտական գործողություններից, մայիսի 8-ին սկսեց հրակոծության ենթարկել Մարտունու շրջանի Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն, Ասկերանի շրջանի Շոշ եւ Քռասնի գյուղերը։ Ադրբեջանական «Սու-25» գրոհային ինքնաթիռներն ու «ՄԻ-24» մարտական ուղղաթիռները միաժամանակ ռմբահարման ենթարկեցին մեր դիրքերը Շուշիում։ Սակայն թշնամին մեծ դիմադրության ենթարկվելով մեր զինվորների կողմից՝ ստիպված էր հետ քաշվել Զառուսլուի ուղղությամբ։ Բնականաբար, մեր նոր ձեւավորվող բանակի հաղթարշավը ձգվեց դեպի Լաչին՝ ընդհուպ հասնելով Գորիսի շրջանի մատույցներ։ Լաչինի միջանցքի ազատագրմամբ, փաստորեն, բացվեցին գոցված դռները դեպի Հայաստան, ինչն օդ ու ջրի պես այնքան անհրաժեշտ էր շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին»,–իր համոզմունքն է հայտնում Արկադի Տեր-Թադեւոսյանը։

Ի՞նչ են մեզ հուշում Շուշիի դասերը։ Հանդիպման ժամանակ իմ զրուցակիցներն անկեղծ էին եւ փորձում էին իրենց խորհրդածությունները կիսել՝ հետադարձ հայացք ձգելով անցած օրերին եւ արժեւորելով «Հարսանիք լեռներում» ռազմագործողության պատմական նշանակությունը։

 

Արկադի Կարապետյան, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի եւ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ, Շուշիի ազատագրման ռազմագործողության Շոշի ուղղության հրամանատար.

–Շուշիի ազատագրման օպերացիան պահանջում էր պլանի ավելի գրագետ, ավելի մանրազնին մշակում։ Ռազմագործողությունը պետք է կազմակերպվեր ավելի վաղ, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ եւ այլն) այն հետաձգվել էր, եւ վերջնականապես մայիսի 4-ին ստորագրվել է Շուշիի ազատագրման մարտական հրամանը։

Ռազմական գործողությունը ղեկավարել է ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈՒ) հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը։ ԻՊՈՒ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական եւ 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը պետք է միաժամանակ անցնեին հարձակման. 26-ի դիրքի (հյուսիսային) ուղղության հրամանատարն էր Վալերի Չիթչյանը, Լաչինի (հարավային) ուղղությանը՝ Սամվել Բաբայանը, Քյոսալարի (հյուսիս-արեւմտյան) ուղղությանը՝ Սեյրան Օհանյանը, պահեստազորի հրամանատարն էլ Յուրի Հովհաննիսյանն էր։ Բոլոր հարցերը լուծված էին։ Այդ թվում՝ նաեւ սահմանների պաշտպանության խնդիրը, որը կարեւոր հարցերից էր։ Պետք է ասեմ, որ բոլոր այդ ուղղություններն ունեին դժվար լուծելի խնդիրներ, որոնք հմուտ ղեկավարությամբ կազմակերպվեցին լավագույն տարբերակով։ Ցավոք, ունեցանք զգալի քանակությամբ զոհեր՝ Քյոսալարի, Ջանհասանի ուղղությամբ։ Իմ ուղղությունով, երեւի, բոլորին է հայտնի, աչքի է ընկել 1-ին վաշտի հրամանատար Աշոտ Ղուլյանը, ով անձնական օրինակով քաջալերել է զինակիցներին, որոնց էլ հաջողվել է ազատագրել բանտի տարածքը։ Պետք է նշեմ շոշեցիների օգնության մասին, որոնք մասնակցել են գրոհին՝ պատրաստ անմիջապես փոխարինելու զոհված կամ վիրավորված մարտիկներին։ Ընդհանրապես՝ բոլորի ուղեղներում, թե՛ բնակչության, թե՛ մարտիկների, մեխված էր Շուշիի ազատագրման միտքը, ինչն, իմ կարծիքով, կարեւոր շարժառիթ էր հաջողության հասնելու համար։

 

 

Կարմեն Ավետիսյան, վաշտի հրամանատար, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ.

–Անչափ մեծ է Շուշիի ազատագրման ռազմական նշանակությունը, որը հետագա հաղթանակների համար հուսալի նախապայման էր, հաջողությունների երաշխիք։ Հայը վերջնականապես հավատաց իր ուժերին, իսկ աշխարհը համոզվեց, որ հայ զինվորի ոգու առջեւ անզոր են անգամ բարձրաբերձ լեռներն ու ժայռերը։ Ուզում եմ երախտագիտությամբ հիշել այն մարդկանց, այն զորավարներին ու մարտիկներին, ովքեր արժանի ներդրում ունեցան փառավոր հաղթանակի ապահովման գործում. Արկադի Տեր-Թադեւոսյան, Աշոտ Ղուլյան, Գուրգեն Դալիբալթայան, Ֆելիքս Գզողյան, Վալերի Չիթչյան եւ շատ ու շատ անուններ։ Ռազմավարական տեսակետից դժվարամատչելի դիրքն ու մարտական գործողությունների հետ կապված մյուս հանգամանքները Շուշիի բարձունքի նվաճումը քիչ հավանական էին դարձնում։ Էլ չենք խոսում այն մասին, որ հակառակորդը մեծաքանակ զենք ու զինամթերքով, կենդանի ուժով մի քանի անգամ գերազանցում էր մեր ինքնապաշտպանական ուժերին։ Սակայն հայ զինվորի հաղթական ոգին անչափ բարձր էր, եւ նա գիտեր, թե ինչի համար էր պայքարում։ Ու պատահական չէ, որ նա արժանապատիվ հաղթանակ տարավ թշնամու նկատմամբ՝ ապացուցելով այն ճշմարտությունը, որ ինքն է բերդաքաղաքի օրինավոր տերն ու տիրակալը։

 

Արամ Մայիլյան, ռազմագործողության մասնակից.

–Մենք ականատեսն ենք այն իրողության, որ Շուշին վեր է հառնել մոխիրներից ու դարձյալ մեզ է ներկայանում որպես մշակութային կենտրոն՝ իր կրթօջախներով, պետական թատրոնով, թանգարաններով, երաժշտական դպրոցով։ Ասել է թե՝ վերստին հայկական ոգին է թեւածում բերդաքաղաքում, եւ մնայուն արժեքներ են ստեղծվում։ Ու չես կարող ժխտել, որ այս ամենը յուրահատուկ հաղթանակներ են մեզ համար՝ ամրագրված մեր նորօրյա պատմության մեջ։

 

Գառնիկ Ավանեսյան, պահեստազորի փոխգնդապետ, արցախյան պատերազմի վետերան.

–Մեր ժողովուրդը բոլոր հիմքերն ունի հպարտանալու իր զորությամբ եւ ուժով, անկոտրում կամքով, պաշտպանության բանակի անվրեպ ու խիզախ զինվորներով, ովքեր արժանի հակահարված հասցրին մեր դեմ ելած սանձարձակ հակառակորդին՝ ստիպելով իր իսկ պարտադրած պատերազմում հրադադար խնդրել։ Ապրիլյան մղձավանջային օրերին մեր ժողովուրդն ազգային բոլոր երակներով բռունցքվեց՝ հակառակորդի հանցավոր բոլոր մտադրությունները խափանելու, իր անկախությունն ու ազատությունը պահպանելու համար։ Այդ ամենը հնարավոր եղավ մեր զինվորների ու նրանց հրամանատարների բացառիկ խիզախության եւ անձնազոհության շնորհիվ։ Եռատոնը Արցախի մի քանի սերունդների՝ հայրենիքը արժանապատվորեն պաշտպանելու տոնն է, որի պսակն այսօրվա հայ զինվորն է, մեր պարծանքն ու հպարտությունը։

 

Գեղամ Ստեփանյան, ԱՀ խորհրդարանի պատգամավոր.

–Այսօր մենք նշում ենք մեր ժողովրդի համար շատ թանկ ու հարազատ տոներից մեկը։ Պատմության ընթացքում մենք մարտերում միշտ հաղթել ենք, դիվանագիտության մեջ՝ երբեմն բացթողումներ ունեցել, որոնք մեր ժողովրդի համար հետագայում բախտորոշ նշանակություն են ունեցել։ Այսօր, այդ առումով (խոսքն արցախյան հիմնախնդրին է վերաբերում), անչափ սթափ եւ զգուշավոր պիտի լինենք վճիռներ կայացնելիս։ Ասել է թե՝ խոսքը հիմա դիվանագետներինն է։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կարծես թե հայտնվել ենք մի նոր իրականության մեջ, ու ենթադրվում է, որ երկրում պիտի փոփոխվեն քաղաքական, սոցիալ-տնտեսական ու բարոյակրթական հայեցակարգերը, եւ ունենանք միասնականության թարմացված համակարգ։ Համախմբվածությունն ազգի անպարտելիության գրավականն է, այն այլընտրանք չունի։ Դա ապացուցվեց նաեւ թշնամու 2016-ի ապրիլի 2-5-ը սանձազերծած պատերազմի ժամանակ։ Մենք համոզվեցինք, որ ինչպես արցախյան գոյամարտում, այնպես էլ՝ քառօրյա պատերազմում հայ զինվորից բացի ուրիշ ոչ ոք չի կարող հուսալիորեն պաշտպանել երկիրը։ Անցած տարիներին, մարտական գործողությունների ընթացքում ծնվեցին նոր Բաղրամյաններ, Բաբաջանյաններ, Նելսոն Ստեփանյաններ, Հունան Ավետիսյաններ, Թեմիկ Ավթանդիլյաններ… Պիտի պաշտենք ու աջակցենք հայ զորականին, ավելի կարեւորենք նրա դերը մեր ժողովրդի կյանքում։ Այսօր մենք՝ բոլորս, հայոց բանակի զինվոր ենք ու հենց դրանով ենք անպարտելի։ Սա նաեւ ճակատագիր է, ու պիտի տեր կանգնենք մեր պայքարին, այն հասցնենք իր վերջնական հանգրվանին։

 

Սամվել Հարությունյան, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, պահեստազորի գնդապետ.

–Արցախյան պատերազմի տարիներին համայն հայությունը ոտքի ելավ պաշտպանելու հայրենի հողը, մեր լեզուն, հավատքն ու մշակույթը, կերտելու մեր ճակատագիրը։ Այս գիտակցությամբ ու համոզմունքով մենք դիմակայեցինք թշնամուն, հաղթահարեցինք բոլոր դժվարություններն ու փորձությունները՝ կառուցելով եւ զորացնելով Հայաստանն ու Արցախը։ Այսօր՝ կապված ապրիլյան քառօրյա պատերազմի հետ, մեր միասնությունն ու համախմբվածությունն ավելի են ամրապնդվել, վերարժեւորվել։ Իսկ ամենեւին էլ գաղտնիք չէ, որ համազգային միասնությունը մշտապես եղել է մեր հաղթանակների խորհրդանիշը։ Երբ հակառակորդն ապրիլի 2-ին ագրեսիա ձեռնարկեց Արցախի սահմանների ուղղությամբ, Հայաստանում եւ սփյուռքում ապրող մեր երեկվա ազատամարտիկները եկան ու համախմբվեցին մեկ դրոշի ներքո։ Նրանք իրենց փորձով, խոսքով, հորդորներով նաեւ քաջալերեցին դիրքապահ հայ զինվորին ու հոր պես կանգնեցին նրա թիկունքին։ Մեր 18-20 տարեկան տղաները սահմաններում բազում հերոսություններ գործեցին։ Ապրիլյան քառօրյա պատերազմն ապացուցեց, որ հայ զինվորը մեկ որակում ունի՝ ՀԵՐՈՍ։ Թող Արցախ աշխարհում թեւածի խաղաղությունը, եւ իրականություն դառնան բոլորիս նվիրական երազանքները։ Առիթից օգտվելով՝ բոլոր զինծառայողներին, դիրքերում գտնվող կամավորականներին, ողջ հայ ժողովրդին շնորհավորում եմ մայիսյան եռատոնի՝ Շուշիի ազատագրման, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում անամպ երկինք, խաղաղություն։

 

Գենադի Բաղդասարյան, ԱՀ պաշտպանության բանակի գնդապետ, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ.

–Մենք հաղթեցինք Շուշիի ռազմագործողության ժամանակ, որովհետեւ մեր զինվորները (կամավորականները) լիարժեք կատարեցին իրենց պարտականությունները եւ միասնական էին։ Ավագ սերնդի (վետերանների) սխրանքը շարունակեցին եւ թշնամուն արժանի հակահարված հասցրին նաեւ ՊԲ այսօրվա դիրքապահները, բոլոր ստորաբաժանումների զինծառայողները, այդ թվում՝ անվրեպ գործեցին հրետանային զորամասերն ու դիվիզիաները, հակահրետանային մարտկոցները։ Եվ հակառակորդը ծանր կորուստներ կրելով՝ շտապեց Մոսկվայի միջնորդությամբ գնալ հրադադարի։ Տապալվեցին թշնամու լավ նախապատրաստած եւ ծրագրած հարձակողական գործողությունները՝ բոլոր ուղղություններում, ու ադրբեջանական բանակին չհաջողվեց կատարել իր առջեւ դրված խնդիրը։ Նա շարունակ զինվելով, այդպես էլ ոչ մի արդյունքի չհասավ՝ օգտագործելով ռազմական ողջ ներուժը, այդ թվում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու զորամասերը, Թուրքիայից «գործուղված» ծայրահեղ իսլամիստներին։ Պաշտպանության բանակը տեղյակ է թշնամու նկրտումներին եւ այսօր ավելի աչալուրջ է, զգոն, միշտ պատրաստ՝ արժանի հակահարված հասցնելու։ Ու եթե հակառակորդը փորձի կրկին «կայծակնային արագությամբ» պատերազմ սանձազերծել Արցախի դեմ, մենք նրան առավել կորուստներ կպատճառենք, մի լավ դաս կտանք, եւ նա խուճապահար կլքի դիրքերը, ինչպես Շուշիի ռազմագործողության ժամանակ էր փորձում լեղապատառ մի կերպ կաշին փրկել։ Մենք դատապարտված ենք... ապրելու եւ արարելու մեր նախնիների երկրում, ու վստահ եմ, որ ապրելու ենք խաղաղության մեջ։

 

Դավիթ Միքայելյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]